305822_10150887432420468_1676794192_n

Կրթության, գիտության եւ բիզնեսի զարգացումը՝ միեւնույն հարթակում. Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

eiff-800x500_c

 

Տարածքների համաչափ զարգացման եւ երկրի ընդհանուր մրցունակության բարձրացման տեսանկյունից մեծապես կարեւորվում է ՏՏ ոլորտի, մասնավորապես Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը, որն ուղղված է Գյումրի քաղաքում ժամանակակից գիտելիքային եւ նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի արդյունավետ գործունեության ապահովմանը: Այստեղ գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիական կազմակերպություններ, խոշոր կրթօջախներ եւ գիտահետազոտական կենտրոններ: Տեխնոպարկը (ինչպես ընդունված է այն կոչել) բարձրակարգ ենթակառուցվածքներով միջավայր է, որում խթանվում է տեխնոլոգիական ձեռներեցության եւ հետազոտությունների զարգացումը:

3_IMG_1292

Սովորաբար տեխնոպարկերը համաշխարհային պրակտիկայում ստեղծվում են տարբեր նպատակներով եւ տարբեր բովանդակությամբ։ Նրանցից շատերը հիմնադրվում են հենց կրթական հաստատություններին կից՝ նպատակաուղղված լինելով գիտահետազոտական միջոցառումների իրականացմանը, իսկ շատերն էլ գործում են արդյունաբերական կենտրոններին կից կամ հանդիսանում են որպես տարածաշրջանային տեխնոլոգիական զարգացման արդյունավետ գործիք։ Այս ամենի փայլուն օրինակը Շենոնի տեխնոպարկի գործունեությունն է, որի լավագույն փորձը ինտերգրվել է նաեւ Գյումրու տեխնոպարկի ստեղծման գործընթացում։ Շենոնի տեխնոպարկի հիմնադիր Քեյվին Թոմսթոնը տարիներ առաջ անձամբ ժամանել էր Հայաստան եւ որպես խորհրդական ներգրավվել նմանատիպ կառույցի ստեղծման գործընթացներում։ Այժմ Գյումրու տեսանկյունից տեխնոպարկը դիտարկվում է որպես արդյունավետ գործիք տարածաշրջանի տեխնոլոգիական զարգացման համար եւ իր բարձրակարգ ենթակառուցվածքների շնորհիվ արդյունավետորեն իրականացնում իր առջեվ դրված նպատակները։

Կենտրոնի առաքելությունն է Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը: Ընդհանուր առմամբ, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն ուղղված է նպաստելու ոչ միայն ՏՏ ոլորտի զարգացմանը, այլև քաղաքի ընդհանուր առաջընթացին և ներդրումային գրավչության բարելավմանը: Շենքը, որտեղ տեղակայվել է տեխնոպարկը՝ Գյումրու հենց սրտում է:

Այն Ալեքսանդրապոլի ճարտարապետական ոճին պատկանող վառ օրինակ է՝ կառուցված սև տուֆից: Այս շենքում են գործել Հայաստանի առաջին մայր համալսարանը, Գյումրու մանկավարժական ինստիտուտը,. երկրագիտական թանգարանը եւ նկարչական դպրոցը: 2011թ.-ին Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի հետ միասին սկսեցին նախագծել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կառուցումը:Եվ հենց հուշարձանային նշանակության այս հին շենքն էր ընտրվել վերանորոգվելու և տեխնոլոգիական կենտրոնի վերափոխվելու համար:

2014թ.-ին ավարտվեցին վերանորոգման աշխատանքները և տեխնոլոգիական կենտրոնը սկսեց իր ակտիվ գործունեությունը ՝ ընդունելով տեխնոլոգիական ընկերությունների, սկսնակ թիմերի գործել որպես տեխնոլոգիական ինկուբատոր կենտրոն: Շենքն ամենամեծ կառույցներից մեկն է մարզում, և խթան է հանդիսանում Գյումրի քաղաքին՝ դառնալու տեխնոլոգիական և ստեղծագործական կենտրոն ամբողջ երկրում: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից իսկ 2014թ-ից տեխնոպարկի գործունեության ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել հենց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Հիմնադրամի ծրագրի ղեկավար Ժենյա Ազիզյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ . <<Եթե տարիներ առաջ շատերը թերհավատությամբ եւ չարախնդորեն էին վերաբերվում այս ծրագրի կյանքի կոչմանն ու կայացմանը, ապա իրավիճակն ապացուցեց, որ այս նախագիծը ոչ միայն կայացավ, այլեւ աննախադեպ խելահեղ զարգացում ապրեց: Այդ տարիներին, անդրադարձում է տիկին Ժենյան, թեպետ ռիսկային էր այդ ծրագիրը իրագործել Գյումրիում, որը դեռ երկրաշարժի շղարշի ներքո էր, բայց գաղափարը հիմնովին արդարացրեց իրեն՝ փառահեղ հաջողություններ գրանցելով>>:

jenya2

Առաջին ընկերությունը, որ ցանկություն հայտնեց տարածք վարձակալելու, ցանցային և հաղորդակցության սարքավորումներ նախագծող ու արտադրող «Դ-Լինկ» թայվանական ընկերությունն էր, որն ուներ երկարաժամկետ զարգացման ծրագիր եւ նպատակադրված էր Հայաստանը վերածել ռեգիոնալ հետազոտական կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների՝ ծրագրային լուծումների և նոր մշակումների ուղղվածությամբ: Բացի այդ ընկերությունը, մտադիր էր տարեկան առնվազն 50 բարձրակարգ մասնագետներ պատրաստել Գյումրիում՝ ինչպես Դ-Լինկի, այնպես էլ ընդհանուր ՏՏ ոլորտի կարիքների բավարարման համար: Այդ ընկերությանը միացան եվս մի քանիսը՝ հիմնականում երևանյան կազմակերպությունների մասնաճյուղեր: Ժենյա Ազիզյանի տեղեկացմամբ, այսօր տեխնոպարկի տարածքը ամբողջությամբ զբաղված է եւ ներկա պահին գործող ընկերությունների թիվը 25 է:

Վերակառուցված ու ժամանակակից շենքում իր գուծունեության 3 տարիների ընթացքում կենտրոնի գրանցած ամենահատկանշական ձեռքբերումներից մեկը զրուցակիցս համարում է այն, որ Համաշխարհային բանկը դարձել է կենտրոնի պատվիրատուն եւ հայ մասնագետներին է վստահվում ՏՏ բարդ լուծումների գործընթացը: Շատ են նաեւ այլ միջազգային պատվիրատուները: ՁԻՀ-ի ծրագրի ղեկավարի դիտարկմամբ, տեխնոպարակի ստեղծումը օրակարգային էր նաեւ Երեւանի եւ մարզերի միջեւ անհամամասնությունների կրճատման, գործարար միջավայրի բարելավման եւ Գյումրիի սոցիալ տնտեսական հիմնախնդիրների լուծման առումով: Այն կրթական, հետազոտական եւ ձեռնարկատիրական կենտրոնների համացանց է, որտեղ կրթությունը, գիտությունը եւ բիզնեսը սերտորեն համագործակցում եւ աջակցում են միմյանց:

Համալիրը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիայի և ճարտարագիտության ոլորտի ձեռնարկությունների համար նախատեսված գրասենյակային տարածքներ, ուսուցման և գիտահետազոտական լաբորատորիաներ և գործում է որպես ինկուբացիոն կենտրոն, ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների համար Կենտրոնի ծրագրերը բազմաբնույթ են, եւ ըստ օրեր առաջ կնքված պայմանագրի, Գյումրու շուրջ 150 աշակերտ ինֆորմատիկայի առարկայի դասընթացներն անցկացնելու է կենտրոնի տեխնիկապես վերազինված լսարաններում:Օրերս կայացավ նաեւ Yandex ծրագրավորման դպրոցի բացումը: Նշենք, որ կենտրոնում գործող ընկերությունների թվում կան նաեւ ստարտափեր՝ նոր ստեղծված կազմակերպություններ, որոնք ՁԻՀ-ի ծրագրի ղեկավար Ժ.Ազիզյանի տեղեկացմամբ, ձևավորվել են՝ ստանալով դրամաշնորհ՝ հիմնադրամի կողմից: Նա հավելեց, որ լավագույն թիմերին իրենք աջակցում են բիզնես նախագծերի իրականացման հարցում:

<<Մենք աջակցում ենք տեխնոլոգիական թիմերին, սկսնակ և գոյություն ունեցող ընկերություններին իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում>>- ասաց Ժ.Ազիզյանը: Հավելենք, որ Կենտրոնը աջակցում է ընկերություններին բարելավելու մասնագիտական և բիզնես հմտությունները՝ տրամադրելով կարճաժամկետ և երկարաժամկետ խորացված դասընթացներ և սեմինարներ: Միևնույն ժամանակ աջակցում է ուսումնական գործընկերության ստեղծմանը արդյունաբերական և տեխնոլոգիական համալսարանների միջև՝ խրախուսելու ուսումնական գործընկերությունները և հզորացնելու համալսարանների դերը որպես ակտիվ R&D կենտրոններ: Հիմնադրամի ներյկայացուցչի վստահեցմամբ, նմանօրինակ տեխնոլոգիական կենտրոնի լավագույն օրինակը ստեղծվել է նաեւ Վանաձորում, հնարավոր է նմանօրինակ ծրագիր իրագործել նաեւ Սյունիքի մարզում, ինչպես նաեւ Երեւանում: Միաժամանակ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն արդեն հաջողված եւ ներդրվող մոդել է դարձել տարբեր այլ երկրներում:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *