ԿԱՐԵՎՈՐ
Search
91rIDgqWEhVLtO9cZo0EvpmOtH

«Հայատյացությունը Ադրբեջանում». Հարեւան երկրում ամեն ինչի համար մեղավորը հայերն են

«Հայատյացությունը Ադրբեջանում» գիրքն արդեն հրատարակվել է անգլերեն, որի հիմնական նպատակն է ավելի լայն շրջանակների հասցնել Ադրբեջանում դրսեւորվող հայատյացության երեւույթները։ Լրագրողների հետ զրույցում գրքի համահեղինակ, քաղաքական գիտությունների թեկնածու, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովան ասաց, որ ռուսալեզու տարբերակը լույս է տեսել 2013 թվականին, բավականին հետաքրքիր արձագանքի է արժանացել, բովանդակության վերաբերյալ որեւէ քննադատություն չի հնչել, քանի որ հենց ադրբեջանցիներն են խոստովանել, որ իրենք այն չեն կարդացել։ Գիրքը գրելու համար ուսումնասիրվել է ադրբեջանական մանկական, ուսումնական, գեղարվեստական գրականությունը, պաշտոնատար անձանց հայտարարությունները։

«Գիրքը կազմել ենք՝ ուսումնասիրելով պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները, ադրբեջանական մամուլը, կայքերը, հասարակության շրջանում տարածվող հայատյացության դրսեւորումները։ Այդ ամեն ինչը հավաքել ենք ու սկսել վերլուծել։ Շարունակում ենք հավաքել»,–նշեց Ա. Էլիբեգովան։ Գրքի համահեղինակ, «Այլատյացության կանխման նախաձեռնություն» ՀԿ—ի ղեկավար Արմինե Ադիբեկյանը տեղեկացրեց, որ նաեւ գրքի կայքը կա, որտեղ հավաքված են Ադրբեջանի պաշտոնյաների կողմից արված հայտարարություններ, որոնք տեղ չեն գտել գրքում։ «Եթե մենք ամբողջը ներառեինք, կստացվեր ավելի քան քսան հատորանոց աշխատություն»,–նշեց նա։ Գիրքը լույս է տեսել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» աջակցությամբ։ Այն տրամադրվել է ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի նախարարություններին, որոնք էլ իրենց միջոցներով տեղ կհասցնեն տարբեր միջազգային կառույցների։ Լրագրողներին նաեւ ներկայացվեց xocali.net կայքի նորացված, թարմացված տարբերակն ու azerichild.info կայքի անգլալեզու բաժինը։ Ա. Ադիբեկյանի խոսքով, «xocali.net» կայքում ներկայացված են ադրբեջանական քարոզչության կողմից խեղաթյուրված նյութերը, որոնց միջոցով ապատեղեկատվություն են տարածում։ «Ներկայացրած ցուցակները հակասում են մեկը մյուսին, 1992 թվականին արված հարցազրույցները, հայտարարությունները լիովին այլ բան են ասում, այսօվա հայտարարությունները՝ այլ, լիովին այլ կերպ են մատուցվում դեպքերը, տեսնում ենք լուրջ տարբերություններ»,–ասաց նա։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ներկայացմամբ, «xocali.net» կայքի անգլալեզու տարբերակը բավականին հարստացրել են, նոր ապացույցներ են տեղադրել կեղծիքների վերաբերյալ։ «Ադրբեջանական քարոզչությունը երկար տարիներ Խոջալուի թեման միայնակ է զարգացրել, քանի որ Հայաստանը պետական մակարդակով չէր անդրադառնում այս թեմային։ Փաստացի երկար տարիներ հնարավորություն է ունեցել ներկայացնելու իր տարբերակն առանց հակազդեցության՝ այդպես ներկայացնելով ահռելի քանակի կեղծիքներ»,–նշեց նա։

«azerichild.info» կայքի անգլալեզու տարբերակում ներկայացված է հայատյացություն պարունակող մանկական ուսումնական գրականություն, մեթոդաբանություն, որտեղ հայերը, ըստ Ա. Ադիբեկյանի, ներկայացված են հրեշների տեսքով։ «Սկզբում ռուսալեզու էր կայքը, քանի որ նյութերը թարգմանում էինք ադրբեջաներենից։ Այսօր նաեւ հասանելի է անգլերեն տարբերակով՝ այդպես հնարավորություն տալով ավելի շատ մարդկանց հասկանալու, թե ում հետ գործ ունենք»,–ասաց նա։ Հոգեբանական գիտությունների թեկնածու Իզաբելա Ղազարյանի խոսքով, երեք տարեկան երեխայի մեջ սերմանում են, որ հայերը չար ուժեր են, եւ երեխաներն այդպես մեծանալով՝ հային ընկալում են, ճանաչում են ոչ թե որպես մարդ, այլ չար ուժ։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով, վերջին տասնամյակներին ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանում պետական քարոզչական աշխատանքի հետեւանքով հայերին մեղավոր են համարում Ադրբեջանում ամեն վատ բանի համար։ «Այն աստիճանի քարոզչություն է, որ նացիստական Գերմանիայում նմանատիպ մարդատյաց քարոզչություն հրեաների նկատմամբ չի եղել, ինչպես այժմ Ադրբեջանում է»,– նշեց նա։ Պատասխանելով հարցին, թե արդյոք շարունակվելո՞ւ են նմանատիպ նախաձեռնությունները, Արմինե Ադիբեկյանն ասաց. «Ադրբեջանը մեզ հնարավորություն չի տալիս կանգ առնել, միշտ նյութեր են տալիս, որոնք վերլուծության կարիք ունեն։ Քանի դեռ Ադրբեջանը կանգնած է այդ հողի վրա, մենք անգործ չենք մնա»։

Նա նաեւ տեղեկացրեց, որ նոր նախագծեր են արդեն մշակում, մասնավորապես Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» մասին, հավաքել են հարուստ տեղեկատվական բազա։ Ըստ Ա. Ադիբեկյանի, միջազգային ատյաններում քաջ ծանոթ են, թե ինչ սերունդ է Ադրբեջանում մեծանում, Ադրբեջանում դրսեւորվող հայատյացության երեւույթների մասին։ Իսկ թե ինչու որեւէ բան չեն անում, նրա խոսքով, այս դեպքում գործում է քաղաքականությունը։ «Չեմ ակնկալում, որ էապես որեւէ բան կփոխվի»,–ասաց Ա. Ադիբեկյանը։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *