Հայաստանում սրտի ստենտավորումը 40-50 տոկոսվ կնվազի. Ո՞ր ԲԿ -ներն են նվազեցրել սակագները

Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ մահ պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով, եւ սրտային վիրաբուժության զարգացումը հատկապես մարզերում գերակա ուղղություն է։
Հայաստանն ավելի քան 20 տարի տարածաշրջանում առաջատար է ինվազիվ սրտային վիրաբուժության ոլորտում, այն խիստ զարգացում է ապրում եւ տարածաշրջանում զբաղեցնում է իր ուրույն տեղը։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ոլորտն այսօր էլ ապահովված է լավ մասնագետներով, անհրաժեշտ տեխնոլոգիաներով եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան որակյալ ծառայություններով։ Խնդիրը, որին նախարարն անդրադարձավ, սրտի վիրաբուժության մատչելիության ապահովումն է, եւ այն այսօր դարձել է օրակարգային, հաշվի առնելով ինվազիվ սրտաբանական ծառայություններ ստանալու նպատակով այլ երկրներ մեկնելու միտումը։

Նախարարի դիտարկմամբ, այս առումով 2015թ. հունվարի 1—ին մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որը բխում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից, առողջապահության համակարգի կարեւորագույն ձեռքբերումներից է։ Ծրագրի շնորհիվ արդեն շուրջ 2500 կյանք է փրկվել, շատ մարդիկ խուսափել են հաշմանդամությունից։
Երեւանում եւ մարզերում սրտի վիրահատությունների գները մատչելի դարձնելու նպատակով ՀՀ ԱՆ—ն դեռեւս հուլիսին բուժօգնություն իրականացնող կազմակերպություններին եւ մատակարարներին կոչ է արել ուսումնասիրել եւ վերանայել սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը։ «Մեկ տարվա ընթացքում նախարարությունը ձեռնարկել է բազմաթիվ քննարկումներ բժշկական պարագաներ ներկրողների եւ ԲԿ–ների ղեկավարների հետ, եւ նրանց հետ ունեցած բանակցություններն ու նրանց կողմից կատարված վերլուծությունները տվել են իրենց արդյունքը»,— նշեց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ սրտի ինվազիվ ծառայությունների մատչելիության խնդիրը ստանում է այն լուծումը, որին իրենք ձեռնամուխ են եղել շուրջ մեկ տարի։

Նախարարի՝ հուլիսին Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ «Գյումրի» ԲԿ—ի տնօրինությանը հանձնարարվեց հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել գների վերանայման վերլուծություն։ Արդեն օգոստոսի սկզբին ԲԿ—ն արձագանքեց այս խնդրին՝ հայտարարելով, թե մտադիր են սրտի ստենտավորման համար հիվանդի կողմից վճարվող գումարի չափը նվազեցնել մոտավորապես 300 հազար դրամով։ Նշենք, որ շատ հիվանդներ արդեն սպասարկվում են «Գյումրի» ԲԿ—ում՝ ստանալով սրտի ինվազիվ ծառայություններ։ Արմեն Մուրադյանի վստահեցմամբ, «Գյումրի» ԲԿ—ն այսօր լավագույնն է Հայաստանում՝ իրականացնելով միջազգային ստանդարտներին համահունչ եւ մատչելի բուժօգնություն։
Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին օր առաջ միացավ նաեւ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնը։ Նշենք, որ նոր իջեցված գների մեջ ներառված են նաեւ հետազոտությունները եւ հիվանդանոցային պայմանները։
Նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է վերանայել սրտի ինվազիվ վիրահատությունների փոխհատուցման չափը։ Ակնկալվում է, որ թե՛ բժշկական կազմակերպությունները, թե՛ ներմուծողները ճիշտ կգնահատեն իրավիճակը եւ կհետեւեն արդեն իսկ մատչելիության ապահովման քաղաքականություն իրականացնող գործընկերների օրինակին։

Նախարարը նշեց նաեւ, որ սրտի ինվազիվ ծառայությունների գների նվազեցման միտում է նկատվում ի դեպ ամբողջ աշխարհում, ինչը պայմանավորված է բժշկական պարագաներ արտադրողների եւ բարձր տեխնոլոգիաների տարածվածությամբ ու գնային մատչելիությամբ։ Արմեն Մուրադյանը նշեց նաեւ, որ Հայաստանում վերջին 1 ամսվա ընթացքում 49 անուն դեղորայքի գները նվազել են 3 տոկոսով։
«Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա շուկան ինքն է կարգավորում գնային քաղաքականությունը, եւ եթե այսօր Գյումրիում շատացել է հիվանդների թվաքանակը, ապա դա վկայում է, որ նրանց կողմից կատարվող աշխատանքները, գների շտկման քաղաքականություն իրականացնելը, որակի ապահովմանը զուգընթաց իրենց արդյունքը տալիս են,–նշեց Արմեն Մուրադյանը՝ հավելելով,–լինում են դեպքեր, երբ ցուցված է լինում տեղադրել ոչ թե մեկ, այլ երկու կամ երեք ստենտ։ Եթե նախկինում մեկ դեղապատ ստենտն արժեր 1 մլն 800 հազար դրամ, ապա այսօր խոսվում է 1 մլն 100 հազար դրամի մասին, որի շուրջ արդեն կա առաջարկ։ Երկրորդ ստենտը 2 մլն 800 հազարից նվազել է 1 մլն 800 հազարի, իսկ երրորդ ստենտը՝ 1 մլն 900 հազար դրամի»։

Ըստ նախարարի, բժշկական պարագաների գները եւս փոփոխությունների են ենթարկվել, ինչը կարող է էապես փոխել սրտային վիրաբուժության զարգացման հեռանկարները եւ առաջատար դիրքերը հաստատել նաեւ մատչելիության ստեղծման պարագայում։
Այն հարցադրմանը, թե արդյոք մյուս ԲԿ—ները եւս կմիանան գնային քաղաքականության վերանայմանը, նախարարի վստահեցմամբ, այս հարցը կկարգավորվի ոչ թե վարչարարությամբ, այլ շուկայական մեխանիզմներով. քանի որ այս երկու բժշկական կենտրոնն էլ ունեն բավական մեծ հզորություններ, եւ իրենց թողունակությունը կարող է ապահովել բավական մեծ թվով հիվանդների, իսկ շրջանառությունն ավելացնելով՝ ստանալ ավելի մեծ եկամուտներ։
«Աստղիկ» ԲԿ—ի տնօրեն Ասատուր Ասատուրյանը նշեց, որ կենտրոնում ամենաթանկ սրտի վիրահատությունն իրենց հաջողվել է մատակարարների հետ բանակցությունների արդյունքում 2 մլն 20 հազար դրամից նվազեցնել 1 մլն 100 հազար դրամի, ներառված բոլոր հետազոտությունները, երկրորդ ստենտը 3 մլն 20 հազարից նվազեցնել 1 մլն 500 հազար դրամի։
«Գյումրի» ԲԿ–ի տնօրեն Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ, իրենց մենեջմենթի արդյունքում հաջողվել է նվազեցնել ոլորտում մատուցվող ծառայությունների գները 300 հազար դրամով՝ միաժամանակ պահպանելով մասնագետների աշխատավարձը։ Միայն վերջին մեկ ամսում հիվանդների թիվը շուրջ 80 տոկոսով աճել է։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *