ԿԱՐԵՎՈՐ
Search
4-10

Հայաստան–Իտալիա. Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակը

Մայիսի 16—ին Իտալիայի Հանրապետության Սենատի «Ջուստինիանի» պալատի «Ձուկկարի» սրահում կայացել է համաժողով՝ նվիրված ՀՀ անկախության եւ Հայաստանի ու Իտալիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակին, որը կրում էր «Հայաստան 25 տարի. մարտահրավերներ եւ հեռանկարներ» խորագիրը եւ, Հայաստան—Իտալիա միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ համագործակցաբար, կազմակերպվել էր Իտալիայում Հայաստանի դեսպանության կողմից։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, համաժողովը, որին ներկա էին Իտալիայի քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, դիվանագետներ, համայնքային կառույցների եւ ԶԼՄ ներկայացուցիչներ, վարում էր Սենատի՝ ԵՄ քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, սենատոր Վանինո Կիտին։
Համաժողովին ելույթ է ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ով իր խոսքում հակիրճ ներկայացրել է երկու հազարամյակի պատմություն ունեցող հայ—իտալական համատեղ անցյալը՝ հիշատակելով նաեւ հայկական համայնքի երկարատեւ ներկայությունը, ինչը հիմք հանդիսացավ ժամանակակից հարաբերությունները զարգացնելու համար։ Նա անդրադարձ է կատարել միջպետական հարաբերություններում անցած 25 տարիների ընթացքում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններին, հունիսի 7—ին կայանալիք հայ—իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի աշխատանքներին, ինչպես նաեւ Հայաստան—Իտալիա երկկողմ հարաբերությունների բազմաբնույթ օրակարգի այլ հարցերին։

Համաժողովի բանախոսների թվում էին նաեւ Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, սենատոր Բենեդետտո Դելլա Վեդովան, Իտալիայի Սենատի Հայաստան—Իտալիա միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ, սենատոր Էմիլիա Գրացիա Դե Բիազին եւ Պատգամավորների պալատի համանախագահ Ֆլավիա Պիկկոլի Նարդելին, ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, պատգամավոր Պաոլո Ալին, Սենատի արտաքին հարաբերությունների եւ միգրացիայի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Ֆատտորինին, Հայաստանի Ազգային ժողովի նախորդ նստաշրջանի բարեկամության խմբի հայկական կողմի համանախագահ Կորյուն Նահապետյանը, Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլյանը, սենատորներ եւ պատգամավորներ։

Բանախոսներն անդրադարձել են Իտալիա—Հայաստան պատմական առնչություններին եւ բազմադարյա բարեկամությանը, անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի արձանագրած առաջընթացին, հայ—իտալական հարաբերությունների ձեռքբերումներին եւ հեռանկարներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, միջխորհրդարանական հարաբերություններին եւ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին։ Համաժողովը եզրափակվել է Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությամբ։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *