Palace_Square,_Saint_Petersburg,_Russia

Հայերը՝ Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում ունենալով նշանակալից դեր՝ Պետերբուրգը սկզբից ևեթ դեպի իրեն ձգեց մեծ թվով հայերի։ Քաղաքի հայ բնակչությունը հիմնականում կազմված էր վաճառականներից, արդյունաբերողներից, պետական պաշտոնյաներից և փոքր թվով ազնվականներից։ Նրանց ընդհանուր թվաքանակի մասին հավաստի տեղեկություններ չկան։ Հայտնի է միայն, որ XVIII դարի վերջին եղել է շուրջ հարյուր տուն հայ։

XIX դարում որոշակի թիվ է կազմել նաև հայ ուսանող երիտասարդությունը, որի շատ ներկայացուցիչներ մասնակցել են լուսավորական-դեմոկրատական և հեղափոխական շարժումներին։ Նախապես հայերը կենտրոնացած էին Վասիլևյան կղզում։ Շատ հայ վաճառականներ և արդյունաբերողներ քաղաքում հիմնեցին առևտրական գրասենյակներ, գործարաններ ու ֆաբրիկաներ։

1758 թվականին նորջուղայեցի Իսախանյան եղբայրներն այստեղ հիմնեցին Ռուսաստանում առաջին փայատիրական ընկերություններից մեկը՝ Իրանի հետ առևտրի համար։ XVIII դարի կեսին մետաքսագործական ֆաբրիկաներ հիմնեցին Արտեմի Մանուիլովը, Բոգդան Ախվերդովը, Պետրոս Շիրվանովը, Մանուչարյան եղբայրները։ 1760-ական թթ. սկզբին առևտրական գրասենյակ է հիմնում Հ. Լազարյանը, որի ջանքերով 1770 թվականին կառուցվում է Ս. Կատարինե հայկական տաճարը Նևսկի պողոտայի վրա, իսկ 1791 թվականին՝ հայկական գերեզմանատան Ս. Հարություն եկեղեցին։

1779 թվականին ստեղծվում է Պետերբուրգի և Մոսկվայի հայկական եկեղեցիների միացյալ հոգաբարձությունը։ Առաջին հոգաբարձու է ընտրվում Հ. Լազարյանը։ 1781 թվականին Գ. Խալդարյանը հիմնում է հայկական տպարան (մինչև 1789), որտեղ հրատարակված առաջին գործն էր մայրենի լեզվի «Այբբենարանը»։ XIX դարի քաղաքի հայկական գաղութի դերը մեծանում է՝ Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում Ռուսաստանի դերի մեծացմանը զուգնթաց, մանավանդ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո։ Այս շրջանում Պետերբուրգի և Մոսկվայի հայկական շրջանները հանդես էին գալիս միասնաբար։

Հետագայում գաղութը ձեռք է բերում առավելապես կուլտուր-մշակութային նշանակություն։ XIX – XX դդ. Պետերբուրգի հայ նշանավոր գործիչներից են եղել Ա. Խուդաբաշյանը, Կ. Եզյանը, Ք. Պատկանյանը, Ն. Ադոնցը, Հ. Օրբելին և ուրիշներ։ Նիկողայոս Մառի ջանքերով XIX դարի վերջին, XX դարի սկզբին Պետերբուրգի համալսարանը դառնում է կարևոր հայագիտական օջախներից մեկը։ Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցին հիմնադրվել է 1771 թվականին:

Եկեղեցու կառուցման հիմնական ծախսը հոգացել է Հովսեփ Ղազարի Ղազարյանը (ռուս. Иван Лазаревич Лазарев): 1780 թվականի փետրվարի 18-ին Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը իշխան Գրիգորի Պոթյոմկինի ներկայությամբ եկեղեցին օծեց սուրբ նահատակ Կատարինեյի անունով, իսկ 1930 թվականին եկեղեցին փակվեց: XX դարվա վերջին տարում եկեղեցին վերօծվեց:

Գայանե Վարդանյան

ՌԴ. 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *