CcyjMCgW4AAIqbe

Հայազգի շախմատիստը Օքսֆորդի շախմատի համալսարանական ընտրանու պարծանքն է

Մարտի առաջին օրերին Լոնդոնում հերթական ՝ 134-րդ անգամ անցկացվեց Անգլիայի հանրահայտ Քեմբրիջի և Օքսֆորդի համալսարանների միջև շախմատի ավանդական և արդեն պատմական դարձած մրցամարտն, որը կազմակերպվում է դեռ հեռավոր 1873 թվականից սկսած: Այն այս անգամ այն ավարտվեց 6:2 հաշվով հօգուտ Քեմբրիջի համալսարանի ընտրանու: Ընդհանուր հաշվարկում ևս հաջողություն նժարը նրանց կողմն է՝ 70:64 (59 հաղթանակ, 22 ոչ-ոքի, 53 պարտություն):

Այս ուշագրավ ու յուրահատուկ մրցամարտը հայ շախմատասերների ուշադրության կենտրոնում հայտնվել է առաջին հերթին այն պատճառով, որ դրան Օքսֆորդի համալսարանի հավաքականի կազմում մասնակցել է հայազգի շախմատիստ Դավիթ Զաքարյանն, ով իր թիմին հաղթանակ միավոր է պարգևել: Նա 59-րդ քայլում սև խաղաքարերով պարտության է մատնել Քեմբրիջի համալսարանի ներկայացուցիչ Յան Ֆան Ժուին: Ի դեպ, այս թիմերի նախորդ՝ 2015թվականի թվով 133-րդ հանդիպումն ավարտվել էր 4:4 հաշվով, ու այնտեղ վճռորոշ էր եղել հենց Դավիթ Զաքարյանի 1-ին խաղատախտակի վրա դարձյալ սև խաղաքարերով նույն Յան Ֆան Ժուին նկատմամբ տոնած հաղթանակն, որը Օքսֆորդի թիմին փրկել էր պարտությունից: Դավիթ Զաքարյանը Հայաստանից հեռացել է 2000 թվականին, ապրել է Հունաստանում, այդ երկրի քաղաքացիություն է ստացել, սակայն մասնակցած շախմատի բազմաթիվ մրցաշարերում ներկայացրել է շախմատի ՀՀ ֆեդերացիան:

Օքսֆորդի համալսարանի հրավերով 2010թվականից Դավիթը ընտանիքով տեղափոխվել է Անգլիա և աշխատել է «Կանայք միջնադարյան Հայաստանում» դոկտորական թեզի վրա: Միաժամանակ «Օքսֆորդ» պրոֆեսիոնալ շախմատային թիմի անդամ է:Այս թիմը 15 այլ ակումբների թիմերի հետ հանդես է գալիս Անգլիայի բարձրագույն խմբի թիմային առաջնությունում: Դավիթ Զաքարյանը Քեմբրիջի համալսարանի հետ մրցամարտում Օքսֆորդի համալսարանի շախմատի ակումբի պատիվը պաշտպանում է 2011թվականից սկսած ու իր մասնակցած 6 մրցամարտերում խաղացած բոլոր պարտիաներում հաղթել է մրցակիցներին:

Հայ շախմատիստը 2011-2012թթ երկու անգամ անընդմեջ արժանացել է լավագույն պարտիայի համար նախատեսված «Ադամանդե գաղափար» (Brilliant idea cup) հատուկ մրցանակին և լավագույն շախմատիստի մրցանակին: Քեմբրիջի համալսարանի հետ մրցամարտում ևս հայազգի շախմատիստը ներկայացնում է Հայաստանն ու շախմատի ՀՀ ֆեդերացիան և նշում է, որ հպարտ է, որ հայկական հետքն է թողնում Օքսֆորդի համալսարանի պատմության մեջ:

Արամ Ուգուջյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *