110

Հայերը Ռումինիայում

Ռումինիայի հայ համայնքը համարվում է Եվրոպայում հնագույններից մեկը: Հայերն այս տարածքներում հաստատվել են 10-րդ դարից սկսած, դեռեւս 967թ. Մոլդովայի Չետատեա Ալբա քաղաքի մի շիրմաքարի արձանագրություն վկայում է նրանց ներկայության մասին: Գրեթե նույն շրջանում հայերի ներկայությունը արձանագրվում է նաեւ Տրանսիլվանիայում, ուր Հունգարիայի Գեզա դուքսի եւ Իշտվան թագավորի օրոք (997-1038թթ.) նրանք ստացան արտոնություններ եւ ազնվականական տիտղոսներ: Հայերը ռումինական իշխանապետություններ են գաղթել Անի-Ղրիմ-Աքերման (Չետատեա Ալբա) ճանապարհով: Նրանց հոսքն ուժեղացել է հատկապես Անիի (1236թ.) եւ Կիլիկիայի Հայոց թագավորության անկումից (1375թ.) հետո: Հետագա դարերում նրանց թիվը համալրվել է 1453թ. Կոնստանտնուպոլսի եւ 1475թ. Ղրիմի թուրքական զավթումներից, իսկ 17-րդ դարի սկզբին Իրանի Շահ Աբասի հայերի զանգվածային տեղահանումների հետո: Շատ հայեր ռումինական տարածքներ են անցել Լեհաստանից, ուր 17-րդ դարի կեսերին նրանց նկատմամբ իրականացվում էր ստիպողական կաթոլիկացման քաղաքականություն:

19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հայերի թիվը Ռումինիայում կտրուկ ավելացավ ի հետեւանք Օսմանյան կայսրությունում ծայր առած հայահալած քաղաքականության, հատկապես Աբդուլ Համիդյան ջարդերի եւ երիտթուրքերի կողմից իրականացված լայնածավալ ցեղասպանության: Սկզբում Անի-Ղրիմ-Աքերման ճանապարհով եկած եւ Մոլդովայում հաստատված հայերն ունեւոր մարդիկ էին: Նրանք զբաղվում էին առեւտրով եւ արհեստագործությամբ եւ իրենց գործունեությամբ նպաստեցին Մոլդովայի բարգավաճմանը: ,,Մոլդովայի իշխանությունը կայացավ առեւտրի ճանապարհով եւ նրանք, ովքեր առեւտրով էին զբաղվում, մասնակցեցին Մոլդովայի ազգային պետության ստեղծմանը: Այնպես որ, հայերին այդ տեսակետից կարելի է համարել Մոլդովայի ծնողներ,,- գրում է Նիկոլաե Յորգան: Վալախիայի մեջ հայերը հաստատվեցին քիչ ավելի ուշ` 14-րդ դարում: 1400-1435թթ. նրանց ներկայությունը նշմարվում է Բուխարեստ, Թըրգովիշտե, Պիտեշտ, Կրայովա եւ Ջիուրջու քաղաքների մեջ, այնուհետեւ Դոբրուջայում:

Այդ շրջանում Մոլդովայում հայերի թիվն այնքան էր աճել, որ Ալեքսանդր Բարի իշխանի 1401թ. հուլիսի 30-ի հրովարտակով նրանց համար Սուչավա մայրաքաղաքի մեջ հիմնվում է հայոց եպիսկոպոսական աթոռ` Հովհաննես եպիսկոպոսի առաջնորդությամբ: 1407թ. հոկտեմբերի 8-ի մի այլ հրովարտակով Ալեքսանդր Բարի իշխանը կոչ է անում Լեհաստանի հայ առեւտրականներին` մասնակցելու Մոլդովայի զարգացմանը, նրանց խոստանալով մաքսատուրքերից եւ հարկերից ազատում: Այսպիսով մոտ 4000 լեհահայեր հաստատվում են Սուչավա, Յաշ, Բոտոշան, Դորոհոյ, Վասլո, Գալաց եւ Հոտին քաղաքներում: Մեծն Ստեփան իշխանի օրոք (1457-1504թթ.) եւս 10.000 հայեր հաստատվում են Մոլդովայում:

Այդ շրջանում հայ առեւտրականները մեծ աշխուժություն են ցուցաբերում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ փոխանակումների զարգացման գործում, իրենց ձեռքը կենտրոնացնելով երկրի ներքին եւ արտաքին առեւտրի զգալի մասը: Ժամանակին շատ հայտնի ,,Հայկական կառքերը,, կտրում էին Հունգարիան, Գերմանիան, Ավստրիան, Լեհաստանը, Պրուսիան, Ռուսաստանը, հասնում մինչեւ Կոնստանտնուպոլիս, Պարսկաստան ու Հնդկաստան:

Հայերը նաեւ խոշոր կալվածատերեր էին, եւ իրենց ծաղկման շրջանում տիրում էին Հյուսիսային Բուկովինայի հողերի մեկ երրորդ մասին: Տրանսիլվանիայում նույնպես հայերը տնտեսական լավ դիրքեր էին զբաղեցնում, Հաբսբուրգյան կայսրության արեւելքում նրանց ձեռքին էր կենտրոնացած առեւտուրի զգալի մասը: 17-րդ դարի վերջերից Տրանսիլվանիայում հայերը բնակվում էին համախմբված բնակավայրերում, նրանք հիմնեցին նույնիսկ սեփական քաղաքներ՝ Արմենուպոլիսը/Գեռլա և Եղիսաբեթուպոլիսը/Դումբրըվեն, ստվար թիվ էին կազմում Գեորգիենում եւ Ֆրումոասայում: Ունենալով ,,թագավորական ազատ քաղաքի,, կարգավիճակ Արմենուպոլիսը ընդհուպ մինչեւ 20-րդ դարի սկիզբը կառավարվում էր հայերի կողմից եւ հայկական օրենքներով: Իրենց դիրքերն ավելի ամրապնդելու եւ տեղական խտրականության չենթարկվելու նպատակով Տրանսիլվանիայի հայերը համաձայնեցին դավանափոխ լինել եւ ընդունեցին կաթոլիկություն: Մինչեւ 1848թ. հեղափոխությունը միայն Տրանսիլվանիայում ապրում էին մոտ 20 հազար հայեր: Հայկական կյանքը կենտրոնացված էր Հայոց եկեղեցու շուրջ, որը նպաստում էր նրանց համախմբմանը եւ ինքնության պահպանմանը: Դրանցից նշանավորներից են Բոտոշանի Սուրբ Մարիամը (1350թ.), Յաշի Սուրբ Մարիամը (1395թ.), Սուչավայի Սուրբ Խաչ (1521թ.) եկեղեցիները, Հաճկատար (1512թ.) եւ Զամկա (1551թ.) վանքերը, Գեռլայի Սուրբ Երրորդություն (1776թ.) եւ Դումբրըվենի Սուրբ Եղիսաբեթ (1766թ.) կաթողիկե տաճարները: Վանքերին կից գործում էին դպրոցներ եւ գրչության կենտրոններ:

Բուխարեստում հայերն առաջին եկեղեցին` Բըրըթիա/Եղբայրություն անունով, կառուցեցին 1581-1629թթ., որը հավասարապես ծառայում էր ուղղափառ եւ կաթոլիկ հավատացեալներին: Երբ 1638թ. այն անցավ կաթոլիկ եկեղեցու տնօրինությանը, ուղղափառ հայերը կառուցեցին մի այլ` փայտե եկեղեցի: Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց ներկա եկեղեցին կառուցվեց 1911-1915թթ. նույն տեղում, ճարտարապետ Գրիգոր Չերքեզի նախագծով: (1931թ. հուլիսի 31-ին պետությունը վերաճանաչեց Հայոց թեմը, մի քանի ամիս անց հաստատելով թեմի կանոնադրությունը, որով Հայ Առաքելական եկեղեցին գործունեություն ծավալեց Ռումինիայի ողջ տարածքով մեկ):

Հայկական ներքին կյանքը եւ ինքնավարությունը կարգավորվում էր եկեղեցու միջոցով, Տրանսիլվանիայի հայաբնակ քաղաքներում հատուկ հայկական օրենքներով, ինչպես նաեւ հայ առեւտրականների եւ արհեստավորների միություններով` գիլդաներով: Գործում էին նաեւ մարդասիրական, կրթական եւ մշակութային միությունները, որոնք հոգում էին համայնքի կարիքները: Եվ արդեն 19-րդ դարի կեսերին Ռումինիայի հայաշատ քաղաքներում հայկական առեւտրական խոշոր տներին եւ ձեռնարկություններին զուգահեռ աշխուժորեն զարգանում էր նաեւ հայկական կրթությունը եւ մշակույթը: Յաշի ,,Մեղու,, հայկական տպագրատան մեջ 1847թ. Գեորգե Ասաքիի հոգածությամբ լույս տեսավ Հայոց լեզվի Այբբենարանը: Բուխարեստում, Ֆրումոասայում, Գալացում, Գեռլայում հրատարակվում էին հայերեն գրականություն եւ մամուլ, որոնց մեջ նշանավոր էր Սոնգոթ Քրիշտոֆի կողմից 1887-1907թթ. հրատարակած հունգարալեզու Արմենիա պարբերականը: Այդ շրջանում Ռումինիայում մեծացավ հետաքրքրությունը հայոց պատմության, լեզվի ու մշակույթի հանդեպ:

Կատարվեցին ուսումնասիրություններ եւ թարգմանություններ, հրատարակվեցին գրքեր, հիմնվեց գիտության նոր ճյուղ` հայագիտությունը: Հայերը, որպես ռումինական հասարակության բաղկացուցիչ մաս, լիակատար կերպով մասնակցում էին Ռումինիայի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքին` իրենց կարեւոր նպաստը բերելով երկրի զարգացմանը եւ բարգավաճմանը: Նրանցից շատերն աչքի ընկան տարբեր բնագավառներում, նույնիսկ 16-րդ դարում երկրի իշխանությունն անցավ Սերպեգա հայազգի գերդաստանին, որոնցից էին Մոլդովայի իշխաններ Իոան Վոդա Քաջը, Կարապետ Իոան Պոտկոավը եւ Ալեքսանդրուն, վերջինիս որդի Պետրու Կազակուլը: Նշանավոր հայերից են նաեւ Պետրու Ռարեշ իշխանի խորհրդական Պետրու Վարդիկը, Միհայ Վիտեազու իշխանի դիվանագիտական գործակալ Պետրու Արմեանուն, Մոլդո-Վալախիայի իշխան Մանուկ Բեյ Միրզայանը (1769-1817թթ.), Խորհրդարանի նախագահ եւ նախարար Վասիլե Միսիրը (1860-1919թթ.), տնտեսագետ եւ նախարար Գրիգորե Տրանկու-Յաշը (1874-1940թթ.), նշանավոր զորավարներ Միհաիլ Չերքեզը (1839-1884թթ.) եւ Յակոբ Զատիկը (1867-1970թթ.):

Ռումինական գիտության ու մշակույթի ամենախոշոր անուններից են Մոլդովայի կրթական համակարգի, ինչպես նաեւ մամուլի եւ թատրոնի հիմնադիր Գեորգե Ասախին (1788-1869թթ. ), նշանավոր մաթեմատիկոս եւ մանկավարժ, կրթական համակարգի բարեփոխիչ, ակադեմիկոս, հետագայում նաեւ նախարար Սպիրու Հարեթը (1851-1912թթ.), փիլիսոփա Վասիլե Կոնտան (1845-1882թթ.) եւ գրող Կարապետ Իբրաիլեանուն (1871-1936թթ.): Տնտեսագետ եւ նախարար Վիրջիլ Մադջեարուն (1887-1940թթ.) էական ներդրում կատարեց ,,գյուղացիական պետության,, դոկտրինի մշակման գործում, Յակոբ Յակոբովիչը (1879-1959թթ.) Տրանսիլվանիայում հիմնեց բժշկական ուսումնարանը, Աննա Ասլանը (1897-1988թթ.) գերոնտոլոգիայի հիմնադիրն էր: Հայտնի դեմքեր էին նաեւ գրաքննադատ եւ երաժշտագետ Էմանուիլ Չոմաքը (1890-1962թթ.), արվեստաբան եւ հավաքիչ Գրիգոր Զամբաքչյանը (1889-1962թթ.), որն իր հարուստ հավաքածուն 1947թ. նվիրեց պետությանը, արեւելագետ Հակոբ Սիրունին (1890-1973թթ.), կոմպոզիտորներ Կարոլ Միկուլին (1821-1897թթ.), Մաթեյ Սոքորը (1908-1980թթ.) եւ Միխայիլ Ժորան (1891-1971թթ.), նկարիչներ Շիմոն Հոլոշին (1857-1918թթ.), Աբգար Բալթազարը (1880-1909թթ.), Նուցի Ակոնցը (1894-1957թթ.) եւ Հրանտ Ավագյանը (1900-1990թթ.), գծանկարիչ Չիկ Դամադյանը (1919-1983թթ.), գրականության եւ թատրոնի գործիչներ Հայկ (1904-1942թթ.), Արշավիր (1907-1997թթ.) եւ Ժենի (1916-1958թթ.) Աքտերյանները եւ ալք: Ռումինական մշակույթի ակնառու դեմքերից էին նաեւ Բուխարեստի օպերայի վաստակավոր արտիստներ եւ պետական մրցանակի դափնեկիրներ Կարպիս Զոբյանը (1915-2002թթ.), Դավիթ Հովհաննիսյանը (1927-2007թթ.), Արաքս Սվաճյանը (1907-1998թթ.), Անահիտ Կիրպիչյանը (1928-1999թթ.), Բուխարեստի Պետական կոնսերվատորիայի ջութակի ամբիոնի վարիչ Կարապետ Ավագյանը (1908-1967թթ.), ինչպես նաեւ ճարտարապետ Օննիկ Փոլադյանը (1985թ.), Բուխարեստի Բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ դոկտոր պրոֆեսոր Գրիգոր Փամբուկչյանը (1915-1996թթ.), Բուխարեստի Ալերգիոլոգիայի ինստիտուտի հիմնադիր եւ տնօրեն դոկտոր պրոֆեսոր Երվանդ Սերոբյանը (1922-1985թթ.), պետական գործիչներ` Հայաստանի առաջին Հանրապետության գլխավոր հյուպատոս (1918-1924թթ.) Հարություն Խնդիրյանը (1879-1955թթ.), Ռումինիայի ծանր արդյունաբերության փոխնախարար, այնուհետեւ էլեկտրոնային տեխնիկայի նախարար Վիրջիլ Աքթարյանը (1922-1998թթ.), Ռումինիայի ծանր արդյունաբերության գլխավոր տնօրեն Աշոտ Շարաֆյանը (2010թ.): Ռումինայում է ծնվել եւ երիտասարդությունն անցկացրել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն (1908-1994թթ.):

1920-ական թվականներին Բուխարեստում գործում էր Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, հյուպատոսություններ էին հաստատված նաեւ Կոնստանցա եւ Գալաց քաղաքներում: Հայերի թիվը Ռումինիայում զգալիորեն նվազեց հետպատերազմյան տարիներին, հատկապես սոցիալիզմի շրջանում, երբ ազգայնացվեցին համայնքին պատկանող հաստատություններ եւ շինություններ, ինչպես նաեւ գործարաններ եւ ֆաբրիկաններ, մասնավոր այլ ձեռնարկություններ: Շատ կարող հայեր լքեցին Ռումինիան եւ մեկնեցին արտասահման, հիմնականում ԱՄՆ եւ Ֆրանսիա: 1946-1948թթ. մոտ 3000 հայ ներգաղթեց Հայաստան, որոնցից ոմանք աչքի ընկան գիտության եւ արվեստի բնագավառներում: Ռումինիայում հայկական կյանքը նոր շունչ առավ 1989թ. հեղափոխությունից հետո: 1990թ. վերաբացվեց Ռումանիո Հայոց Միությունը, որի հիմնադիրից մեկը եւ մինչեւ այսօր նախագահն է հայտնի քաղաքական գործիչ եւ գրող Վարուժան Ոսկանյանը, 2006-2008թթ. Տարիչեանուի կառավարությունում էկոնոմիկայի եւ առեւտրի, այնուհետեւ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար: Պետության կողմից ազգայնացված որոշ շինություններ վերադարձվեցին համայնքին, նորոգվեցին մի շարք եկեղեցիներ: Հայկական գլխավոր հաստատությունները գտնվում են Բուխարեստի կենտրոնում, Արմենեասկա փողոցի վրա գտնվող Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցու շուրջ. Հայոց թեմի Առաջնորդարանը, Հովսեփ եւ Վիկտորիա Դուդյան մշակույթի կենտրոնը, ուր տեղավորված են հարուստ թանգարանը եւ գրադարանը, Արարատ հրատարակչությունը, Արարատ եւ Նոր Կյանք պարբերականների խմբագրությունը, ՌՀՄ կենտրոնական գրասենյակը:

Առաջնորդարանի բակում կանգնեցվել են Անդրանիկ Զորավարի կիսանդրին եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կոթողը: Հայկական թանգարաններ գոյություն ունեն նաեւ Գեռլա եւ Դումբրըվեն քաղաքներում: ՌՀՄ-ն 15 մասնաճյուղեր ունի երկրով մեկ, ինչպես նաեւ շաբաթական դպրոցներ Բուխարեստ, Կոնստանցա, Պիտեշտ, Կլուժ եւ Գեռլա քաղաքներում: Համայնքը կապեր է հաստատել Հայաստանի հետ, որի շնորհիվ ծավալվում է մշակութային կյանք, կազմակերպվում համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի փառատոներ եւ դասախոսություններ: Բուխարեստի համալսարանում բացվել է Հայոց լեզվի եւ քաղաքակրթության դասընթացներ: Ռումինիայի բուհերում սովորում են Հայաստանից եկած տասնյակ ուսանողներ: Բուխարեստում գործում է նաեւ Ռումինահայկական առեւտրաարդյունաբերական պալատը: Հայերը ունեն փոքրամասնության կարգավիճակ, ինչի շնորհիվ պետության կողմից ֆինանսավորվում են համայնքային հաստատությունների եւ եկեղեցու գործունեությունը: 2010թ. սեպտեմբերին Ռոմանիո Հայոց թեմի առաջնորդ ընտրվեց Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, որը փոխարինեց Տիրայր Արք. Մարտիկյանին (1930-2010թթ.): Ըստ 2002թ. մարդահամարի իրենց հայ են համարել ընդամենը մի քանի հազար անձ, թեեւ հայկական ծագումով ռումինացիների թիվը զգալիորեն մեծ է, որոնց մեջ այսօր էլ կան աչքի ընկնող անհատներ:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Ռումինիայում հաստատվել են նաեւ որոշ թվով Հայաստանից գաղթած ընտանիքներ: Այսօր հայ փոքրամասնությունը Խորհրդարանում ներկայացված է ի դեմս Վարուժան Փամբուկչյանի, որը նաեւ գլխավորում է Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խումբը: Սենատի տնտեսության, արդյունաբերության եւ ծառայությունների հանձնաժողովի նախագահն է Վարուժան Ոսկանյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *