1610790_880034842111049_1204581290514925602_n

Հալեպը երբևիցե Վան չի դառնա

Հալեպը երբևիցե Վան չի դառնա… 19-րդ դարավերջի այս հազվագյուտ լուսանկարում Վանն է՝ հայոց հնագույն բնօրրանն ու առաջին մայրաքաղաքը: Հին Աստվածների հավերժ քաղաքը միշտ եղել է ու կմնա: Այսօր էլ Վանը կանգուն է, բայց ցավոք՝ արդեն մեկ դար բոլորեց, ինչ նա այլևս հայկական չի: Բայց վերադառնանք մեր օրերին: Հիմա Հայաստանում ապաստանած մեր սիրիահայ հայրենակիցներից ամենուրեք լսում ենք այն գաղափարը, ըստ որի. «երբ վերջանա պատերազմը՝ նորից կգնանք ու կշենացնենք քանդված Հալեպը»: Հասկանում եմ, դա մեծագույն ցավ է՝ քաղաք, որտեղ ծնվել ու ապրել ես ողջ կյանքդ՝ այժմ ավերակ է: Սակայն ճշմարիտ լինենք ինքներս մեզ հետ. արդյո՞ք Հալեպը հայկական բնօրրան է, ասենք, նույն Վանի կամ Երևանի պես: Կարծում եմ, որ՝ ոչ:

Ճշմարտությունն այն է, որ Առաջին աշխարամարտից հետո այնպես դասավորվեցին հանգամանքները, որ հենց Հալեպը դարձավ ամերիկյան նպաստամատույցի և եվրոպական տարբեր առաքելությունների կենտրոնակայանը: Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից այստեղ հավաքվեցին ու սովից, հիվանդություններից, մահից փրկվեցին հարյուր հազարավոր մազապուրծ եղած հայեր: Նրանցից շատերը՝ ոտքի կանգնելով, հեռացան ավելի բարենպաստ պայմաններ ունեցող երկրներ, իսկ որոշներն էլ հանգրվան գտան Հայաստանում: Սա է ընդամենը իրողությունը, և իմ կարծիքով, եթե հիմա պետք է նորից զրոյից սկսել ամեն ինչ՝ ճիշտ կլինի դա անել քո բուն հայրենիքում, Հայաստանում՝ ինչքան էլ որ դա դժվար ու առաջին հայացքից անիրականալի լինի: Նաև ռուսների մասին՝ այդ թեման էլ է շատ շոշափվում այսօր:

Հավատացեք, պետք չի շատ «ոգևորվել» նրանց ներկայությամբ Սիրիայում՝ դա մենք արդեն անցել ենք Արևմտյան Հայաստանում և ունենք ցավալի «փորձ»: Բայց դա էլ է թերևս բնական. բոլոր մեծ տերություններն ունեն իրենց նպատակներն ու գերակա շահերը: Էլ չենք ասում, որ կարող են շատ անսպասելի՝ մի գիշերվա ընթացքում հեռանալ նույն Սիրիայից, ինչպես, ասենք, 1915-ին ռուսները ճողոպրեցին Վանից՝ անօգնական թողնելով Վասպուրականի հայությանը: Այնինչ դրանից ընդամենը մեկ տարի առաջ, սիրաշահելու համար հայերին՝ նույն ռուսները խոստանում էին անգամ «աստղեր իջեցնել երկնքից»: Թե ինչ եղավ այդ խոստումներից հետո՝ լավ գիտենք բոլորս:

Ռուբեն Շուխյան 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *