Arcvi-Baxchyan1

Հայերը համաշխարհային պարարվեստում. լույս է տեսել հայագետ Արծվի Բախչինյանի գիրքը

Վերջերս լույս է տեսել գրող, հայագետ Արծվի Բախչինյանի «Հայերը համաշխարհային պարարվեստում» գիրքը: Գիրքը ներկայացնում է 19-րդ դարից մինչև մեր օրերը աշխարհի մոտ քառասուն երկրներում գործած և գործող 740-ից ավելի հայ և հայազգի պարող-պարուհիների, պարադիրների, պարուսույցների և պարարվեստին առնչվող այլ մասնագիտությունների գործիչների:

Գրքի ստեղծման առիթով զրուցեցինք հեղինակի հետ:

-Նախևառաջ թույլտվեք շնորհավորել այս հրաշալի առիթով

-Շատ շնորհակալ եմ:

-Ինչպե՞ս ծնվեց ձեր «Հայերը համաշխարհային պարարվեստում» գիրքը գրելու գաղափարը:

-Ինձ մշտապես հետաքրքրել է, թե մեր ժողովրդի զավակները ի´նչ չափով և ի´նչ որակով են մասնակցություն ունեցել համաշխարհային քաղաքակրթությանը, մասնավորապես՝ արվեստին (անկախ նրանից, թե ո´րերորդ սերնդի ու քանի´ տոկոսանոց հայ են, ունեցել են հայկական ինքնություն, թե ոչ)։ Եվ քանի որ արվեստի՝ ինձ ամենից հոգեհարազատ տեսակներն են կինոարվեստը և պարարվեստը (մասնավորապես՝ բեմական պարը), աշխարհի տարբեր ժողովուրդների մշակութային կյանքում հայության մասնակցության վերաբերյալ իմ պրպտումներում ես հատուկ ուշադրություն եմ դարձրել ա´յդ բնագավառների գործիչներին։ 2004 թվականին լույս տեսավ «Հայերը համաշխարհային կինոյում» գիրքս, իսկ հիմա էլ, ահա, նույնի «հարազատ քույրը»՝ «Հայերը համաշխարհային պարարվեստում», որի վրա աշխատել եմ քսան տարուց ավելի։

-Խնդրեմ մի քանի խոսքով ներկայացրեք գիրքը։

–Այստեղ մի տանիքի ներքո, 376 էջում, հավաքված են տվյալներ 19-րդ դարից մինչև մեր օրերը աշխարհի մոտ քառասուն երկրներում գործած և գործող 740-ից ավելի հայ և հայազգի պարող-պարուհիների, պարադիրների, պարուսույցների և պարարվեստին առնչվող այլ մասնագիտությունների գործիչների վերաբերյալ։ Կենսագրություններ են, երբեմն՝ նրանց արվեստի վերաբերյալ դիտարկումներ, սակայն սա ոչ թե պարագիտական աշխատություն է (քավ լիցի, ես խորեոլոգ՝ պարագետ չեմ), այլ պատմություն։

Սա մի սփյուռքագետ բանասերի՝ պարարվեստի հանդեպ սիրո արտահայտությունն է, այն լավագույնը, որը նա կարող էր կատարել՝ «վճարելով» իր «պարտքը» արվեստի այդ տեսակի և նրա զարգացման մեջ Հայաստանից դուրս մեր հայրենակիցների մասնակցության վերհանման գործում։ Այստեղ ընթերցողը չորուցամաք փաստերից բացի կգտնի բավականին հետաքրքրաշարժ, գունագեղ անձնավորությունների կենսագրականներ, կտեղեկանան տարբեր ուշագրավ, քիչ հայտնի փաստերի վերաբերյալ, կհպարտանան այսօր Արևմուտքի բեմերում աչքի ընկնող հայաստանցի պարողներով…

-Կթվարկե՞ք նման մի քանի անձանց։

–Ո՞ւմ ասեմ, ո՞ւմ թողնեմ… Եվգինե Արիստակյան, որ 1921-ին առաջին հայկական բալետն է բեմադրել Կոստանդնուպոլսում։ Սերգեյ Կևորկով՝ Գևորգյան, որն Ադրբեջանի բալետի հիմնադիրն է։ Ադրինա Օտերո՝ Փանոսյան, որ իսպանական և ֆլամենկո պարերի մեծ աստղ էր 1930-40-ական թվականներին։ Մադամ Ռուզան՝ Սարգսյան, բալետի լեգենդար ուսուցչուհի Փարիզում, որին աշակերտել են 20-րդ դարի ֆրանսիական բալետի մեծերից շատերը։ Թամարա Խանում՝ Պետրոսյան, որը բեմ է հանել ուզբեկական կանացի պարը։ «Հզոր զգացմունքներ»՝ եվրոպական բալետի առաջնակարգ հայ պարողներից կազմված բալետի շրջիկ խմբի անդամները։ Պարող-պարուհիների մի ստվար բանակ՝ Չիլիից մինչև Կանադա, Պորտուգալիաիյց մինչև Չինաստան, Սինգապուր և Ճապոնիա…

-Հիմնականում ովքե՞ր աջակցեցին գրքի ստեղծման ու հրատարակության գործում։

–Ստեղծման գործում հաճախ աջակցել են իրենք՝ պարարվեստի գործիչները, որոնց ես տարիներ շարունակ դիմել եմ նամակներով՝ խնդրելով տրամադրել իրենց վերաբերյալ տեղեկություններ և լուսանկարներ։ Վաթսունից ավելի գործիչներ սիրով արձագանքել են. ոմանք էլ անպատասխան են թողել դիմումներս։ Սփյուռքահայ և հայազգի պարողների հանդեպ իմ հետաքրքրությունները ժամանակին բավականին խրախուսում էր հանգուցյալ երգահան-երաժշտագետ Ծովակ Համբարձումյանը, որը նույնպես նյութեր է հավաքել այդ թեմայով, սակայն հոդվածաշարից բացի ուրիշ բան չհասցրեց հրատարակել։

Ինչ վերաբերում է հրատարակությանը, ապա դրան սիրահոժար կերպով նպաստել են պարուհի-պարադիր Աննա Ջանբազյանը ԱՄՆ-ից ու հատկապես՝ պարուհի-պարուսույց Սոնա Փոլատյան Օրճանյանը Կանադայից, առանց որի հովանավորության այսօր գիրքը լույս տեսած չէր լինի։ Ի դեպ, ասեմ, որ իմ նախորդ համանման աշխատությունը՝ «Հայերը համաշխարհային կինոյում»-ը, նույնպես սիրահոժար կերպով հովանավորել էր սփյուռքահայ մի արվեստագիտուհի (թայլանդաբնակ նկարչուհի Էլիզաբեթ Ռոմհիլդը)։

Ամբողջ կյանքում երախտապարտ կլինեմ իրենց կյանքը գեղեցիկին նվիրած ու իմ աշխատանքը այդքան գործնական կերպով գնահատած մեր այս ազնիվ հայրենակցուհիներին։

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։

–Դրանք շատ են, բազմազան, բայց արի այսօր մնանք պարարվեստի թեմայի շրջանակներում։ 2007 թվականին իմ և ամերիկաբնակ պատմաբանասեր Վարդան Մատթեոսյանի հեղակությամբ լույս է տեսել մենագրություն՝ նվիրված 20-րդ դարի առաջին կեսի հռչակավոր հայ պարուհի Արմեն (Սոֆյա) Օհանյանին։

Անցած տարիներին մենք պատրաստեցինք այդ պարուհու ավելի ընդարձակ կենսագրությունն անգլերենով, որը պատրաստ է հրատարակության։ Այն, ի դեպ, արդեն սկսել է թարգմանվել իսպաներեն։ 1910–1930-ականների մամուլից հավաքել եմ բեմական պարին նվիրված հոդվածներ, որը նույնպես մի հետաքրքրական ժողովածու կարող է դառնալ։ Նաև ձեռքիս են բալետի առաջին հայ պարուհիներից Եվգինե Արիստակյանի անտիպ հուշերը, որը շատ կցանկանայի հրատարակել, եթե, իհարկե, հովանավոր գտնվի։

-Ձեր խոսքն՝ ուղղված հայ երիտասարդ պարողներին։

–Թող պարեն, շա´տ պարեն, երբեք չհոգնեն պարելուց, իսկ ինձ նման պարասեր բանասերներն էլ գրի կառնեն նրանց պատմությունը։

Գարիկ Ավետիսյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *