3

Համահայկական խաղերի ջահը վառվել է Աղթամարի Ս. Խաչում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, հուլիսի 8—13—ը եղել է Արեւմտյան Հայաստանում։ «Բարով եք եկել ձեր տուն, բարով եք եկել ձեր հողերը» խոսքերով նրանց է դիմավորել հայոց հնագույն մայրաքաղաք Վանի քաղաքապետ Բեքիր Կայանը։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունից, քաղաքապետարանում պաշտոնական ընդունելության ժամանակ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը մանրամասն ներկայացրել է մարզական խաղերի պատմությունը, անցած ուղին՝ նշելով, որ այս խաղերի կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ աննախադեպ մեծ՝ մոտ 730 հոգանոց պատվիրակության ժամանումն է Հայաստան՝ Սասուն, Մուշ, Տիգրանակերտ, Վագֆ, Բիթլիս, Դերսիմ, Մալաթիա, Վան, Սամաթիա եւ Ստամբուլ քաղաքներից։
Իշխան Զաքարյանը տեղեկացրել է նաեւ, որ, ի նշան աշխարհով մեկ սփռված հայերի միասնության, վառվելու է երեք ջահ՝ Արցախ, սփյուռք եւ հայրենիք եռամիասնությամբ։ Առաջին երկու ջահերն արդեն վառվել են, իսկ երրորդ ջահը ծրագրված է վառել 10—րդ դ. Գագիկ Արծրունու պատվերով Վանա լճի Աղթամար կղզում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցում։ Վանի քաղաքապետը մեծ պատիվ է համարել իրենց մասնակցությունն այդ նախաձեռնությանը եւ իր պատվիրակությամբ քաղաքի մշակութային համույթներով ուղեկցել ՀԽՀԿ պատվիրակներին Աղթամար։
Սուրբ Խաչ եկեղեցում «Ակունք» ազգագրական համույթը կատարել է «Հայր մերը», իսկ րոպեներ անց Իշխան Զաքարյանի, Վանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի պարզած ջահը բոցավառվել է համահայկական խաղերի գործադիր կոմիտեի անդամներ Ալֆրեդ Հավանի, Վրեժ եւ Ռոլանդ Շառոյանների, ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի, Արագած Ախոյանի, Արմավիրի քաղաքապետ Ռուբիկ Խլղաթյանի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի եւ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի՝ եկեղեցում վառած մոմերից։ Միջոցառման ավարտին Վանի քաղաքապետը նվերներ է հանձնել պատվիրակության անդամներին եւ սիրով ընդունել Իշխան Զաքարյանի հրավերը՝ ներկա գտնվելու համահայկական խաղերի բացման արարողությանը։ Այնուհետեւ ջահը դեպի Բիթլիս ու Տիգրանակերտ է տարել Օհանես Օհանյանը։
Տիգրանակերտ տանող ճանապարհին Հայաստանի պատվիրակությանն ընդունել է Բիթլիսի քաղաքապետ Հուսեին Օլանը։ Քաղաքապետը սիրով տեղեկացրել է, որ ամառային խաղերի բացմանն իր գլխավորած պատվիրակությունը կլինի Երեւանում։ Հուսեին Օլանը ցավով անդրադարձել է նաեւ 100 տարի առաջ տեղի ունեցածին՝ ասելով, որ իրենք բոլորն էլ մեղավոր են, եւ ժամանակն է պատմությանը նայել ուղիղ աչքերով։
Իշխան Զաքարյանը եւ Հուսեին Օլանը քննարկել են Բիթլիսում դեռեւս կանգուն, հայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի տան վերականգնման եւ այդ փողոցը նրա անունով անվանակոչելու հարցը։ Իշխան Զաքարյանը կարեւորել է նաեւ հայկական կիսավեր եկեղեցու վերականգնման խնդիրը եւ մշակութային կապերի ամրապնդումը Հայաստանի տարբեր քաղաքների հետ։ Կողմերը պայմանավորվել են այդ հարցերը քննարկել երեւանյան հանդիպման ժամանակ։
Այնուհետեւ պատվիրակության անդամներն ուղեւորվել են հայոց արքա Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ, որտեղ նրանց դիմավորել են Տիգրանակերտի քաղաքապետ Ֆըրաթ Անլը եւ Սուրիի քաղաքապետ տիկին Ֆաթմա Շըք Բարաթը՝ «Բարի եկաք ձեր տուն» կարգախոսի ներքո։ Դիմելով հյուրերին՝ Տիգրանակերտի քաղաքապետը կարեւորել է երկու ժողովուրդների մշակութային եւ սպորտային կապերը, խոսել Երեւանում կայանալիք ամառային խաղերին իրենց մասնակցության կարեւորության մասին։ Երեկոյան Սուրբ Կիրակոս եկեղեցու բակում կայացել է հայկական պատվիրակության հանդիպումը համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հետ։
Վանից Տիգրանակերտ տարված ջահն ուղեւորվել է Մուշ։ Մուշ—Էրզրում ճանապարհին հայկական պատվիրակության անդամները խոնարհվել են հայ ազգային—ազատագրական շարժման հերոս Գեւորգ Չաուշի գերեզմանին։ Հայաստանյան պատվիրակության անդամները Մշո վերին թաղի հայկական գերեզմանոցում գտնվող Գեւորգ Չաուշի գերեզմանը ծածկել են հայոց եռագույնով, այնուհետեւ վարդեր նետել Սոլուխի կամրջից Արածանի գետը՝ ի նշան խոնարհումի բոլոր հերոսների առջեւ։
Մշո դաշտից դեպի Էրզրում—Անիի ուղղությամբ ջահը ճանապարհել է համահայկական խաղերի գործկոմի անդամ Ռոլանդ Շառոյանը։
Անին՝ հայոց հինավուրց մայրաքաղաքը, գրկաբաց է ընդունել Համահայակական խաղերի ջահը։ Մայր տաճարում հնչել են Անիին նվիրված երգեր։
Կարսից եւ Անիից պատվիրակությունն ուղեւորվել է Ջավախք։ Համահայկական խաղերի ջահը Ջավախքի Սուրբ Խաչ եղեղեցի է բերել մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը։ ՀԽՀԿ պատվիրակությանը դիմավորել են հարյուրավոր ջավախքցիներ։ Ջավախքի վարչական շրջանի ղեկավար Համլետ Մովսիսյանը եւ ծնունդով ջավախեցի Աշոտ Մելքոնյանը հանդես են եկել ելույթներով եւ կարեւորել միջոցառման էությունը՝ հպարտությամբ նշելով, որ Ջավախքի քաղաքները մեծաքանակ պատվիրակությամբ կմասնակցեն ամառային վեցերորդ խաղերին։
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վառված ջահը Ջավախքից կանցնի Գյումրի, ապա Սարդարապատ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանալով Վեհափառ հայրապետի օրհնությունը՝ օգոստոսի 2—ին մուտք կգործի հանրապետական մարզադաշտ։

HHpress.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *