Կոշիկ արտադրող 10 տնտեսավարող մասնակցում է MosShoes-2017»-ին

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկի եւ կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող հայկական 10 տնտեսավարող մարտի 14—17—ը մեկ միասնական տաղավարով Մոսկվայում մասնակցում է «MosShoes—2017» միջազգային ցուցահանդեսին, հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից։ Մասնակցության հիմնական նպատակն արտահանման խթանումն է, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաեւ միջազգային շուկա մուտք գործելն ու նոր գնորդներ ձեռք բերելը։
Նախորդ տարի հայկական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են «MosShoes» 3 ցուցահանդեսի, որի արդյունքում, ընդհանուր առմամբ, հանդիպումներ են կայացել շուրջ 600 պոտենցիալ գնորդների հետ, արդեն իսկ արտահանման շուրջ 300 միլիոն դրամի պայմանագրեր են կնքվել։ «Հայկական կոշիկը պահանջված է ռուսական շուկայում՝ որակ—գին օպտիմալ համադրության եւ գեղեցիկ ու հարմարավետ լուծումների շնորհիվ։ Դեռեւս խորհրդային շրջանում հայկական կոշիկի հանդեպ ձեւավորված դրական կարծիքը դիզայներական նոր լուծումների շնորհիվ ավելի է ամրապնդվում։ Դրա վկայությունը ցուցահանդեսների օրերին հայկական տաղավարի շուրջ տիրող ակտիվությունն է։ Բացի այդ, հետզհետե նկատում ենք, որ ցուցահանդեսին մասնակցել ցանկացող հայ արտադրողների հետաքրքրությունը նույնպես մեծանում է»,–նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչյանը։
«MosShoes»—ը կոշիկի եւ կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է, որին տարեկան այցելում են 10—12 հազար մասնագետներ, ոլորտի մեծածախ գնորդներ։ Ավանդաբար ցուցահանդեսին մասնակցում են 500 առաջատար կազմակերպություն ավելի քան 30 երկրից, այդ թվում՝ եվրոպական երկրներից՝ ներկայացնելով համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի արտադրանքը։ Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է արդեն 4—րդ անգամ։ Մասնակիցների թվում են «Զեննի», «Մաքսոլ», «Ավա Շուզ», «Վարդան եւ Գեւորգ Պետրոսյան», «Սիմար», «Երամար», «Արմա Լեդեր» ընկերությունները, «Արսեն Բադիկյան», «Կարեն Թարվերդյան», «Տիգրան Սիմոնյան» անհատ ձեռնարկատերերը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *