images (4)

«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի շրջանակներում տեղի կունենա Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը

Սեպտեմբերի 19-20-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանում կազմակերպում է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որին կմասնակցեն համահայկական կառույցների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, մշակույթի, կրթության գործիչներ, գործարարներ և հոգևոր դասի 700-ից ավելի ներկայացուցիչ` ավելի քան 60 երկրից:

Համաժողովին ներկա կգտնվեն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ:

Համաժողովում քննարկվելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, ինչպես նաև համազգային առաջնահերթությունների վերանայման, լրացման և Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

Համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև «Հայոց ցեղասպանություն 100: Ճանաչումից պահանջատիրություն» խորագիրը կրող լրագրողների համահայկական յոթերորդ համաժողովը, որին կմասնակցեն Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների շուրջ 160 ներկայացուցիչներ:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 19-ին կայանալիք «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի հանդիսավոր բացման արարողությունից հետո «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կմեկնարկեն նիստերը՝ ըստ ուղղությունների:

Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի շրջանակներում տեղի կունենան չորս նիստեր: Օրակարգում կլինեն հետևյալ թեմաները.

Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության գործընթացի լուսաբանումը;
Հայոց լեզվի իմացության և անաղարտ պահպանության խնդիրները;
Քարոզչություն, հակաքարոզչություն, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներ;
Սփյուռք-Հայրենիք գործակցության զարգացման միտումները և հեռանկարները:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *