5B9866C0-90CB-493A-8622-746D237665B4_cx0_cy1_cw0_mw1024_s_n_r1

Հայաստանում աշխատանք չգտնելով` սիրիահայերը հեռանում են

Հայաստանում առկա սոցիալական դժվար վիճակը, գործազրկության աճը և քիչ թե շատ բարեկեցիկ կենսակերպ ապահովող աշխատավարձով աշխատանք գտնելու քիչ հավանականությունը որոշ սիրիահայերի ստիպում է լքել հայրենի եզերքը և մեկնել օտար ափեր` աշխատանք գտնելու ակնկալիքով: Օգսեն Վարդիկյանի ընտանիքը նրանցից մեկն է: Օգսենը կնոջ և երկու զավակների հետ երկու օր հետո պատրաստվում է մեկնել Հալեպ, իսկ այնտեղից էլ Կանադա, որտեղ բարեկամներ ունի և նրանք խոստացել են աջակցել իրենց աշխատանք գտնելու հարցում:

Այս ընտանիքն արդեն երկու տարի է Հայաստանում է, սակայն ոչ Օգսենը և ոչ էլ նրա կինը` Աստղիկը, չեն կարողացել աշխատանք գտնել, որպեսզի անչափահաս զավակների կարիքները հոգան: Արտասահմանում գտնվող բարեկամների ուղարկած ֆինանսական միջոցներով են գոյատևում, բնակարանի վարձ տալիս և սննդի հարցը հոգում: ՙԵրկու տարի Հայաստանում մնացինք, հույս ունեինք աշխատանք գտնել և շարունակել ապրել այստեղ մինչև Սիրիայում վիճակը կայունանա և կարողանանք վերադառնալ:

Արտասահման գնալու որևէ մտադրություն չի եղել, մեր հայրենիքն այստեղ է և ցանկությունը այստեղ ապրելն ու աշխատելն է եղել: Բայց այլևս հնարավոր չէ այսպես պարապ ու անփող ապրել` ուրիշների հաշվին: Ստիպված ենք լքել Հայաստանը և մեկնել Կանադա: Օտար հող է, բայց կարծում եմ այնտեղ աշխատանք գտնելու խնդիր չենք ունենա: Եթե բախտներս բերի, գուցե նաև մասնագիտությամբ աշխատանք կարողանանք գտնել: Ես մասնագտությամբ տնտեսագետ եմ, կինս հաշվապահ է: Բայց Հայաստանում պատրաստ էինք անգամ բանվորական գործով զբաղվել, միայն թե կարողանայինք քիչ թե շատ բավարար աշխատավարձ ստանալ, որ մեր ապրուստը հոգայինք՚,- ասում է ՕԳՍԵՆ ՎԱՐԴԻԿՅԱՆԸ:

Ամուսինները բախել են հնարավոր բոլոր դռները` սփյուռքի նախարարության, աշխատանքի տեղավորման գործակալությունների, սիրիահայերին աջակցող կազմակերպությունների, բայց իրենց այդպես էլ որևէ հարմար աշխատանք չեն առաջարկել: Մեկ անգամ 70 հազար դրամով խանութի վաճառողուհու աշխատանք են առաջարկել Աստղիկին` 10-ժամյա գրաֆիկով, բայց նա մերժել է` գիտակցելով, որ այդքան գումարով միայն տան վարձը կկարողանան տա: Փոխարենն ինքը հնարավորություն չի ունենա իր զավակների դաստիարակությամբ զբաղվել: Այլևս որևէ առաջարկ չի եղել: Օգսենին աշխատանք գտնելն ավելի բարդ խնդիր է, քանի որ դժբախտ դեպքից հետո վնասել է ոտքը և այժմ դժվարությամբ է կարողանում քայլել` ձեռնափայտի օգնությամբ: Ասում է, որ գործատուներն իրեն տեսնելով` միանգամից ասում են, որ թափուր աշխատատեղ չունեն. ՙՈվ իմանա` գուցե իրոք թափուր աշխատատեղ չկա կամ գուցե իմ ոտքից են խրտնում, չեն ուզում իրենց մոտ հաշմանդամ աշխատի:

Ես հասկանում եմ, որ Հայաստանում աշխատանք գտնելու գործը սուղ է, անգամ հայաստանցիներից շատ շատերն այդ խնդիրն ունեն: Բայց լինում է, որ աշխատանքի հայտարարություն ես կարդում խանութի դռանը փակցրած, մտնում ես ներս ու քեզ տեսնելով, ասում են, որ արդեն մարդ են ընդունել աշխատանքի: Այդ դեպքում ինչու հայտարարությունը չեն հանում: Չեմ ուզում հոգուս մեղք անել, բայց հավանաբար այստեղ հաշմանդամներին աշխատանքի ընդունելը բարդ է՚: Օգսեն Վարդիկյանի հավաստիացմամբ` Սիրիայից իր հետ Հայաստան ներգաղթած երկու ընկերները վաղուց են այստեղից մեկնել` ընտանիքների հետ: Պատճառը հիմնականում աշխատանք չգտնելու խնդիրն է եղել: Ընկերներից մեկն անգամ փորձել է այստեղ սեփական բիզնեսը հիմնել` հացի փուռ է բացել: Սակայն մի քանի ամիս աշխատելուց և չնչին եկամուտ ստանալուց հետո հուսահատվել է և փակել հիմնարկը:

ՙԸնկերս մեծ ընտանիք ուներ` ծնողները, կինը, քույրը և երեք երեխաները միասին էին ապրում` վարձակալած բնակարանում: Ամբողջ ընտանիքից միայն ինքն էր աշխատում և բոլորի հոգսը քաշում, տան վարձ տալիս: Քույրը, որ Սիրայում դասավանդում էր հայկական դպրոցում, այստեղ չկարողացավ աշխատանք գտնել: Կինն էլ մանկաբարձ էր և նորից իր մասնագիտությամբ աշխատանք իրեն այդպես էլ չառաջարկեցին: Իսկ իր այցելած հիվանդանոցներում խոստանում էին, որ բժշկի թափուր տեղ լինելու դեպքում իրեն կհրավիրեն: Սակայն երկու տարվա մեջ այդպես էլ որևէ հրավեր չեղավ,- պատմում է սիրիահայը:- Եվ երբ ընկերոջս ազգականներն իրեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից կանչեցին` խոստանալով, որ տնային ծառայություններ առաջարկող իրենց ընկերությունում աշխատանք կտան, նա առանց երկար մտածելու ամբողջ ընտանիքի հետ մեկնեց ԱՄՆ: Հիմա այնտեղ աշխատում է և գոհ է: Ցավում է, որ միայն այդ պատճառով ստիպված եղավ լքել Հայաստանը, բայց ասում է, որ ընտանիքի հանդեպ պարտավորությունը թույլ չտվեց մնալ՚: Оգսենը նաև զարմացած է, որ Հայաստանում որևէ լավ աշխատանք գտնելու համար հարկավոր է ծանոթ ունենալ և նրա միջնորդությամբ աշխատանքի անցնել: Ասում է, որ սիրիահայերը հիմնականում այստեղ ծանոթներ չունեն և փաստորեն նաև դա է պատճառը, որ լավ աշխատանք լինելու դեպքում սովորաբար իրենց թեկնածությունը չի քննարկվում: Թե վերջին տարիներին աշխատանք և ապրուստի հուսալի միջոց չգտնող քանի սիրիահայ է մեկնել Հայաստանից և ապաստանել արտասահմանում` հայտնի չէ:

Զարմանալիորեն ոչ սփյուռքի նախարարությունը և ոչ անգամ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը որևէ վիճակագրություն չկարողացան մեզ տրամադրել` պատճառաբանելով, թե մեկնողներն իրենց չեն տեղեկացնում այդ մասին, իսկ իրենք այդքան ներուժ չունեն, որպեսզի կարողանան վերահսկել, թե քանի սիրիահայ է հեռանում Հայաստանից և ինչ պատճառներով: Ի դեպ, կենտրոնում անգամ տեղյակ չեն, թե քանի սիրիահայ է այսօր գործազուրկ և աշխատանքի անհրաժեշտություն ունի, նույնը նաև սփյուռքի նախարարությունից, ինչը թերևս վկայում է ներգաղթյալների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի մասին: Փաստորեն բոլոր այն հայտարարությունները, թե ներգաղթյալ սիրիահայերին սփյուռքի նախարարությունը աջակցում է աշխատանք գտնելու հարցում, իրականությանը չեն համապատասխանում: Օգսենն ինքն էլ փաստում է, որ Հայաստանում եղած ժամանակ իրենց այդպես էլ նախարարությունից ոչ ոք չհրավիրեց և աշխատանք չառաջարկեց ինչ- որ հիմնարկում կամ գոնե նախարարության միջնորդությամբ որևէ կառույցից իրենց աշխատանքի չհրավիրեցին: Իսկ երբ իրենք են դիմել նախարարություն, հուսադրել են և ճանապարհ դրել:

Փոխարենը սիրիահայը իր ծանոթների միջոցով հետաքրքրվել է և իմացել, որ մեծ մասամբ նրանք, ովքեր արտասահմանում ապահովված բարեկամներ, հարազատներ ունեն և Հայաստանում բախվում են անգործության խնդիրներին կամ բավականաչափ աշխատավարձով աշխատանք չեն կարողանում գտնել, մեկնում են հարազատների մոտ` հիմնականում Կանադա, ԱՄՆ և եվրոպական որոշ քաղաքներ: Բայց պարզվում է, որ դրսում ապահով կյանք փնտրող բոլոր սիրահայերը չէ, որ կարողանում են հաջողության հասնել և նորից վերադառնում են Հայաստան: ՎԻԳԵՆ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ մի քանի ամիս է Եզնիկ Կողբացի 39 հասցեում սեփական սննդի կետն է հիմնել, որտեղ հավի մսից պատրաստվող արաբական համեղ թաուկ է առաջարկում իր այցելուներին:

Մենակ է աշխատում` ինքը և պատրաստում է, և վաճառում, և մատուցում: Ասում է` այդպես լրացուցիչ ծախսեր չի անում վաճառողներին ու խոհարարներին աշխատավարձ տալու համար, ինչի հաշվին էլ իր առաջարկած սնունդն էժան է: Նա ընտանիքով Հայաստան է ներգաղթել երեք տարի առաջ: Այստեղ սեփական բիզնեսն ուներ, որը, սակայն, չէր գոհացնում նրան: Արդյունքում փակեց բիզնեսը և և շատերի նման կնոջ ու երկու դուստրերի հետ մեկնեց Հոլանդիա. ՙԵրբ հասանք Հոլանդիա, ասեցի` վայ, մամա ջան, այս ինչ արեցինք: Չորս ամիս ապրեցիքն ճամբարում, և երբ մի օր մեզ կանչեցին հարցազրույցի, ես ասացի, որ ուզում եմ վերադառնալ:

Այդպես վերադարձանք Հայաստան: Եվ ես նոր բիզնես հիմնեցի` զրոյից, առանց որևէ մեկի օգնության: Վաճառեցինք մեր ունեցած արժեքավոր իրերը, զարդերը և եղած գումարով գնեցի անհրաժեշտ սարքերը: Շատ բան էլ, ինչ հնարավոր էր, իմ ձեռքով սարքեցի, որ գումարը խնայեմ: Հիմա, փառք Աստծո, գործը կա, աշխատում եմ ողջ օրը և կարողանում եմ ընտանիքս պահել: Միակ թերությունն այն է, որ կնոջս և դուստրերիս միայն գիշերով եմ տեսնում` առավոտյան ութից մինչև տասներկուսն աշխատում եմ՚:

Վիգեն Փիլիպոսյանն այժմ այլևս չի մտածում Հայաստանից հեռանալու մասին, ասում է, որ սա է իր հայրենիքը և իր ու ընտանիքի համար միակ հարազատ հողն է: Այն հարցին, թե արդյոք պետությունը որևէ կերպ չի՞ աջակցել իրեն` բիզնեսը հիմնելու հարցում, Վիգեն Փիլիպոսյանը բացասաբար շարժում է գլուխն ու ասում` այդպիսի ոչինչ չկա: Որևէ աջակցություն, արտոնային պայմաններով վարկերի տրամադրում, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնում են համապատասխան գերատեսչությունները, իրեն չի առաջարկվել: Ճիշտ է, պետական ինչ-որ ծրագրեր կան, որոնք կոչված են սիրիահայերին աշխատատեղերով ապահովել, մասնագիտական որևէ կրթություն ստանալու կամ սեփական բիզնեսը հիմնելու դասընթացներ կազմակերպել, արտոնային պայմաններով վարկեր տրամադրել գործարար ծրագրերը կյանքի կոչելու համար, սակայն դրանք խիստ սահմանափակ թվով մարդկանց համար են նախատեսված և շատ քչերն են, որ կարողանում են այդ ծրագրերից օգտվել:

Ծրագրերը բոլոր ներգաղթյալներին հասանելի դարձնելու համար բավական մեծ ֆինանսական ռեսուրս է հարկավոր նորդնել, որի հնարավորությունը, սակայն, չկա: Եվ ստացվում է այնպես, որ մոտ 13 հազար սիրիահայ ներգաղթյալների զգալի մասը դուրս է մնում այդ ծրագրեից և չկարողանալով Հայաստանում ինտեգրվել` աշխատանք գտնելու կամ բիզնես ծրագիր իրականացնելու միջոցով` հուսահատ լքում է երկիրը: Մենք այցելեցինք նույն փողոցում ՙԹաուկի՚ հարևանությամբ գործող խանութներից մեկը, որտեղ սիրիահայերը մարզական հագուստ են վաճառում: Խանութի երիտասարդ սեփականատերը չցանկացավ ներկայանալ, բայց նա ևս հավաստիացրեց, որ պետությունը որևէ կերպ չի աջակցել իրեն` բիզնեսը հիմնելու հարցում: Բոլոր ներդրումները սեփական միջոցներով է հայթայթել: Բայց չի բողոքում, ասում է, որ ինքը ոչ ոքի օգնության կարիքը չունի և անգամ առանց դրա հիմա կարողանում է հաջող բիզնես անել:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է օրերից մի օր նա նույնպես մտածի օտարության ճանապարհը բռնելու մասին, սիրիահայ երիտասարադն ասաց, որ հակառակը` սեփական օրինակով փորձում է քաջալերել մեկնողներին, որպեսզի նրանք բոլոր այն ջանքերը, որ պիտի գործադրեն դրսում աշխատանք գտնելու կամ բիզնես անելու համար, այստեղ գործադրեն: Երիտասարդը վստահեցնում է, որ այդ դեպքում իրենց գործը նույնպես կհաջողի:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Armarlur.com

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *