Հայաստանում բնակվող քրդերը միջազգային հանրությանը կոչ են անում բռնել ցեղասպան թուրքերի արյունոտ ձեռքը

Հայաստանում բնակվող քրդերը միջազգային հանրությանը կոչ են անում բռնել ցեղասպան թուրքերի արյունոտ ձեռքը:

Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը:

«Թուրքիայում Մեջլիսի ընտրություններից առաջ և հետո թուրք իշխանությունները սկսել են պատերազմ քուրդ ժողովրդի դեմ: Անում են ամեն ինչ, որ ոչնչացնեն, սպանեն, ազդեն քրդերի վրա, որպեսզի նրանք չկարողանան իրենց ազատագրական պայքարն առաջ տանել: Քրդերը հայտարարեցին, որ եթե իրենց չեն ընդունում որպես ազգ, իրենք կարող են ինքնակառավարման մարմիններ ստեղծել ու չենթարկվել իշխանությանը: Էրդողանը սկսեց արտակարգ դրություն ստեղծել Թուրքիայում այն վայրերում, որտեղ քրդեր կան, առաջ բերեց մեծ զոհեր, ավերածություններ»,- Արցախպրեսի փոխանցմամբ՝ նշեց Կնյազ Հասանովը:

Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահը շեշտեց, որ իրենք դատապարտում են այն երևույթը, երբ քրդական աշխարհում զոհեր են լինում:

«Թուրքիայում մեր ակտիվիստները սպանվում են, խոշտանգումների ենթարկվում: Թուրքիայում ամեն ինչ կատարվում է մեկ մարդու`Էրդողանի կարգադրությամբ, նրա կարգադրությամբ հրամայված է, որ մարդիկ տներից դուրս չգան, ովքեր դուրս են գալիս, գնդակահարվում են, և չի թույլատրվում նրանց մարմինները թաղել: Մնացածները սննդի, ջրի պակասի պատճառով սովամահ են լինում: Թուրք իշխանություններն ամեն ձևով ճնշումներ են իրականացնում, որ քրդերն իրենց ազգային ազատագրական պայքարն առաջ չտանեն»,-շեշտեց նա:

Կնյազ Հասանովը հիշեցրեց, որ Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ասել է, թե 100 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանությունը շարունակվում է քրդերի նկատմամամբ:

«Միջազգային հանրությունը լռել է, քրդերի ցեղասպանությանը չի արձագանքում, այնքանով են բարձրացնում իրենց ձայնը, որքանով բխում է իրենց շահերից: Կոչ ենք անում միջազգային հանրությանը բռնել ցեղասպան թուրքերի արյունոտ ձեռքը, կոչ ենք անում, որ նրանք ձևական չհայտարարեն, թե ընդունում են քրդերի ցեղասպանությունը, ինչպես կատարվում է Հայոց ցեղասպանության դեպքում:

Մեր ժողովուրդը լի է վճռականությամբ, հաստատակամ է իր պայքարի մեջ, դա պետք է պսակվի հաղթանակով»,-նշեց Կնյազ Հասանովը:

Նա շեշտեց, որ այսօրվա դրությամբ Թուրքիայում 3000-ից ավելի քուրդ զոհեր կան:

«Հայ ժողովուրդը 100 տարի առաջ տեսել է նման իրավիճակ, թուրքերն ամեն ինչի ընդունակ են: Մենք շնորհակալ ենք հայ ժողովրդին»,-շեշտեց Կնյազ Հասանովը: Այս մասին գրում է Հայերն այսօր պարբերականը

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *