Հայաստանում մայիսի 31-ին նշում են սուրբ Հռիփսիմեի օրը

Հայաստանում մայիսի 31-ին նշում են վաղ քրիստոնեական ժամանակաշրջանի նահատակ սուրբ Հռիփսիմեի օրը, որը նշվում է Հոգեգալստյան օրվանից մեկ շաբաթ անց։

Հռիփսիմեն, (ծ.թ. անհտ.- 301), քրիստոնյա նահատակ կույս է, սուրբ։ Ըստ պատմության՝ 37 քրիստոնյա ազնվազարմ կանայք Հռիփսիմեի գլխավորությամբ, խուսափելով Հռոմի Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախել են Մեծ Հայք և զբաղվել քրիստոնեական քարոզչությամբ։ Վաղարշապատում սրատվել են Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի հրամանով։ Դեպքից 9 օր անց բանտից ազատված Գրիգոր Ա Լուսավորիչը թաղելով նահատակներին, Վաղարշապատի հյուսիս-արևելյան կողմում կառուցել է Հռիփսիմյանց Վկայարանը կամ Հանգստարանը (տես Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի), որի շինաքարերը «մեղքերը քավող» Տրդատը բերել է Մասիս սարից։

Գրիգոր Լուսավորիչը Հռիփսիմեին և մյուս նահատակներին դասել է սրբերի կարգը, իսկ նրանց հիշատակի օրը մտցրել եկեղեցու տոնացույցում։ Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ մինչև 13-րդ դար կաթողիկոսարանում պահվում էին Հռիփսիմեի մասունքները, որոնք Հռոմկլայի գրավման ժամանակ (1292) մամլուքները տարել են Եգիպտոս՝ որպես ավար։

Հռիփսիմեի գերեզմանը գտնվում է համանուն տաճարում: Սբ. Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 618 թ-ին, Վաղարշապատում: Իր ճարտարապետական կատարելությամբ այդ տիպի եկեղեցիների լավագույն օրինակն է, որի հորինվածքը լայնորեն տարածվել է Հայաստանում:

Սբ Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատի հյուսիսարևելյան կողմում՝ Հայաստանում քրիստոնեություն տարածող սբ Հռիփսիմեի և նրա 32 ընկերուհիների (Հռիփսիմյանց կույսեր) նահատակման վայրում:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *