Հայաստանը պատրաստ է ընդունել Հալեպից երեխաների. վարչապետ

Կառավարությունը պատրաստ է պատշաճ ձևով ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար. գործադիրի մայիսի 7-ի նիստին այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Սիրիայի իրավիճակին:

Այս մասին գրում է Civilnet.am -ը:

«Ցանկանում եմ խոսել մեր բարեկամ երկիր Սիրիայի մասին, որտեղ իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, պատերազմը շարունակվում է, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում: Ցավոք, քիչ չեն նաև զոհերը խաղաղ բնակչության շրջանում: Այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներից ելնելով եկել են Հայաստան:

Օրեր առաջ լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել էի Հալեպի Սուլեյմանիե թաղամասում իրականացված հրթիռակոծությանը, որի հետևանքով, ցավոք, հայեր էին տուժել: Այդ ժամանակ ահազանգ էր հնչել երեխաներին ու դպրոցականներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ իշխանությունները, կառավարությունը պատրաստ են պատշաճ ձևով ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Նա հանձնարարել է, որ կառավարության հաջորդ նիստում պատկան մարմինները հանգամանալից տեղեկություն տան իրավիճակի մասին:

*** 2011-ից ի վեր Սիրիայում շարունակվող պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 200 հազար մարդ, մոտ 3 միլիոն մարդ դարձել է փախստական: Սիրիահայերից շատերը ապաստան են գտել Լիբանանում և Հայաստանում: Այս տարվա փետրվարին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանում ավելի քան 12 հազ. սիրիահայ կա:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *