ԿԱՐԵՎՈՐ
Search
artzrun-artsrun-hovhannisyan-1

Հայկական կողմը երկու զոհ ունի՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակման արդյունքում

Հակառակորդը շարունակելով սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողությունները, ՀՀ և ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանական զինված ուժերը հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են մարտավարապես անիմաստ դիվերսիաներ իրականացնել: Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվն անցնում է 300-ը: Այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:

Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

ՀՀ ՊՆ-ը կիսում է մեր շարքերից հեռացած զինծառայողների կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին: Լարվածության ողջ պատասխանատվությունը ու հետևանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,-ասված է գրառման մեջ: Այս մասին գրում է  panorama.am -ը:

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *