Հալեպի համար մղվող պայքարը մեծ ռիսկեր է պարունակում. The Financial Times

Inopressa.ru կայքում հրապարակվել է հեղինակավոր The Financial Times թերթի վերլուծական հոդվածը, որում, ըստ Tert.am-ի, խոսվում է Հալեպի համար մղվող պայքարի՝ կրիտիկական փուլի հասնելու մասին։

«Ապստամբների հսկողության տակ գտնվող Հալեպից արևելք ընկած տարածքը հուլիսի վերջից պաշարման մեջ է գտնվում, երբ նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ կառավարական զորքերն իրանական ու լիբանանյան շիական զինված խմբավորումների աջակցությամբ կտրեցին անկլավը Թուրքիայի հետ կապող ուղին»,- ասվում է հոդվածում։

Հոդվածի հեղինակները նկարագրում են այդ քաղաքացիական պատերազմի «սարսափելի ծավալների հասնող» հումանիտար ճգնաժամը. հիվանդանոցներն ու թաղամասերը ենթարկվել են ռմբակոծությունների, պարենի ու բժշկական ապահովության պաշարները սպառվում են։

Նշվում է, որ Ռուսաստանի ռազմական միջամտությունը հավասարակշռությունը փոխել է հօգուտ Ասադի և որ առանց Ռուսաստանի օդային աջակցության նրա ուժերն ի վիճակի չէին լինի պաշարումն իրականացնել։

Արևմուտքի կողմից բավարար աջակցություն ապահովելու անկարողությունից հիասթափված՝ սիրիացի ապստամբներն ընկել են ջիհադականներից ավելի մեծ կախվածության մեջ, գտնում են հոդվածի հեղինակները։ Նրանց կարծիքով՝ Արևմուտքի՝ սիրիական ճգնաժամից հեշտությամբ «ազատվելը» պատրանք է։

«Խնդիրը Եվրոպա է հասել փախստականների հոսքի և «Իսլամական պետություն»-ից ոգեշնչված և ուղղորդված ահաբեկիչների գազանությունների տեսքով։ Կար մի կարճ ժամանակահատված, երբ միջազգային դիվանագիտությունը բերում էր բռնությունների դադարեցմանը։ Հանուն Հալեպում կողպված սիրիացիների, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է անհապաղ վերականգնեն զինադադարը։ Թե՛ հումանիտար և թե՛ քաղաքական տեսանկյուններից՝ այլընտրանք չկա»,- եզրակացնում է հրատարակությունը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *