ԿԱՐԵՎՈՐ
Search
10ma-3-original

Հայաստանը կդառնա քթի պլաստիկ վիրահատության տարածաշրջանային կենտրոն

Սովորաբար քթի պլաստիկ վիրահատության համար տարվա բոլոր սեզոններն էլ խնդրահարույց են, ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շոգ, գարնանը վարակների սրացման շրջան է, աշնանը՝ գրիպների, ուստի միակ նախընտրելի ժամանակահատվածը մնում է ամառը՝ պայմանավորված արձակուրդային շրջանով։ Ամռան ամիսները նաեւ զբոսաշրջության առումով բարենպաստ շրջան են, ու շատերը Հայաստան են գալիս վիրաբուժական միջամտության, կոնսերվատիվ թերապիաների, խորհրդատվության, պլաստիկ վիրահատության եւ այլ նպատակներով։ Ցավոք, այսօր չունենք հստակ վիճակագրություն, թե բժշկական տուրիզմի ընդհանուր մասնաբաժնում որքան է բուն առողջապահական նպատակով երկիր ժամանած տուրիստների թիվը, սակայն հայ մասնագետները սովորաբար այս շրջանում մեծ թվով պացիենտների հոսք են ունենում ոչ միայն Հայաստանից, այլեւ արտասահմանյան երկրներից, մասնավորապես շատ են դիմում ՌԴ—ից եւ Եվրոպայից։
Հայաստանում քթի վիրահատությունը չի զիջում դիրքերը. նախկին տարիների համեմատ այժմ էլ մեր երկրում մեծ տարածում ունի հենց քթի պլաստիկան։
Հայաստանում մատուցվող բժշկական ծառայությունները տարեցտարի կատարելագործվում են, որին նպաստում է նաեւ թե՛ պետական, թե՛ մասնավոր կլինիկաների ղեկավարների կողմից մասնագետների վերապատրաստման, վերաորակավորման պարտադիր պահանջի ներդրումը։ Բազմաթիվ հայ բժիշկներ տարին մի քանի անգամ միջազգային գիտաժողովների են մասնակցում, փորձի փոխանակում իրականացնում, յուրացնում առողջապահության տարբեր ոլորտներում ներդրվող նորագույն մեթոդները, նորարարություններն ու տեղայնացնում դրանք հայաստանյան պրակտիկայում։ Հայաստանում առողջապահական տուրիզմը, բացի գիտական ներուժից, վստահություն է ներշնչում նաեւ ինվազիվ վիրահատական մեթոդների կիրառման առումով, հետվիրահատական շրջանի բարենպաստ ընթացքով եւ իհարկե նաեւ գնային առաջարկով։
Առաջին տեղում, որտեղ հայ բժիշկները բավական հարուստ փորձ ունեն, ռինոպլաստիկան է՝ քթի վիրահատությունը։ Այս նպատակով դիմելիությունը աճում է տարեցտարի։
Միջնապատի թեքվածությունը բավական հաճախ հանդիպող խնդիր է Հայաստանում, եւ ռինովիրաբույժների վիրահատությունների հիմնական ծավալը հենց այդ պաթոլոգիային է բաժին ընկնում։ Շատերը որոշում են առողջական խնդիրը շտկելու հետ զուգահեռ նաեւ պլաստիկա անել՝ ուղղել քթի արտաքին տեսքը։ Իսկ քթի միջնապատի թեքությունը լուրջ առողջական խնդիր է, որը կարող է հանգեցնել թոքային ու սիրտ—անոթային հիվանդությունների առաջացման։
Ամենատարբեր բժշկական միջամտությունների արդյունքում այսօր կարելի է ստանալ ինչպես գեղեցիկ մարմին, այնպես էլ անթերի դեմք, գրավիչ ատամնաշար եւ անթերի քիթ։
Հայաստանում առաջին տեղում ռեդուկցիոն ռինոպլաստիկան է՝ քթի չափերի փոքրացումը։ Դիմողները հիմնականում երիտասարդ աղջիկներ են, բայց երբեմն նաեւ մեծահասակ կանայք ու տղամարդիկ։
«Բնությունը հայերիս դեպքում քթի հարցում «շռայլել» է։ Ուստի պատահական չէ, որ Հայաստանում քթի պլաստիկ վիրահատությունը լայն տարածում է գտել, եւ մեր երկիրն աստիճանաբար դառնում է քթի պլաստիկ վիրահատության կենտրոն, որտեղ որակյալ ծառայություն է մատուցվում գրպանին հարմար գնով»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց «Մեդլայն կլինիկի» պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, քթի պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի հիմնադիր, Երեւան քաղաքի գլխավոր պլաստիկ եւ միկրովիրաբույժ Կարեն Պետրոսյանը։ Նրա ընդգծմամբ, աշխարհում բժշկական տուրիզմն աստիճանաբար զարգանում է, եւ Հայաստանում էլ արդեն բավականին զգալի է այդ միտումը։ Գալիս են տարբեր երկրներից։ Այդ առումով նա կարեւորեց պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի ստեղծումը։ Դրանում ներգրավված են պլաստիկ, դիմածնոտային վիրաբույժներ, քիթ—կոկորդ—ականջաբաններ։ Ասոցիացիան ստեղծվել է նախորդ տարի՝ Կարեն Պետրոսյանի ու նրա մտերիմների շնորհիվ։ Նա վստահեցրեց, որ պլաստիկ վիրաբուժության առումով նյութերը եւ տեխնիկական հնարավորությունները բավական բարձրակարգ են, իսկ գիտաժողովների մեկնելիս նոր սարքավորումներ, անհրաժեշտ միջոցներ են ձեռք բերում, հետամուտ են նորությունների կիրառմանը։
Պլաստիկ վիրաբույժի խոսքերով, ուզում են ամերիկյանին ու եվրոպականին համապատասխանող չափորոշիչներ մշակել, ներդնել պրակտիկայում ու որպես ուղեցույց դրանցով առաջնորդվել։ Նախատեսում են աշխատանքներում ներգրավել նաեւ արտասահմանյան լավագույն մասնագետներին՝ վարպետության դասերի համար։
Բավական հաջող ընթացած ու մեծ արձագանք գտած առաջին կոնգրեսից հետո ասոցիացիայի ներկայացուցիչները ծրագրում են դեկտեմբերին անցկացնել երկրորդը, որի շրջանակում նախատեսվում են այսպես ասած՝ կենդանի վիրահատություններ, քննարկումներ, դասախոսություններ անցկացնել։
Բժիշկ Պետրոսյանը նշեց նաեւ, որ նախկինում մարզեր են մեկնել, բավականին մատչելի գնով, երբեմն անգամ անվճար վիրահատություններ կատարել։ Հիմա էլ Արցախ են մեկնում ու համապատասխան խմբերի ներկայացուցիչներին բարեգործական հիմունքներով վիրահատում։
Պլաստիկ վիրաբուժությունը, հատկապես ռինոպլաստիկան, առավել պահանջված է ամբողջ աշխարհում։ Մեթոդներն ու մոտեցումները օրեցօր կատարելագործվում են, իսկ նորագույն տեխնոլոգիաներն ապահովում են վիրահատությունների ճշգրտությունն ու դյուրինությունը։
«Աստղիկ» ԲԿ—ի դիմածնոտային բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ, Գանգա—դիմածնոտային վիրաբուժության եվրոպական ասոցիացիայի անդամ Աշոտ Հարությունյանին դիմում են ոչ միայն Հայաստանից, այլեւ Ռուսաստանից, եվրոպական երկրներից ու ԱՄՆ—ից։ «Պլաստիկ վիրահատության համար իրական թեկնածուն այն մարդն է, ով իրատեսորեն է մոտենում իր խնդրին»,–ասաց բժիշկը։ Ըստ նրա՝ կոսմետիկ վիրաբուժությունը շտկում է առողջ, գործող օրգանները։ Նման վիրաբուժական միջամտության միակ պատճառը գեղագիտական գործոնն է, այսինքն, պացիենտի՝ սեփական արտաքին տեսքը բարելավելու ցանկությունը։ Ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունը ենթադրում է ֆիզիկական թերությունների շտկում, որոնք առաջացել են բնածին ֆիզիկական արատի, պաթոլոգիաների, վնասվածքների կամ ինֆեկցիաների պատճառով։
Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում պլաստիկ, էսթետիկ վիրաբուժության պահանջարկի մեծացումը, «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոցի եւ «Նորմեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության, միկրովիրաբուժության բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Գոռ Ամիրբեկյանը պատճառը վերագրում է հանրության մենթալիտետի փոփոխմանը։ Եթե նախկինում շատերը կաշկանդվում էին ենթարկվելու նմանատիպ վիրահատությունների, ապա այսօր այդ խնդիրն այլեւս չկա, եւ շատերը նույնիսկ հպարտորեն բարձրաձայնում են, որ վիրահատության են դիմել արտաքին հատվածի այս կամ այն խնդիրը շտկելու կամ առավել բարետես դառնալու նպատակով։
Այսօր արդեն մասնավորապես քթի պլաստիկ վիրահատության են դիմում նաեւ տղամարդկանցից շատերը։ Հիմնականում վիրահատվում են ե՛ւ էսթետիկ, ե՛ւ կոտրվածքների շտկման նպատակով։ Ռինոպլաստիկայի առումով, բժշկի վստահեցմամբ, Հայաստանը ետ չի մնում Եվրոպայից ու ԱՄՆ—ից։
«Այո, միանշանակ. Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը բավականին մատչելի է, դրա մասին են խոսում այն դեպքերը, երբ մեզ դիմում են նաեւ արտերկրից, մեծամասամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից, չնայած նրանց մոտ բավականին զարգացած է պլաստիկ վիրաբուժությունը, բայց, այնուամենայնիվ, զուտ մատչելիության առումով գալիս են Հայաստան վիրահատվելու։ Ունենք նաեւ պացիենտներ եվրոպական երկրներից, Անգլիայից վերջերս ունեցանք պացիենտ, ով եկել էր քիթը վիրահատելու, ունենք հերթագրված պացիենտ Կոստա Ռիկայից, այսինքն՝ վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանում բավականին մատչելի է բժշկությունը, եւ քանի որ վերջին տարիներին համացանցով հնարավոր է լինում տեղեկատվությունը տարածել աշխարհով մեկ, այսպես ասած, գլոբալիզացիայի արդյունքում կան ավելի շատ դիմողներ, ովքեր ցանկություն ունեն մեր երկրում ստանալ որակյալ եւ մատչելի բուժօգնություն»,–վստահեցրեց բժիշկը։
Ըստ «Աստղիկ» ԲԿ—ի դիմածնոտային բաժանմունքի պլաստիկ վիրաբույժ Արմեն Հարությունյանի, Հայաստանում կատարվող պլաստիկ վիրահատությունների շարքում առաջին տեղում է ռինոպլաստիկան (քթի ձեւի շտկում), որը տարեցտարի ավելանում է 5—10 տոկոսով, այնուհետեւ՝ մամոպլաստիկան, ականջների, դիմածնոտային եւ մարմնի տարբեր հատվածների վիրահատական միջամտությունները. «Այդ ակտիվությունը մեր մասնագիտության մեջ, իմ կարծիքով, ժամանակի հետ ավելանում է, բայց ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ դիմածնոտային վիրաբուժությունը կարիք ունի անընդհատ թարմացվելու եւ կատարելագործվելու, այսինքն՝ մնալ նույն տեղում ու սպասել ինչ—որ նորությունների՝ ճիշտ չէ։ Անընդհատ պետք է աշխատել՝ քայլել ժամանակին համահունչ»։
Դիմածնոտային վիրաբուժությունն, ըստ Արմեն Հարությունյանի, ունի մի քանի ուղղություն՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, դեմքի վերականգնողական վիրաբուժություն, վիրաբուժական օգնություն շեղումների եւ դեֆորմացիաների դեպքում։ Ինչպես նաեւ դեմքի ոսկորների կոտրվածքների հետ կապված բնածին խնդիրների՝ հակաբորբոքային հատկությամբ, ուռուցքների եւ այլն։
«Դիմածնոտային, պլաստիկ վիրաբույժը ոչ միայն վերականգնում է դեմքի վնասված գործառույթները, այլեւ վերադարձնում է կորցրած գեղեցկությունը»,–ասաց վիրաբույժը։
Բավական դժվար է, սակայն, հետվիրահատական շրջանը, ինչը մասնագիտական մեծ ներուժ պահանջելուց զատ կախված է նաեւ պացիենտի հոգեվիճակից։ Լինում են դեպքեր, երբ այցելուները վիրահատվելու մեծ ցանկության պատճառով թաքցնում են որոշ հիվանդություններ, որոնք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել վիրահատող բժշկի համար, այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջանում վիրահատությունից առաջ բազմակողմանի հետազոտություն անցկացնել։ Ա. Հարությունյանի տեղեկացմամբ, փորձառու վիրաբույժը 90—95% ճշգրտությամբ կարող է կանխատեսել, թե ինչպիսին կլինի վիրահատության արդյունքը։ Ի դեպ, նույն ճշգրտությամբ իրավիճակը կանխատեսում են նաեւ մյուս հայ մասնագետները։
Հայաստանում այսօր դիմածնոտային վիրաբուժության զարգացման մակարդակը բավականին բարձր է, եւ եթե առաջընթացի տեմպերը շարունակվեն նույն կերպ, ապա, հայ վիրաբույժների վստահեցմամբ, Հայաստանը առաջիկայում կդառնա քթի վիրահատության տարածաշրջանային կենտրոն։ Ի դեպ, տարբեր բուժհաստատություններում ռինոպլաստիկայի գները տարբեր են, դրանք տատանվում են 300—600 հազար դրամի սահմաններում, մինչդեռ արտերկրում նույն ծառայությունը մի քանի անգամ թանկ արժե։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *