ԿԱՐԵՎՈՐ
Search
main20180926_8

Հայատյացության դեմ պայքարում պետք է համատեղել բոլոր ուժերը

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իր հատուկ զեկույցը.

«Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի»։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսպես է վերնագրել իր հատուկ զեկույցը, որով նա երեկ հանդես եկավ մամուլի ասուլիսում՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով հարեւան երկրի իշխանությունների կողմից վարվող տեղեկատվական պատերազմի վտանգավոր հետեւանքների վրա՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորելով «համարժեք պատասխան տալ հայատյաց քարոզիչներին»։ Ասուլիսին մասնակցում էին նաեւ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը եւ փորձագետ Անժելա Էլիբեկովան։
Ըստ Ռուբեն Մելիքյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ փաստահավաք գործունեությունը սկսել է 2016թ. ապրիլյան պատերազմի առիթով, ինչը եւ ամփոփվել է օմբուդսմենի հրապարակած զեկույցում։ Բանախոսն այդ զեկույցում առանձնացրեց երկու ուղղություն, որոնք վերաբերում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված ծանր հանցագործություններում՝ հայազգի քաղաքացիների եւ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ ցուցաբերված վայրագություններին եւ դաժան սպանություններին, ինչպես նաեւ կատարված հանցագործությունների պատճառներին ու հետեւանքներին։ «Այժմ մենք ավարտում ենք փաստերի հավաքման եւ ամփոփման աշխատանքները, եւ արդյունքում, բնականաբար, ավելի ենք համոզվում այն ճշմարտության մեջ, որ իրականացված վայրագ գործողությունների գլխավոր պատճառը Ադրբեջանի վերնախավի կողմից ուղղորդվող հայատյաց քաղաքականությունն է,–նշեց Ռ. Մելիքյանը։–Պատահական չէ, որ պատրաստված նոր զեկույցում հատուկ ընդգծված է, որ Ադրբեջանում կազմակերպված թշնամանքն ու ատելությունը հայերի նկատմամբ հասել են մի այնպիսի գագաթնակետի, որ սրելով հակամարտությունը, օր օրի ավելի պայթյունավտանգ է դառնում իրավիճակը տարածաշրջանում»։
Պարոն Մելիքյանի խոսքով, երկրորդ ուղերձը, որ կցվել է զեկույցին, ուղղված է միջազգային հանրությանը։ Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի հասարակական հեղինակավոր կառույցները, ինչպես եւ սփյուռքի գործընկերները կնպաստեն զեկույցի տարածմանը միջազգային ամենատարբեր հարթակներում, հանրության շրջանում։ Հատկանշական է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տարածած երրորդ ուղերձը հայ ժողովրդին է ուղղված։ Նրանում մասնավորապես նշվում է, որ գիտակցելով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության վտանգավորության աստիճանը, հայերը չպետք է փոխադարձ ատելություն սերմանեն՝ իբրեւ պատասխան։ «Մեր ժողովուրդը զանցանքներից միշտ էլ հեռու է ու երբեք չի գնա նման արարքի»,–համոզմունք հայտնեց Արցախի օմբուդսմենը՝ շեշտելով, թե դա, որպես մարդու իրավունքների պաշտպան, իր դավանած սկզբունքն է։
Բանախոսը հավելեց, որ, իբրեւ գործընկեր, զեկույցի մշակմանն ու ամբողջացմանը աջակցել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը։ Օգտվելով առիթից, Ռ. Մելիքյանն իր գլխավորած կառույցի անունից հիմնադրամի գործադիր տնօրեն Ռ. Դուդակլյանին շնորհակալություն է հայտնել արգասաբեր համագործակցության համար, ինչպես նաեւ շնորհավորել՝ Արցախում բարեգործական ակտիվ գործունեություն իրականացնելու 15—ամյակի կապակցությամբ։
Ի պատասխան «ՀՀ»—ի այն հարցին, թե հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ վարվող բացահայտ թշնամական եւ ատելության քաղաքականությունը, որը սպառնում է ոչ միան Հայաստանի եւ Արցախի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգությանը, արդյոք, չի՞ զգացվում հակառակորդի դեմ առավել համակարգված պայքար մղելու, տեղեկատվական հարձակումներին արդյունավետ հակազդելու նպատակով հայկական երկու հանրապետություններում տեղեկատվական հայեցակարգը վերանայելու անհրաժեշտություն, Ռ. Մելիքյանն իրոք մտահոգիչ համարելով խնդիրը, մասնավորապես ասաց. «Հնչեցված հարցը, որ քաղաքական բովանդակություն ունի, լայն քննարկման շարժառիթ է, որի կողքով անտարբեր չես կարող անցնել։ Իմ կարծիքով, մեր գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները միտված են նրան, որ Բաքվում կազմակերպվող հայատյաց քաղաքականությունն արձագանք գտնի ոչ միայն քաղաքագիտական, տեղեկատվական դաշտերում, այլ նաեւ մարդու իրավունքների մասով՝ միջազգային հարթակներում։ Խնդիրն այն է, որ հայատյացության դեմ պայքարում անհրաժեշտ է ներգրավել առավել մեծ թվով լսարանների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Վտանգի աստիճանը շատ մեծ է, եւ, կրկնում եմ, այդ պայքարում պետք է համատեղել բոլոր ուժերը»։
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը նշեց, որ փաստերը վկայում են՝ Ադրբեջանում հայատյացությունը կազմակերպված է, այն մեկօրյա, մեկամսյա դրսեւորում չի ունենանում, այլ շարունակական է։
«Լինում են շրջաններ, որ այդ խնդիրը սրվում է, լինում է, որ նվազում է, սակայն այն մնայուն կերպով կազմակերպված իրականացվում է։ Պետք է շարունակել նման ուսումնասիրությունները, հետեւել եւ բացահայտել հայատյաց քարոզչության աղբյուրները։ Այսպիսի ուսումնասիրությունները չպետք է լինեն ներքին սպառման համար։ Մեր ազգը զգացել է հալածանք, կոտորած, ցեղասպանություն, դա մեզ համար նորություն չէ։ Պետք է այնպես կազմակերպել գործընթացը, որ միջազգային կազմակերպությունները տեղեկանան այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում»,–ասաց Րաֆֆի Դուդակլյանը։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան նշեց, որ Ադրբեջանը անկախացումից հետո որդեգրեց հայատյացությունը որպես պաշտոնական քաղաքականություն։
«Առաջին դեմքի ամեն երկրորդ ելույթում տեսնում ենք հայատյացության դրսեւորում, հայերը ադրբեջանցիների համար մեկ թշնամին են։ Հասարակությունն էլ այդ թեզերն ընդունում է։ Նախարարների, պատգամավորների մակարդակով նույն հայատյացության թեզերը հետեւողաբար հասցվում են հասարակությանը։ Նույնն անում է փորձագիտական հանրությունը։ Նույնիսկ մանկական խաղերի, հեքիաթների, դասագրքերի միջոցով երեխաներին սովորեցնում են ատել հայերին։ Ի դեպ, դա անում են ապատեղեկատվության միջոցով»,–ասաց Անժելա Էլիբեգովան։
Փորձագետի խոսքով, այսօր Ադրբեջանը խնդրի լուծում չի պատրաստվում տալ։ Նրա խոսքով, նույնիսկ եթե Ադրբեջանի իշխանությունը սկսի փոխել քաղաքականությունը, մաքրի գրքերը, մամուլը, ապա պետք է մեկ, երկու սերունդ անցնի, որ թունավորված գիտակցությունը մարդկանցից դուրս գա։ Փորձագետն այսօր նման միտումներ չի տեսնում։
«Ադրբեջան չեն թողնում մարդկանց, ովքեր ունեն հայկական ազգանուններ, հետապնդում են նրանց, ովքեր ունեն հայկական արյուն։ Երկրում ցանկացած բացասական երեւույթ կապվում է հայերի հետ։ Այս ամենը կարելի է տեսնել՝ բացելով ցանկացած ադրբեջանական կայք»,–հավելեց Անժելա Էլիբեգովան։

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *