1 (1)

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ. 5-6 տարիների ընթացքում մեր համալսարանը մեծ առաջընթաց է ապրել գործունեության բոլոր ուղղություններով

Մեր զրուցակիցն է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ով ունի համալսարանի զարգացման հստակ տեսլական և նպատակադրված է հաստատությունը դարձնել այն կրթօջախը, ուր պիտի գան միայն որակյալ կրթություն ստանալու նպատակով:

-Պարոն Աթոյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայաստանյան բուհերի շարքում մշտապես եղել է լավագույններից մեկը, որը պատրաստել է բարձրորակ տնտեսագետներ, որոնք տարիներ ի վեր, ու նաև այսօր, մեծ հեղինակություն են վայելում: Ձեր ղեկավարման 5-6 տարիների ընթացքում հատկապես ո՞ր քայլերի շնորհիվ եք կարողացել ոչ միայն պահպանել համալսարանի դիմագիծը, այլև ներդնել զարգացման ծրագրեր` մեծացնելով դիմորդների պահանջարկը: 

-Այո, հայաստանյան բուհերի շարքում միշտ առանձնահատուկ տեղ է ունեցել Տնտեսագիտական համալսարանը, որը տարիներ ի վեր պատրաստել է բարձրորակ տնտեսագիտներ: Բուհի ղեկավարումը ստանձնելուց հետո որոշեցի շարունակել համալսարանի ավանդույթները՝ միաժամանակ ներդնելով զարգացման նոր եւ համալիր ծրագիր: Մեր հիմնական առաքելությունը բարձրագույն որակյալ կրթության ապահովումն է, ինչը ենթադրում է բուհի զարգացում բոլոր ուղղություններով՝ թե՛ կրթական ե՛ւ հետազոտական, թե՛ միջազգային կապերի ու տեխնիկական հագեցվածության, ե՛ւ թե՛ ներքին միջավայրի արդիականացման: Ի սկզբանե փորձել ենք աշխատել կրթական ծրագրերի, ուսումնական պլանների բարեփոխման եւ դասախոսական կազմի կատարելագործման ողղությամբ, ինչի համար նախադրյալներ ենք ստեղծել:

Շեշտադրել ենք գիտահետազոտական բաղադրիչի զարգացումը, որը հնարավորություն կստեղծեր համալսարանի դասախոսներին և ուսանողներին աշխուժացնել իրենց գործունեությունը գիտության ոլորտում, ինչը անխոս կբարձրացներ նրանց մասնագիտական որակավորումը: Այսօր համաշխարհային լավագույն համալսարանների հետ հաղորդակցվելը, միջազգային կրթական միջավայրին ինտեգրվելը հնարավորութուն է տալիս ձեռք բերել նոր փորձ ու գիտելիքներ: Այս առումով ծանրակշիռ ձեռքբերում ենք համարում «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի ստեղծումը, որտեղ ընթանում են գիտական հետազոտություններ բազմաթիվ ուղղություններով:

1-2 տարվա աշխատանքի արդյունքում կենտրոնը առաջընթաց արձանագրեց և ստացավ առաջին լուրջ արձագանքը: Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտը, որը խոշոր գիտահետազոտական և վերլուծական կենտրոն է, իր տարեկան զեկույցում հայաստանյան «ուղեղային կենտրոնների» շարքում անդրադարձավ «Ամբերդին», ինչը մեծ պատիվ է նորաստեղծ կենտրոնի համար և խոսուն փաստ: Վստահ եմ, մի քանի տարի հետո կենտրոնի հաջողություններն արդեն ակնառու կլինեն: Նաև ընդլայնել են համագործակցությունը եվրոպական լավագույն համալսարանների հետ, ընդգրկվել տարբեր ծրագրերում: Այսօր մեզ մոտ իրականացվում են ուսանողների և աշխատակիցների փոխանակման և վերապաստրաստման բազմաթիվ ծրագրեր, և, կարծում եմ, սա լավ հնարավորություն է արտերկրի փորձն ու գիտելիքը մեր կրթական միջավայրում ներդնելու համար՝ այդպիսով ևս մեկ քայլով բարձրացնելով կրթության որակը, որը մեր գործունեության գերակա նպատակն է: Աշխատակիցների եւ ուսանողների սոցիալական խնդիրը եւս արդիական է, ինչի համար ներդրել ենք սոցիալական տարբեր ծրագրեր՝ ուղղված ինչպես ուսանողներին, այնպես էլ աշխատակիցներին:

Գործում են զեղչերի, ուսանողական նպաստների, կրթաթոշակների տարբեր կարգեր, ստեղծել ենք «Տնտեսագետ» ուսանողի տունը՝ մարզաբնակ ուսանողների համար, ամառային հանգստի համար գործում է Դիլիջանի մեր մարզաառողջարանը՝ խորհրդանշական վճարներով, թեպետ ամեն տարի շուրջ 150 անվճար ուղեգիր ենք նաև տրամադրում:Աշխատակիցների համար ներդրել ենք նորաստեղծ ընտանիքների աջակցման և երեխաների ծննդյան խրախուսման կարգ, մի քանի հարյուր աշխատակից օգտվում է բժշկական ապահովագրությունից: Երկար կարող եմ ներկայացնել մեր ծրագրերը, քանի որ միայն խոշորները շուրջ 7 տասնյակ են, սակայն ցանկանում եմ միայն փաստել, որ 5-6 տարիների ընթացքում բուհն իր հետազոտական աշխատանքներով, միջազգային ծրագրերով, ներքին միջավայրով, տեխնիկական հագեցվածության առումով մեծ առաջընթաց է ապրել:

Ինչպես նշել էիք Ձեր հարցազրույցներից մեկում, պետության զարգացումը սկսվում է որակյալ կրթությունից:

– Պետության զարգացումն, այո, սկսվում է կրթությունից և խոսքը վերաբերում է ոչ միայն բարձրագույն կրթությանը: Կրթօջախում առհասարակ ձեւավորվում է երկրի վաղվա քաղաքացին, ուստի մեր առաջ խնդիր է դրված ոչ միայն որակյալ մասնագետներ պատրաստել, այլև փոխանցել այնպիսի արժեքներ, որոնց արդյունքում կունենանք արժանապատիվ և բազմակողմանի զարգացած, հայրենիքը սիրող քաղաքացիներ: Այսինքն՝ շատ կարեւոր է, որ համալսարանում ձեւավորվի հայրենիքին նվիրված քաղաքացու դիմագիծը:

3 (2)

Բուհի շրջանավարտներն ի՞նչ գիտելիքներով են հեռանում բուհից եւ որքանո՞վ են համապատասխանում աշխատաշուկայի ներկայիս պահանջներին:

-Այս հարցին մեր համալսարանում տրվել է շատ որոշակի մոտեցում: Ռեկտոր ընտրվելուց հետո իմ առաջին նախաձեռնություններից է եղել աշխատաշուկայի խոշոր գործատուների հետ համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու մասին պայմանագրերի կնքումը: Այս գործընթացը մեզ մոտ շարունակական է, և այսօր մենք ունենք տասնյակ նման պայմանագրեր, որոնց գաղափարը հետևյալում է. քանի որ գործատուն է գնահատում մեր պատրաստած կադրին, ապա հնարավորություն տալ նրանց կրթական գործընթացն իրականացնել համատեղ, որպեսզի ուսման ավարտից հետո մեր ուսանողները սահուն անցնեն աշխատանքի տվյալ հիմնարկներում:

Գաղտնիք չէ, որ ուսանողների թիվն օրինաչափորեն կրճատվում է, ուստի պետք է կարողանանք այդ պայմաններում զարգացնել բուհը, համակերպվել նոր պահանջներին, իսկ դրա միակ լուծումը որակյալ կրթություն ապահովելը եւ լավագույն համալսարան լինելն է:

-Որո՞նք եք համարում որակյալ կրթության անհրաժեշտ նախադրալները:

-Որակյալ կրթություն ապահովելու համար պետք է թարմացնել կրթական ծրագրերը, դասագրքային ֆոնդը: Այս ուղղությամբ տարիներ առաջ դեռեւս ՀՀ Կառավարության կողմից աշխատանքներ են իրականացվել: Մեր համալսարանում ևս մշակվել են կրթական նոր ծրագրեր, որոնք հենց այս վերջին գիտական խորհրդի նիստում հաստատվեցին: Ինչպես արդեն նշեցի, փորձում ենք աշխուժացնել հետազոտական կյանքը, ներգրավում ենք արտասահմանցի ուսանողներ, թվայնացրել ենք գրադարանային ֆոնդը, մեզ մոտ գործում է Հայաստանում եզակի QR գրադարանը, որը հնարավորություն է տալիս հեռախոսով անմիջապես ներբեռնել անհրաժեշտ գիրքը:

Որակյալ կրթության ապահովման գործում է մեծ է նաեւ տեխնիկական հագեցվածության դերը, միջավայրի արդիականացումը, լսարանային գույքի նորացումը, որոնք նույնպես մեզ մոտ լուծված խնդիրներ են: Քննական գործընթացներում ներդրել ենք ավտոմատացված համակարգ, ուսանողը սեղմում է կոճակը եւ ըստ հրահանգի՝ ցուցված լսարանը, ու համապատասխան համակարգչի առջեւ հանձնում քննությունը: Այս կերպ բացառել ենք մասնագետների միջամտությունը քննական գործընթացին, և ուսանողներն ապավինում են միայն իրենց ուժերին՝ վստահ լինելով, որ գնահատվելու են իրենց գիտելիքներին համապատասխան:

Տեխնիկապես անհնար է գերազանցիկ լինել ու վատ սովորել: Եթե ուսանողը արժանի է, ստանում է բարձր գնահատական: Իսկ ընդհանրապես ես կարծում եմ, որ բուհ պետք է մտնի միայն այն ուսանողը, ով նպատակադրված է ստանալու ոչ թե դիպլոմ, այլ բարձրագույն կրթություն:

4 (4)

-2015 թ. ՀՊՏՀ-ին միավորվեց Երեւանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջը, ի՞նչ բարեփոխումներ եք նախատեսում այստեղ, ինչքանո՞վ է այժմ քոլեջի աշխատանքը դարձել առավել արդյունավետ ու համակարգված:

-Այո, ՀՀ Կառավարության որոշմամբ Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջը վերակազմակերպվեց մեր համալսարանի կազմում, ինչը մենք չափազանց շատ էինք կարևորում՝ նկատի ունենալով, որ քոլեջի լավագույն ուսանողներին կարող ենք հնարավորություն տալ հետագայում համալրել մեր բուհը: Եվ այսօր քոլեջի լավ սովորող ուսանողները կարող են երկրորդ կուրսից տեղափոխվել Տնտեսագիտական համալսարան՝ քննություններ հանձնելով առարկայական տաբերություններից: Մեր դասախոսները դասավանդում են նաեւ քոլեջում: 1 տարվա ընթացքում կարողացանք նորացնել լուծել ջեռուցման համակարգը, ինչը լուրջ խնդիր էր, քանի որ ձմռան ամիսներին ցրտի պատճառով դասերը դադարեցվում էին մինչեւ մարտ:

Ամբողջությամբ հիմնանորոգել ենք քոլեջի մեկ մասնաշենքը, այն անճանաչելի է դարձել: Արդյունքում՝ այս կարճ ժամանակահատվածում կարողացել ենք քոլեջի հեղինակությունն այն աստիճանի հասցնել, որ եռակի և քառակի անգամ աճել է մարդկանց հետաքրքրությունը: Եթե նախկինում դիմորդների թիվն 80 էր, ապա այժմ հասնում է 260-ի, իսկ շատերը դուրս են մնում թափուր տեղ չլինելու պատճառով: Թե՛ ծնողները, թե՛ ուսանողներն արդեն զգում են դրական տեղաշարժ, սկսվում է մրցակցություն:

Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Տնտեսագիտական համալսարանի ապագան:

-Կցանկանայի, որ մեր համալսարանն իր հեղինակությամբ ճանաչելի լիներ ամբոջ կրթական աշխարհին և այստեղ ուսանելու գային աշխարհի տարբեր ծայրերից: Նաև շատ եմ ցանկանում, որ մեր համալսարանը շարունակեր մնալ մեր պետության տնտեսությունը համալրող լավագույն կադրերի պատրաստման դարբնոց՝ պահպանելով ու ավելացնելով իր հեղինակությունը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *