Հայաստանի պատմության թանգարանում կայացավ Զավեն Խաչիկյանի «Սև սպիտակ եռագույն» գրքի շնորհանդեսը

Այս տարի ազգովի նշում ենք ինչպես Հայաստանի,այնպես էլ Արցախի Հանրապետությունների անկախության 25-րդ տարելիցը։ Դժվարին տարիներ,որոնց ընթացքում ոչ ոք չընկճվեց, հակառակ հզորացավ, շենացավ,պայքարելով իր պետականության ու ժողովրդի համար։ Կապված սրա հետ թե մեր երկրում,թե Արցախում ու թե Սփյուռքում կազմակերպվելու են տարրաբնույթ միջոցառումներ, քննարկումներ,ցուցահանդեսներ և այլն,համայն աշխարհին ծանոթացնելու երկու հայկական պետությունների անկախության անցած ուղու ու պատմության հետ։ Այսպիսով՝ Հայաստանի Պատմության թանգարանում նոյեմբերի 1-ին կայացավ Զավեն Խաչիկյանի «Սև սպիտակ եռագույն» գրքի շնորհանդեսը և բացվեց ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Պատմության պետական թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանն,ով ողջունելով բոլորին ներկայացրեց նկարչին ու ցուցահանդեսի նպատակը։ Այնուհետև ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն,ազգագրագետ Լևոն Աբրահամյանն ,ովքեր խոսեցին գրքի ստեղծման ու Խաչիկյանի անցած ուղու և արվեստի մասին։Վերջում շնորհակալական ու ամփոփիչ ելույթով հանդես եկավ Զավեն Խաչիկյանն,ով շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներից՝ հույս հայտնելով,որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակելի,մեր հանրությանը ծանոթացնելու մեր նորանկախ երկրի պատմության հիշարժան դրվագներ ու նորանոր գրքեր։

«1983-2000-ականներին արված հարյուր հիսուն սև սպիտակ լուսանկարները գեղարվեստական վավերագրումն են Անկախության 25-ամյա ընթացքի: Նրանք բոլորը՝ միասին առած, զերծ են քաղաքական, սոցիալական, գաղափարական շեշտադիր բեռնվածքից: Ներկայացված պատկերների դրվագային բնույթը, թվում է, թե տրոհում է Ժամանակը, մինչդեռ հենց այդ կերպ հեղինակի՝ աշխարհի, ժամանակի ընկալման բազմեզր պատկերն ամբողջանում և արարվում է իբրև վերապրումի անանջատելի ընթացք:

14958874_1280811738648974_131423777_n

Յուրաքանչյուր պատկերի մեջ կանգ առած ակնթարթը կրում է ոչ միայն անցած պատմության ստույգ վկայությունը, այլև շարունակում է իր կյանքը՝ իբրև խոհ ու զգացմունք՝ ներկայի ու ապագայի հանդեպ: Յուրաքանչյուր պատկեր՝ իր անխառն ու անփոփոխելի իսկությամբ հանդերձ, ընկալվում է ոչ իբրև անցյալի վերարտադրություն, այլ դառնում է այդ նույն անցյալի «պատասխան-կանչը» ներկային:

14958647_1280811691982312_925401473_n

Սա է լուսանկարիչ-արվեստագետի մեկնակետն ու գեղարվեստական սկզբունքը: Հավատարիմ իր որդեգրած արվեստի հիմնարար էությանը՝ նա Ժամանակի հարահոսից պոկած դրվագը փոխակերպում է մշտառկա մարդկային իրավիճակի և ստիպում է դիտողին տեսնել – ճանաչել այն՝ լուռ երկխոսության համատրոփ ապրումով:Գրքի պատկերային շարքերն ընդմիջող՝ Հրանտ Մաթևոսյանի տեքստերը, որ մեր Ժամանակի ընկալման խորհուրդն են կրում, ընթերցողին ընձեռում են լուսանկարները կարդալու բանալին, նրանց համատեքստային ընկալումն ու վերաիմաստավորումը»,- այսպես են նկարագրում Զավեն Խաչիկյանին և նրա լուսանկարները պատմության թանգարանից:

14961551_1280811728648975_1058664900_n

Գիրքը հրատարակվել է Հայաստանի Հանրապետության անկախության 25–ամյակի առթիվ՝ ՀՀ Մշակույթի նախարարության, «Հարավային Կովկաս» շվեցարական համագործակցության գրասենյակի և Էդուարդ և Վերժին Մսրլյանների աջակցությամբ: Գիրքը կազմել են Անելկա Գրիգորյանը և Զավեն Խաչիկյանը, ձևավորումը՝ Հասմիկ Մովսեսյանի:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *