Pushkino

Հայաստանից ժամանած հյուրն իր տպավորություններն է կիսում Պուշկինոյի հայկական դպրոցի մասին

Հունիսի 4-ին ՌԴ Մոսկվայի մարզի Պուշկինո շրջանի և Իվանտեևկա քաղաքի հայկական մեկօրյա դպրոցի սաները տոնական միջոցառում էին կազմակերպել՝ նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին և Արցախի բանակի ստեղծմանը: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են համայնքից, միջոցառմանը ներկա էր Հայաստանից այցելած հյուր՝ Գևորգ Քեշիշյանը (լրագրող, հասարակական գործիչ), ով իր տպավորություններն է կիսում.

«Հայրենիքից հեռու շատ հաճախ հնարավոր չի լինում պահպանել մշակույթը, լեզուն և դրա համար ստեղծվում են էթնիկ խմբերի միավորումներ, որոնց պահպանման բաղադրիչն ի սկզբանե դպրոցն է: Հայաստանում մենք դրա կարիքը չենք զգում, քանի որ այն արմատական մենթալիտետում նստած է, և հասարակությունն իր երբեմնի դիմագիծը կերտել է՝ ժողովրդի մեջ դառնալով մենթալիտետ, որը մեր մեջ եղած կարծրատիպերի շուրջ ձևավորված մշակույթն է, որով և առաջնորդում և կրթում ենք մեր ժառանգներին: Ուստի կարևոր է հայրենիքից հեռու գտնվող յուրաքանչյուր հայորդու մեջ ամրացնել ազգայինը, միաժամանակ կրթելով նոր սփյուռքահայ երեխային, երիտասարդին, հաղորդել նրան էլիտար մշակույթը, որի կրելու իրավունքն ի վերուստ տրված է: Հայաստանում հաճախ կարելի է տեսնել ազգային երգ ու պարով միջոցառումներ, բայց խիստ ոգևորիչ է նույն այդ միջոցառումը տեսնել ՌԴ-ում: Թերևս ամենատպավորիչն այն է, որ հազիվ հայերեն խոսող ու հայերենով ոչ ճշգրիտ իր մտքերն արտահայտող երեխան Հայաստան բառն ասելով՝ աչքերում փայլ է առաջանում, և այդ հայրենիքը նրան օտար չէ, այլ մի մասն է իր: Մեծ ուրախությամբ բոլորին պատմում եմ Մոսկվայի մարզի Պուշկինո շրջանի «Արգիշտ» հայ համայնքի կատարած հսկայական աշխատանքների մասին, նրանցից ամենատպավորիչը «Արգիշտ» հայկական կիրակնօրյա դպրոցի առկայությունն է, որտեղ կրթվում են տարբեր տարիքային խմբերի հայ մանուկներ և երիտասարդներ: Որպես Հայաստանից ժամանած՝ ինձ համար խորթ էր այն հայերենը, որով երեխաները խոսում էին, բայց երբ շփվում ես տեղաբնակ այլ հայ երեխաների հետ ու տեսնում, որ հայերենի իմացությունն նրանց մոտ ի սպառ բացակայում է, հասկանում ես, թե ինչ հսկայական աշխատանք է տանում դպրոցի աշխատակազմը, և ինչ նվիրումով, առանց որի, իհարկե, նման արդյունք չէր ապահովվի: Կարծում եմ՝ Սփյուռքի յուրաքանչյուր օջախում պետք է գործեն նման կենտրոններ, որոնք պետք է պատրաստեն հայեցի դաստիարակված երիտասարդներ, ինչպես վերը նշված դպրոցն է պատրաստում: Միայն նման մոտեցում ցուցաբերելով՝ մենք կարող ենք դառնալ հզոր հայրենիք հզոր Սփյուռքով, դառնալ սոցիալական, քաղաքական ազգ, և ի վերջո լինել նաև թելադրող և ոչ թե թելադրվող»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *