Հալեպի հայ համայնքն ապրում է սիրիական պատերազմի սրման հերթական փուլը

Սիրիայում, այդ թվում՝ հայաբնակ համայնքներում, շարունակվում է անկայունությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը` անդրադառնալով հայ համայնքի վիճակին:

Նա չհաստատեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե այս օրերին հայ համայնքը ևս մեկ զոհ է ունեցել՝ ասելով, որ չի կարող այդ մասին խոսել: Ռայիսյանը պարզապես նշեց, որ վերջին օրերին գրանցվել է սիրիական հակամարտության լարվածության հերթական ալիքը, թեև սիրիական պատերազմի չորս տարիների ընթացքում երբեք Սիրիայից անկայունությունը չի վերացել, և համայնքը շարունակել է ապրել գնդակոծությունների ներքո` կրելով հսկայական նյութական և մարդկային վնասներ, թեև փորձել է և ներկայումս ևս փորձում է հեռու և չեզոք մնալ անկայունությունից: «Չափազանց անկայուն է վիճակը, միգուցե այս պահին խաղաղ լինի, իսկ հաջորդ վայրկյանին` վտանգավոր, և այդպես շարունակ: Ուստի չեմ կարողանա ասել, որ հիմա խաղա՞ղ է, թե՞ ոչ»,- նշեց նա` շարունակելով, որ գերխնդիրը շարունակում է մնալ աշխատատեղերի, էլեկտրաէներգիայի, ջրի բացակայությունը, որն էլ ավելի զգալի էր ձմռան` ցրտի, պայմաններում, երբ իսկապես կար ջերմության կարիք:

Բայց, ըստ նրա, համայնքը հաղթահարում է, մարդիկ չեն համարձակվում թողնել իրենց ունեցվածքն ու փախչել երկրից, թեև համայնքի մեծ մասն այդ ուղին ընտրեց` փորձելով բնակություն հաստատել Հայաստանում: Սիրիական պատերազմի հանգուցալուծման նախանշաններ Ռայիսյանը դեռ չի տեսնում: 

168.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *