Հայապահպանությունից մինչեւ զբոսաշրջություն Ֆրանսահայերն առաջարկում են զարգացնել քայլարշավային տուրիզմը Հայաստանում

Հայ–ֆրանսիական հարաբերությունները վաղեմի պատմություն ունեն, որոնք հիմնված են հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների վրա։ Հայերը Ֆրանսիայում բնակվում են հիմնականում Փարիզ, Մարսել, Վերսալ, Լիոն, Նիցցա, Պուատիե, Լա Ռոշել, Բորդո, Թուլուզ, Վիեն, Վալանս եւ այլ քաղաքներում։ Սրանք Ֆրանսիայի ամենահայաշատ քաղաքներն են, նրանցից մի քանիսում հայերը հայտնվել են դեռ վաղ միջնադարում։ Ֆրանսահայ համայնքը մասնավորապես ստվարացավ Մեծ եղեռնից փրկված արեւմտահայ գաղթականների հազարավոր ընտանիքների ապաստանելու արդյունքում, ուստի այնտեղ մեծ թիվ են կազմում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները։ Ներկայումս Ֆրանսիայում ապրող հայերի թիվը, ըստ որոշ աղբյուրների, հասնում է մինչեւ 800 հազարը։

40565446_526755171111573_6508854552895160320_n

Ֆրանսահայ համայնքի ձեւավորումից ի վեր ստեղծվել են բազում դպրոց-վարժարաններ, հասարակական, բարեգործական եւ մշակութային կազմակերպություններ, որոնք հայապահպանության յուրահատուկ կենտրոններ են։ Լուիզեթ Լամարշն արդեն շուրջ 10 տարի ղեկավարում է Ֆրանսիայի Լիլ քաղաքի եւ հարակից շրջանների հայերի «Արարատ» միությունը, տարածում հայկական մշակույթն ու պարը, նպաստում մատաղ սերնդին հայերեն կարդալ ու գրել սովորելու գործին: Նա Հայաստան հաճախակի է գալիս, այստեղ իր տունն ունի։ «Հայաստան-Արցախ-Սփյուռք»–ի հետ զրույցում տիկին Լամարշը խոստովանեց՝ հայերի հանդեպ սերն ու համակրանքն առաջացել են իր կյանքն ազգությամբ հայ տղամարդու հետ կապելուց հետո միայն։ Ամուսնու հետ համատեղ ապրում է շուրջ 15 տարի՝ ղեկավարելով Լիլ քաղաքի հայկական համայնքի «Արարատ» միությունը եւ հանդես գալով տարբեր հայանպաստ նախաձեռնություններով։

40584469_2126574424225104_1672722047614058496_n

2017 թ. հայապահպանության, Սփյուռքում հայկական մշակույթի պահպանման եւ տարածման գործում ունեցած ավանդի համար Սփյուռքի նախարարությունը Լ.Լամարշին պարգեւատրել է պատվոգրով: «Արարատ» միությունը ստեղծվել է տարածելու համար հայկական մշակույթը: Այս նպատակով էլ կազմավորվել է ազգային պարի «Նազանի» համույթը, որը տարածաշրջանի էթնիկ համայնքների միակ խումբն է, որը բեմ է բարձրացնում նաեւ մանուկներին։

40591912_2117731358478576_3083204760912789504_n

40684316_447311132457773_6197543490646179840_n

Նրա գնահատմամբ՝ Ֆրանսիայի հայ համայնքները շատ լավ պահպանում են հայկական մշակույթը: Այդ առումով Լիլի տարածաշրջանում «Արարատ» միությունը լավագույնն է ազգապահպանության տեսանկյունից։ Ամուսինը՝ Գարիկ Գալստյանը աշխատում է Լիլի համալսարանի կիրառական օտար լեզուների ֆակուլտետում, դասավանդում է «Ռուսաստանի քաղաքակրթություն» առարկան, նաեւ մի քանի գրքերի հեղինակ է: Հայոց լեզվին գերազանց տիրապետելով, նա մտահոգված է, որ որոշ երեխաներ հայերենը պատճաշ չգիտեն, ուստի նրանց համար կիրակնօրյա դպրոց է բացվել համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ եւ կամավոր ուսուցիչների ակտիվ մասնակցությամբ։ Կինը՝ տիկին Լամարշը, շնորհակալ է, որ Սփյուռքի նախարարությունն աջակցում է ուսումնական ձեռնարկների անվճար տրամադրման հարցում:

40580379_301683300618083_8500974682449641472_n

Հայկական կիրակնօրյա դպրոցում գործում է 3 դասարան տարիքային տարբեր խմբերի համար։ Սակայն, ինչպես նկատում է Գ. Գալստյանը, միայն շաբաթը մեկանգամյա ուսուցանումը բավական չէ լեզվի լիարժեք տիրապետման համար։ Նրանք կցանկանային, որպեսզի լիներ ուսումնական առցանց հարթակ, որը կօգներ առավել շատ դասաժամեր ունենալ։ Սեփական միջոցներով կարողանում են տարվա կտրվածքով երկու–երեք անգամյա պարբերականությամբ հայերեն եւ ֆրանսերեն լեզուներով թողարկել «Մա-Սիս» համայնքային ամսագիրը։ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մեկնարկած միջոցառումներին, ըստ «Արարատ» միության ղեկավար Լ.Լամարշի, պետք է ավելի լայն թափ հաղորդել, առավելապես ակտիվացնել երկու ժողովուրդների միջեւ եղած կապը։

40582126_245133769520664_6677747961352421376_n

«Շատ հպարտ եմ, որ ամուսինս հայ է, որ ճանաչում եմ հայ ժողովրդին, նրա մշակույթն ու պատմությունը։ Մշակութային առումով մեր երկրների ժողովուրդներն ունեն նույն մոտեցումը, նմանությունները, մի քանի ֆրանսիական քաղաքներ վաղուց եղբայրացած են Հայաստանի քաղաքների հետ. մասնավորապես Գորիսն ու Վիենը։ Մի անգամ Գորիսում քայլելիս երեխաներ մոտեցան եւ զրույցի բռնվեցին ֆրանսերեն լեզվով։ Շատ եմ սիրում Գորիսը, որը նաեւ ֆրանկոֆոնիայի շրջանային կենտրոն է»,— ասաց նա։ Հայ—ֆրանսիական հարաբերությունները, նրա գնահատմամբ, կարող են զարգանալ նաեւ տնտեսության որոշ ճյուղերի, օրինակ՝ տուրիզմի շնորհիվ։ Որպես լայն պահանջարկ ունեցող ուղղություն Լուիզեթ Լամարշը մատնանշեց քայլարշավային տուրիզմը, որը բավական զարգացած է Ֆրանսիայում։

40544421_1163266380492780_1355706847889195008_n

Ֆրանսիայի քայլարշավորդների միություններից մեկի անդամ է, արշավներ է ունեցել նաեւ Անգլիայում։ Ֆրանսիացիները քայլարշավային տուրիզմի մեծ սիրահար են, եւ, ի դեպ, այն պահանջարկված տուրիզմի ճյուղ է ամբողջ աշխարհում։ «Հայաստանն այս առումով եւս կարող է մեծ հաջողություններ ունենալ, հատկապես որ գրավչության առումով այն ունի մի կարեւորագույն գործոն՝ հայտնի է որպես առաջին քրիստոնյա երկիր։ Թեպետ Հայաստանն առաջարկում է արշավների տարբեր պրոդուկտներ, սակայն ենթակառուցվածքներ են պետք։ Օրինակ՝ ճանապարհային քարտեզագրում է պետք անել, որպեսզի քայլարշավորդը հստակ գիտակցի, որտե՞ղ է հասել, ո՞ւր պետք է գնա։ Այս առումով կցանկանայի Ֆրանսիայի փորձը օրինակ բերել. ճանապարհային գծագրից բացի ծառերի վրա գունավոր տարբերանշաններ են անում»,–ասաց Լամարշը՝ վստահեցնելով, որ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ճանաչողական քայլարշավների կազմակերպման համար։

40560582_667576393689376_8962188362551132160_n

Տուրիզմի այս ճյուղը բավական հետաքրքիր է, եւ մարդը բնության հանդեպ իր սերն ու հետաքրքրությունը կարող է սպառել մի տեղից մյուսը ճանապարհվելով, գիշերակացը ոչ թե հյուրանոցային պայմաններում, այլ սովորական տնակներում բնակիչների հետ անցկացնելով, նրանց մշակույթի, խոհանոցի եւ այլ ազգային ավանդույթների հետ ծանոթանալով։ Բացի քարտեզագրումից, պետք է նաեւ ճանապարհները, արահետները գծագրվեն, մաքուր լինեն։ Տուրիզմի եւս մի ճյուղ, որը գրավում է զբոսաշրջիկներին դա թերմալիզմն է: Ունենալով հանքային ջրերի բազմակի աղբյուրներ, Հայաստանն այս առումով շատ գրավիչ է:

Ի դեպ, Հայ լեռնագնացների ընկերակցություն հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի (AHA Armenia) ներկայացուցիչները հայտնել էին, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաերկար քայլարշավային արահետը կունենա: Այս առումով նախատեսվում է գծանշել մոտ 40 արահետ: Նպատակը Հայաստանի մեկ գյուղը մյուսին կապելն է՝ միավորելով մշակութային կոթողներն ու բնության հուշարձանները։ Այդ արահետով անցնելով՝ զբոսաշրջիկները նաեւ կմնան գյուղերում՝ ծանոթանալով տեղի ավանդույթներին ու նիստուկացին։ Նմանատիպ արահետներ եվրոպական երկրներում էլ կան։ Դա հայտնի մեթոդ է, որն օգուտ է բերում գյուղերին, զարգացնում համայնքները։ Արահետը նախատեսված է լինելու զբոսաշրջության ցանկացած տիպի համար, ինչպես նաեւ բոլոր տուրօպերատորների, առանց որեւէ սահմանափակման։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *