Կորուսյալ դրախտ. Ճանապարհորդություն դեպի Արևմտյան Հայաստան

Ես արմատներով վանեցի եմ, գաղթականի թոռ, չնայած անգամ պապս Վանը չի տեսել: Նա ծնվել է արդեն գաղթի ճանապարհին, երբ ծնողները՝ 1915-ին ստիպված էին լքել հարազատ Վանն ու Այգեստանի իրենց տունը:

Սակայն զարմանալի էր. նույնիսկ հարազատ քաղաքը տեսած չլինելով՝ պապս հիվանդ էր Վանով, Վանա լճով, Աղթամարով և, ընդհանրապես, այն ամենով, ինչը կապված էր Արևմտյան Հայաստանի հետ: Լավ հասկանում էր, որ խորհրդային տարիներին անհնար է գնալ-տեսնել հարազատ քաղաքը: Բայց միշտ կրկնում էր.«գոնե երկիրս տեսնեմ, նոր մեռնեմ»:

Ցավոք, նրան վիճակված չէր իրականացնել ողջ կյանքի երազանքը: Պապիս «հիվանդությունը» միայն Աստծուն հայտնի պատճառներով ժառանգեցի ես: Որքան ինձ հիշում եմ, երազում էի տեսնել մեր պապական հողերը, մեր Երկիրը: Եվ ահա վերջերս ինձ բախտ վիճակվեց հայտնվել Արևմտյան Հայաստանում: Ղարս, Էրզրում, Մուշ, Վան, Բայազեթ, Անի… Տպավորությունները շատ հակասական են: Մի կողմից երջանիկ ես, որ ոտք ես դրել այս սուրբ հողին, մյուս կողմից սրտի ցավով արձանագրում ես, որ պատմական այս քաղաքներից միայն անուններն են մնացել:

Ամեն հայկական տարր բարբարոսաբար ոչնչացվել է: Իսկ այն մի քանի եկեղեցիները, որոնք կանգուն են մնացել, վերածել են մզկիթների… Բացառություն են կազմում միայն Ղարսն ու Անին: Ղարսը միակ քաղաքն է, որտեղ անճաշակ ու անճոռնի թուրքաքրդական շենքեր կոչվածների կողքին պահպանվել են հայկական սև տուֆով կառուցած տները (այդպիսիները շատ են Գյումրիում):

Իսկ Անին… Այնտեղ, ինչպես հայտնի է, միայն ավերակներ են: Թեմայից մի փոքր շեղվելով ասեմ, որ թուրքերը Անիի հայկական լինելն էլ են ժխտում: Ներկայացնում են որպես անհետացած ինչ-որ ժողովրդի թողած ժառանգություն: Կարելի է որոշ բացառություններով Վանն էլ հիշատակել, որտեղ պահպանվել են ուրարտական ժամանակների բերդը, քաղաքից ոչ հեռու գտնվող Վարագավանքն ու Մհերի դուռը… Մնացածը հիմնահատակ ոչնչացված է: Զգացմունքները խեղդում են և բառերն անզոր են դառնում: Ավելի ճիշտ, չկան բառեր, որ կարողանան արտահայտել զգացմունքներս:

Հ.Գ. Այս լուսանկարն արված է ժամանակակից Հայաստանի տարածքից: 

Մեսրոպ ՄԵՍՐՈՊՅԱՆ 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *