ԿԱՐԵՎՈՐ
Search
Arsen...

«Հայաստանը ծաղկում էր, իսկ Վոլգոգրադում վատ էր վիճակը…». հայրենադարձված Արսեն Աֆրիկյանը՝ հայրենիք վերադառնալու մասին

ՀՀ սփյուռքի նախարարության հյուրընկալ դռները միշտ բաց են Հայրենիք այցելող, Հայրենիքի կարոտով ապրող, Հայրենիք վերադարձող յուրաքանչյուր հայի համար: Ինչպես իմ հարցազրույցներից մեկի հյուրն ասաց՝ «Սփյուռքի նախարարությունը տուն է՝ տան մեջ, այն Ներսի տունն է…»: Հենց այդ Ներսի տան ջերմ մթնոլորտում էլ օրերս զրուցեցի ամիսներ առաջ ՌԴ-ի Վոլգոգրադ քաղաքից հայրենադարձված երիտասարդ հայորոդու և գիտնականի՝ Արսեն Աֆրիկյանի հետ: «Գրեթե 5 ամիս է, ինչ տեղափոխվել եմ Հայրենիք: 8 տարեկան էի, երբ հայտնվեցի օտար երկրում, նոր միջավայրում: Սկզբում գնացել էր հայրս (այն ժամանակ վիճակը լավ էր թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում): Այնտեղ էին բնակվում հորաքույրներս ու մորեղբայրս: Հայրս գնացել էր՝ 1-2 տարի աշխատելու մտադրությամբ, սակայն երկրաշարժի լուրն առնելով՝ նա վախեցավ ստեղծված իրավիճակից և մեզ էլ կանչեց իր մոտ: Մայրս, եղբայրս և ես գրեթե արտասվելով ենք գնացել Հայաստանից. դժվար էր հեռանալ Հայրենիքից և նոր կյանք հաստատել օտար ափերում:

Երկու-երեք տարին մեկ եկել ենք Հայաստան, ու ես միշտ շփվել եմ համադասարանցիներիցս շատերի հետ, միշտ պահել եմ կապս Հայաստանի ու ընկերներիս հետ: Վոլգոգրադում ավարտեցի դպրոցը, ընդունվեցի տեղի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, ավարտեցի՝ ստանալով համակարգչային տեխնոլոգիաների մասնագետի, մաթեմատիկոսի որակավորում: Ավարտելուց հետո անմիջապես դասախոսական աշխատանքի եմ անցել նույն համալսարանում, այնուհետև՝ տեղափոխվել եմ մեկ այլ ճանաչված բուհ՝ Ճարտարագիտական համալսարան: …Հայրենիք վերադառնալուս երազանքը 8 տարեկանից իմ սրտում միշտ փայփայել եմ. մեզնից ոչ մեկն էլ այդպես էլ չհամակերպվեց Հայաստանից հեռու ապրելու մտքի հետ:

Օտար երկիրը, որքան էլ լավը լինի, երբեք Հայրենիք չի դառնա. դրսում դու երկրորդ-երրորդ կարգի մարդ ես, հողը ոտքերիդ տակ ամուր չէ: 2004թ. եկա Հայաստան, երբ 24 տարեկան էի և հասկացա, որ անպայման պետք է վերադառնամ Հայրենիք, որ իմ տեղն այստեղ է՝ իմ հարազատ երկրում: Ես Վոլգոգրադի հայկական համայնքի երիտասարդական թևի ղեկավարն էի, ունեի աշխատանք, բիզնես, գրեթե բոլոր հարազատներս այնտեղ էին, սակայն… ինձնից հեռու էր ամենաթանկ հարազատս՝ Հայրենիքս: Անցյալ տարի ամուսնացա հայաստանցի աղջկա հետ. նա էլ չէր ուզում դրսում ապրել, և մենք տեղափոխվեցինք Հայաստան. արդեն մի փոքրիկ ունեմ՝ Նարեկս:

Մեր երջանիկ եռանկյունին վայելում է Հայրենիքի ջերմությունը: Մենք, ավելի կոնկրետ՝ ես, այլևս կարոտյալ չեմ, ես իմ տանն եմ, իմ հողի վրա, իմ երազներում փայփայած Հայրենիքում: Թեև աշխատանք չունեմ, որևէ պետական հիմնարկում չեմ աշխատում, սակայն քիչ-միչ ինչ-ինչ գործեր եմ անում իմ մասնագիտությամբ: Ինձ այնքան էլ չի հուզում աշխատավարձի չափը, միայն թե որևէ տեղ աշխատեմ իմ մասնագիտությամբ և օգտակար լինեմ երկրիս: Դիմել եմ նաև Սփյուռքի նախարարությանը: Մեծ ցանկություն ունեմ միավորելու Սփյուռքի և Հայաստանի երիտասարդներին, երիտասարդական կառույցներին: Դեռևս հայ երիտասարդների առաջին համաժողովում հիմք դրվեց համատեղ ծրագրերին, համագործակցությանը: Այս տարի ես մասնակցեցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կազմակերպված երիտասարդական երկրորդ համաժողովին. ստեղծվեցին նոր ծանոթություններ, ձևավորեցինք աշխատանքային խումբ: Շատ գրագետ, պատրաստված երիտասարդներ ունենք, բայց պոտենցիալը գրեթե չի օգտագործվում:

Նպատակներիցս մեկը հայ երիտասարդներին օտար երկրներից Հայաստան բերելն է՝ իհարկե, նրանց ներկայացնելով այստեղի առավելությունները: Բնականաբար, եթե ես հենց իմ օրինակով ներկայացնեմ մեր երկրի առավելությունները, նրանց կհամոզեմ, հավատ կներշնչեմ, իսկ դա հավաստի կլինի այն դեպքում, եթե ես ունենամ հիմնական աշխատանք, եթե մեր ժողովուրդը բարեկեցիկ ապրի, եթե փողոցներում ամեն քայլափոխի մուրացիկներ չլինեն: Ես եկա Հայրենիք ոչ թե այն բանի համար, որ Հայաստանը ծաղկում էր, իսկ Վոլգոգրադում վատ էր վիճակը, ճիշտ հակառակը… Ես եկա, որովհետև, ի վերջո, մի օր պիտի տուն դառնայի: Ես ափսոսում եմ մեր տաղանդավոր ուղեղների՝ դեպի արտերկիր արտահոսքի համար. ինչո՞ւ մեր ժողովրդի տաղանդը չծառայեցնել Հայրենիքի շահերին: Մենք քիչ ենք, փոքր ենք, բայց ադամանդի փայլ ու բարձր հարգ ունենք: Հիմա աշխարհում գրեթե ամենուր պատերազմական գործողություններ են. որպես անալիտիկ, մաթեմատիկոս՝ կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է խելացիորեն օգտվել առիթներից և մոբիլիզացնել գաղափարները, օգուտներ քաղել, ոչ թե տուժել… Ճիշտ դիվանագիտությունն այս պահին անչափ կարևոր է:

Ես դասավանդում էի Վոլգոգրադում, իմ ուսանողների մեջ կային նաև ադրբեջանցի երիտասարդներ, ովքեր, իմանալով, որ դասախոսը հայ է, մի տեսակ վախենում էին, բայց նրանցից ոչ մեկը կողմ չէր պատերազմին, լարվածությանը, ժողովուրդների թշնամությանը. պարզապես, ցավոք, դեռ մանկուց նրանց հոգում ատելություն են սերմանել հայերի հանդեպ: Պատերազմի հրձիգները միշտ էլ իշխանություններն են, երկրի ռազմատենչ ղեկավարներն ու նրանց զավթողական քաղաքականությունը, հասարակ ժողովուրդը միշտ էլ խաղաղության կողմնակիցն է: Ես Արևմտյան Հայաստանից՝ Բայազետ-Իգդիր ճանապարհի գյուղերից մեկից 1824թ. գաղթածների ժառանգներից մեկն եմ, ծնողներս Նորադուզից են:

Մեր ընտանիքում արգելված է խոսել ռուսերենով, հայերենն ու հայեցին է մեր ընտանիքի նկարագիրը: Ես Ձեր այն հարցին, թե ինչ է ինձ համար Հայրենիքը, կպատասխանեմ, որ Հայրենիքն ինձ համար իմ տատիկն էր՝ հայաբույր, հայաշունչ… Հետո հասկացա, որ Հայրենիքը պետք է մեր սրտում գտնենք: Նոր տարվա նախաշեմին ուզում եմ հորդորել իմ հայրենակիցներին, որ երջանկությունը չփնտրեն օտար ափերում, երջանկությունը Հայաստանն է, այստեղ շատ բաներ կան, որոնք ուրիշ տեղ չեք գտնի՝ արև, անմահական ջուր, հողի ուժ, մեծ զորություն, հոգևոր աննման արժեքներ…»: Կարինե Ավագյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *