Հայաստանը հանդես կգա իր ազգային բրենդով

Հայաստանի նման պետության համար ավելի արդյունավետ ու նախընտրելի է աշխարհին մեկ միասնական բրենդով ներկայանալը:
Այլ պետությունների փորձը ցույց է տալիս, որ ազգային բրենդ ստեղծելը որքան բարդ, նույնքան էլ հզոր միջոց է երկրի մասին իրազեկվածության բարձրացման եւ միջազգային շուկայում հեղինակություն ստեղծելու առումով: Մեկ ընդհանուր բրենդի ստեղծումը, կարող է արտացոլել պետության ողջ արժեհամակարգը իր պատմությամբ եւ մշակույթով: Իրականում ազգային բրենդի խթանումը եւ տարբերակված առաջմղումը տարբեր շուկաներում շատ է կարեւորվում: Թերեւս այս եզրակացության են հանգել երկրի մրցունակության ոլորտն ապահովող կառույցի ներկայացուցիչները: Ժամանակն է բրենդավորելու նաեւ մեր երկիրը եւ աշխարհին ներկայանալու միանգամայն այլ տարբերակով: Արդեն զարկ է տրվել այս նախագծի իրականացմանը:Այն հաստատվել եւ ամրագրվել է փաստաթղթով:
Ամիսներ առաջ պայմանագիր է կնքվել Ազգային մրցունակության հիմնադրամի եւ «GK Brand» ընկերության հետ առաջին համապետական բրենդի մշակման ուղղությամբ: Կայայացվել է մրցույթ, որի արդյունքում բրենդի մշակման աշխատանքները վստահվել են վերոնշյալ ամերիկյան ընկերությանը, որը համաշխարհային ճանաչման մի շարք բրենդերի հեղինակ է: Ի դեպ, «GK Brand» ընկերության ղեկավարը մեր հայրենակից Վազգեն Քալաջյանն է:
Բրենդի ստեղծման նպատակն, ըստ հեղինակների միջազգային շուկայում մեր երկրի ճանաչելիության մեծացումն է, որը կօգնի ապահովել Հայաստանի մուտքը համաշխարհային շուկաներ` ներդրումային հոսքեր ապահովելով եւ հետաքրքրություն առաջացնելով արտահանվող տեղական ապրանքների եւ ծառայությունների հանդեպ: Պետությունը բրենդավորման այս ծրագիրը կարեւորում է հատկապես զբոսաշրջության խթանման, ժողովրդագրական աճի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից` այս ճյուղերի զարգացմամբ պայմանավորելով նաեւ երկրի տնտեսական աճը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչատուրյանը` կարեւորելով այս նախաձեռնությունը, համոզմունք է հայտնում, որ հայկական բրենդի առկայությամբ, միջազգային շուկաներում Հայաստանի կողմից արտադրվող ապրանքները եւ ծառայությունները կարող են առավել հասանելի եւ մատչելի դառնալ: «Հայաստանը պետք է կարողանանք տեսնել ոչ միայն հայի այլեւ օտարերկացու աչքերով` հասկանալու համար, թե որոնք են մեր երկրի գրավչության նախադրյալներն ու թիրախները` հետագայում այն մեր վարքագիծը դարձնելու համար», – ասում է նա:
Աշխատանքները չեն սահմանափակվելու միայն բրենդի ստեղծմամբ, քանի որ այն ստեղծելը գործի միայն մի մասն է: Կարեւոր է նաեւ նրա` միջազգային ներկայացվածութունն ապահովելը: Այսինքն` ազգային բրենդի առաջմղման համար պետք է համապատասխան մարկետինգային քաղաքականություն իրականացվի:
Բրենդը պետք է գործի իրականացվող ռազմավարությունների եւ գործողություների հետ համակցված: Մասնագետների գնահատմամբ, ճիշտ միջազգային բրենդ ունենալն ու այն ակտիվ մարքետինգային քաղաքականությամբ առաջ մղելը շատ կարեւոր է երկրի համար, թե ճանաչողության եւ հեղինակության ձեռք բերման համար:
Նշենք, որ «GK Brand»-ը լավագույն ընկերություններից է, ով կարող է լավագույնս դրսեւորել իր պոտենցիալը երկրի համար կարեւորվող այս գործընթացում:
Ընկերության գլխավոր տնօրեն Վազգեն Քալաջյանը մեծ պատիվ է համարում Հայաստանի մշակութային հարստությունը աշխարհին փոխանցելու, տնտեսական ներուժը խթանելու եւ երկրի հեղինակությունը տարածաշրջանում եւ աշխարհում բարձրացնելու գործում իր մասնակցությունն ապահովելը:
Նա ողջունում է այն գաղափարը, որ Հայաստանը եւս կարող է իր ազգային բրենդն ունենալ: «Ազգային բրենդավորումը Հայաստանի համար կարող է նորարություն թվալ, սակայն այն հատկանշական է երկրի հնարավորությունները աշխարհին ի ցույց դնելու տեսանկյունից: Աշխարհում կան շատ կրթված մարդիկ, ովքեր պատկերացում չունեն, Հայաստանի` քարտեզի վրա գտնվելու մասին: Լավ բրենդավորված պետությունները կարողանում են հաղորդակցվել բոլորի հետ տարբեր հարթություններով եւ ամրապնդել կապը նրանց հետ: Հզոր բրենդավորումն այսօր կարող է փոխել մարդկանց ընկալումն ու բարձրացնել իրազեկվածությունը նրանց շրջանում», համոզված է մեր հայրենակից Վազգեն Քալաջյանը:
Ընկերությունն ունի բավական որակյալ թիմ, որը բաղկացած է մրցանակների արժանացած փորձագետներից եւ տարբեր մասնագիտական խմբերից, ովքեր ընդգրկվելու են ազգային բրենդի մշակման աշխատանքներում:
«GK Brand» ընկերությունն ունի գործընկեր գրասենյակներ աշխարհի 25 երկրներում: Այն ներկայացնելու է բրենդավորման ռազմավարության զարգացման եռամյա ծրագիր. աշխատանքները, որոնք կտարվեն ազգային բրենդի ստեղծման եւ մշակման ուղղությամբ, կլինեն լայնածավալ:
Նշենք, որ ԱՄՀ-ի եւ Հակական բարեգործական ընդհանուր միության հետ համատեղ համաձայնություն է ձեռք բերվել` աշխարհում գլոբալ տեղեկատվական կենտրոնների ստեղծման վերաբերյալ, ինչը ենթադրում է, որ ՀՄԸՄ-ի ներկայությունն ապահովող աշխարհի բոլոր երկրներում կգործեն գրասենյակներ, որոնք կմատուցեն մատչելի եւ հասանելի տեղեկատվություն Հասյաստանի մշակույթի եւ պատմության, զբոսաշրջության գրավչության, արտահանման եւ ներդրման հնարավորությունների մասին:
Բրենդի ձեւավորումը կարեւոր է նաեւ զբոսաշրջության զարգացման եւ նոր ներդրումների ներգրավման տեսանկունից: Տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները համոզված են, որ բրենդի առկայությունը զարգացման նոր թափ կհաղորդի զբոսաշրջային այցելությունների տեսանկյունից եւ հնարավոր կդարձնի ոլորտում տարեկան` նվազագույնը 10 տոկոս աճ ապահովելը, միաժամանակ նպաստելով ոլորտում ներդրումների ներգրավմանը եւ առհասարակ բիզնես միջավայրի բարելավմանը:

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *