Համաճարակ չկա, եւ խուճապի մատնվել պետք չէ. «Տամիֆլյուն» անվճար է տրամադրվում

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ գործադիրի նսիտից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների մասին, հայտարարեց, որ համաճարակ չկա։ Բանն այն է, որ, նախարարի խոսքերով, համաճարակը բավական բարդ հաշվարկի ենթարկվող եւ բանաձեւերով հաշվարկվող ցուցանիշ է։ Մասնավորապես, խոսքը մեկ ու կես անգամ ավելի հիվանդացության շեմը գերազանցող թվի մասին է, եւ համաճարակ հայտարարվում է այն ժամանակ, երբ այդ շեմը 4—5 անգամ է գերազանցվում։ «Այնպես որ, այս պահին մեզ մոտ համաճարակ չկա»,— շեշտեց Արմեն Մուրադյանը։
Իսկ ինչո՞ւ դեղատներում այս օրերին հնարավոր չէ գտնել «Տամիֆլյու» դեղամիջոցը։ Արմեն Մուրադյանը ի պատասխան՝ նախ ասաց, որ այդ դեղամիջոցը հատուկ ցուցումներ ու հակացուցումներ ունի եւ ամենեւին էլ այն դեղամիջոցը չէ, որը կազատի սուր շնչառական հիվանդությունների բոլոր խնդիրներից։
Նախարարը միաժամանակ հավաստիացրեց, որ բոլոր հիվանդանոցներում անխափան, անվճար տրամադրվել է «Տամիֆլյու»։ «Ավելին,–նկատեց նախարարը,–երեկվանից սկսած դեղը եղել է նաեւ պոլիկլինիկական ցանցում՝ հաշվի առնելով հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը։ Այն դարձյալ անվճար է տրամադրվում»։

Լրագրողները դիտարկեցին, որ նախկինում այս դեղը վաճառվել է 6 հազար դրամով, հիմա 20 հազար դրամով է վաճառվել որոշ դեղատներում, այն էլ՝ գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների սկզբնական փուլում, հիմա չկա էլ։ Գնի հետ կապված՝ առողջապահության նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2009 թվականից դեղը ներկրվել է Հայաստան եւ որեւէ համապատասխան փաստաթղթում 9 հազար դրամից նվազ գին երբեւէ չի եղել. «Դեղատներում այդ դեղը կվաճառվի ոչ ավելի, քան 11 500 դրամ, բայց դա էլ ֆիքսված գին չէ, քանի որ շուկան է թելադրում գինը»։
Ինչ վերաբերում է հակավիրուսային դեղերին, ապա դրանք անվճար կստանան բոլոր նրանք, ովքեր դրա կարիքն ունեն։ ՀՀ վարչապետի կարգադրությամբ պետպատվերով են ձեւակերպվել նաեւ սուր շնչառական վարակներով վարակված այն հիվանդները, որոնք ներառված չեն որեւէ սոցիալական ծրագրի մեջ։ Նրանց անվճար ընդունում են հիվանդանոցներ եւ հակավիրուսային դեղեր ու հակաբիոտիկներ են տալիս։ Ընդ որում, մենք աշխարհում այն քիչ երկրներից ենք, որը որոշել է դեղամիջոցներն անվճար տրամադրել։

Նախարարը հավելել է, որ երկրի նախագահի կարգադրությամբ սուր շնչառական հիվանդությունների դեմ կամավոր հիմունքներով պատվաստում է ստացել մոտ 15 հազար մարդ։
Լա՞վ է աշխատել առողջապահության համակարգը այս օրերին։ Նախարարի գնահատականը միանշանակ է. «Առողջապահության համակարգը աշխատել է ծանրաբեռնված, սակայն նվիրվածությամբ եւ արհեստավարժությամբ։ Գրեթե բոլոր ծանր դեպքերի մասով կազմակերպված կոնսիլիումներին անձամբ եմ մասնակցել։ Այո, 11 կյանք, ցավոք, չի հաջողվել փրկել, չնայած 10—12 օր բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար ու հավատացեք՝ ինքնամոռաց ձեւով էին պայքարում»։
Արմեն Մուրադյանը կարեւոր մի հանգամանք շեշտեց, որ դեպքերի մեծ մասը եղել են ուղեկցող հիվանդություններով։ Ըստ նրա, տոնական օրերը նույնպես խանգարել են. «Շատերը մտածել են, որ տոներից հետո կգնան բժշկի, բացի այդ, սերտ շփումները նպաստեցին վարակի տարածմանը»։
Ի դեպ, նախարարը հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի պոլիկլինիկաները աշխատեն նաեւ շաբաթ ու կիրակի օրերին։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *