ԿԱՐԵՎՈՐ
Search
main20170112_1

Հալեպի հայ համայնքի վերակազմակերպումն արդեն սկսված է

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի այցելությունը մեծ ոգեւորություն առաջացրեց հալեպահայության շրջանում։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասացին լրագրող Սոսի Միշոյան—Դաբաղյանը, ԵՊՀ հայագիտական գիտահետազոտական ինստիտուտի աշխատող Ավո Ապոշյանը։
«Արամ Առաջինի այցելությունը Հալեպ, անշուշտ, մեծ նշանակություն ունի։ Հինգ տարի մղձավանջային կյանքից հետո առաջին անգամ եկեղեցու զանգերը հնչեցին ի նշան հաղթանակի, ազատության եւ խաղաղության։
Վեհափառն իր այցելությամբ հույս ներշնչեց հալեպահայությանը։ Նա համայն հայությանը կոչ արեց, որպեսզի օգնի վերականգնել Հալեպի հայ համայնքը»,–ընդգծեց Միշոյան—Դաբաղյանը։ Ըստ նրա՝ Արամ Առաջինը միշտ կհետեւի Հալեպում տիրող իրավիճակին, եւ իր այցելությունները շարունակական բնույթ են կկրեն։
Ավո Ապոշյանի խոսքով՝ Վեհափառը կոչ է արել ոչ միայն նյութապես վերակառուցել համայնքը, այլեւ վերակազմավորել այն։
«Այնտեղ դեռեւս հայեր մնացել են, եւ նրանց կարող են միանալ նաեւ ժամանակավոր տեղափոխված հայերը։ Հալեպի հայ համայնքը շարունակելու է իր եկեղեցական եւ ազգային կյանքը։ Բացի այդ, կվերականգնվի Քարեն Յեփփե ճեմարանը, եւ աշակերտները կհաճախեն դպրոց»,–նշեց Ապոշյանը։
Ըստ Ապոշյանի՝ տարբեր տվյալներով ներկայումս Հալեպում մնացել են 6—8 հազար հայ։
Ավելի վաղ՝ հունվարի 5—ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մեկնել է Հալեպ, որտեղ պատարագ եւ պատգամ է փոխանցել Հալեպի Հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Քառօրյա այցի ընթացքում Արամ Առաջինը իրավիճակին ծանոթանալու եւ հալեպահայերի կարիքները պատկերացնելու նպատակով եղել է նաեւ ազգային— եկեղեցական հաստատություններում։
Արամ Վեհափառի անունից տարածվեց համայն հայությանն ուղղված կոչ՝ Հալեպի վերականգնումը, հալեպահայությանը լիարժեք աջակցությունը դարձնել համազգային խնդիր։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *