Հայկական թեյը կարող է մրցել նաեւ միջազգային շուկայում. Վերակագնվում է խոտաբույսերի հավաքման ու մշակման ավանդույթը

Հայկական լեռնաշխարհում աճող խոտաբույսերն ունեն վաղեմի ծագում: Հին ժամանակներում նրանցից շատերը բուժական նպատակով էին կիրառվում, տարատեսակ հիվանդություններ բուժում, վերքեր դարմանում, նույնիսկ կիրառվում հակածերացման դեմ պայքարում: Ըստ մեր ունեցած աղբյուրների, Հայաստանի տարածքում աճում է ավելի քան 300 անուն ուտելի բույսեր, որոնցից սակայն մի քանիսն են առօրյա սննդում կամ բուժական այլ նպատակներով օգտագործվում:
Ըստ «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի, Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ տարածաշրջանային գործոնը նպաստում են լավագույն խոտաբույսերի աճին, որոնցից սակայն շատ քիչ մասն է հանրությանը առօրյա կենցաղում հայտնի ու կիրառելի: Մինչդեռ կան որոշ օգտակար խոտաբույսեր, որոնք կարող են թեյարտադարության լավագույն հումք հանդիսանալ:
Չմոռանանք, որ դարեր շարունակ հայերը զարգացրել են խոտաբույսերի հավաքման եւ թուրմերի պատրաստման չափազանց հաճելի ավանդույթը, սակայն դա չի նպաստել, որ ներքին շուկայում հայկական արտադրության թեյերի ծավալները շատանան: Իրացման կետերում միանշանակ շարունակում է գերակշռող մնալ տարբեր երկրներից ներկրված թեյը, մինչդեռ հայկականը իր համային, որակական եւ օրգանական ծագման հատկանիշների շնորհիվ կարող է այսօր ոչ միայն ներկրվածի հետ մրցել, այլ գրավել նաեւ միջազգային շուկան:
Հայկական ապրանքանիշի թեյերը ստեղծվել են, որպեսզի հայ սպառողները այսուհետ միայն տեղական խոտաբույսերից պատրաստված թեյ ճաշակեն՝ նախընտրելով հայկականն ու որակյալը, ասում է թեյարտադրող Խորեն Սուքասյանը: Այսօր հստակ չէ, քանի թեյարտադրող ընկերություն կա, սակայն որոշ ապրանքանիշեր արդեն կարողանում են ներքին շուկայում մրցակցություն առաջացնել:
Հայկական թեյի արմատները ներկայացնելուց զատ թեյարտադրող գործարարը գտել է դրանք ներկայացնելու հետաքրքիր մոտեցում: Յուրաքանչյուր թեյի տուփի վրա ամփոփված է հայոց պատմությունը: Մեկում Մեծ հայքի պատմական քարտեզն է, մյուսում Գառնու տաճարը, այնուհետեւ Սարդարապատի հուշահամալիրը, մյուսում Նոյը: Այս տարբերակով հայոց պատմության ակունքները ե տարեթվերը ներկայացնելու Խորեն Սուքասյանի գաղափարը Հայաստանում հաջողելուց հետո հայկական թեյով սկսել են հետաքրքրվել նաեւ թեյի այլազգի սիրահարները:
Նշենք, որ թեյերն ունեն իրենց օգտակար հատկությունները, ապահովում են օրգանիզմի նյութափոխանակությունը, կարգավորում է արյունատար անոթների աշխատանքը, իսկ դարչինը, մեխակը և սև թեյը կարգավորում են արյան ճնշումը:Հումքերում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների բացակայության մասին սերտիֆիկատը, հայկական թեյարտադրող ընկերությունը ստացել է Մոսկվայում փորձաքննություն անցնելուց հետո:
Թեյարտադրող Խորեն Սուքասյանն այսօր ուրախությամբ է արձանագրում, որ տարատեսակ ներկրված ապրանքանիշերի կողքին իրենց որակով նույնիսկ հայ սպառողին սկսել է զարմացնել հայկական թեյի խիտ բաղադրությունը: Այն այնպիսի վերամշակում է անցնում, որ հնարավոր է լինում 1 գրամ թեյի բացադրությունից մեկ լիտր թեյ ստանալ: Այս դեպքում ինչու՞ պիտի հայ սպառողը նախապատվություն տա ներկրված արտասահմանյան ապրանքնանիշի թեյերին, երբ կարող է տեղականը գնելով նաեւ խրախուսել հայրենական արտադրողին:
Թեյարտադրող գործարարը կարեւորում է նաեւ սոցիալական բաղադրիչը, ինչու որովհետեւ բույսերի հավաքման, մշակման բոլոր գործընթացներում ներգրավվում է նաեւ գյուղաբնակը:Հումքն ապահովում են գյուղացիները, ուրցն ու դաղձը հավաքում են հանձնում արտադրամաս, որտեղ էլ մաքրելուց, փոշեզրկելուց հետո փաթեթավորվում ու շուկա են հանում: Թիրախային շուկան, թեպետ տեղականն է , սակայն իր առանձնահատկության համի ու որակական հատկանիշների շնորհիվ հայկական թեյը գրավել է նաեւ արտասահմանյան շուկան: Շուրջ 20 երկրից թեյերից նմուշ են վերցրել եւ առաջիկայում հայկական թեյը մեծ քանակությամբ պատրաաստվում են նաեւ եվրոպական շուկա հանել:
Ի դեպ հայ գործարար Խ.Սուքասյանի պապերը գաղթել են Արեւմտյան Հայաստանից: Հեռվում մնացած Մուշն ու Ալաշկերտը որոշ չափով տատիկների կարոտախառն պատմությունների միջոցով է ճանաչել, որոշ չափով էլ՝ պատմությունը փորփրելով։ «Եթե ուզում ես ճանաչել թեկուզ քո տոհմը, պետք է պատմությունդ ուսումնասիրես>>,-համոզված է նա:
Այսօր արդեն ավելի քան երկու տասնյակ թեյարտադրող ընկերություն կա, որոնք պատրաստ են համախմբվել, հայկական թեյարտադրությանը զարգացման նոր թափ հաղորդելու նպատակով: Հուսով են, Հայաստանը կկարողանան գովազդել նաեւ հայկական որակյալ ու օրգանական թեյի շնորհիվ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *