ԿԱՐԵՎՈՐ
Search
main20150509_18

Հայկական կոնյակը շա՜տ էր դուր եկել անգամ Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին.

Պատմում են, որ Յալթայի կոնֆերանսի (1945 թ. փետրվար) ժամանակ Ստալինը, պարզապես, զարմացրել է մասնակիցներին՝ հայկական առանձնահատուկ կոնյակ հյուրասիրելով։ Իսկ դրա նախապատմության մասին մեր հանրապետության այն ժամանակվա ղեկավարներից մեկը հիշատակել է, մասնավորապես, հետեւյալը։ 1944—ի կեսերին զանգել է Ստալինը եւ ասել, թե գիտի, որ Հայաստանում վաղուց են զբաղվում կոնյակագործությամբ։ Ապա հանձնարարել է կարճ ժամանակաընթացքում առանձնացնել հատուկ, առաջնակարգ կոնյակ եւ տարեվերջին ներկայացնել իրեն։

Պիտի ասել, որ խորհրդային երկրի ղեկավարը երբեք չէր մոռանում իր հանձնարարությունների մասին եւ ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում էր դրանց կատարման ընթացքով։ Նշված ժամկետին բոլոր հանրապետությունները ներկայացրել են իրենց առանձնացրած լավագույն կոնյակները։ Ստալինն անձամբ փորձել է եւ հայկական կոնյակը համարել ամենալավը։ Այն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ինչ նպատակի էր ծառայելու կոնյակը եւ ինչու հանկարծ պատերազմի այդ ծանր ժամանակաշրջանում այն այդքան հրատապ ու անհրաժեշտ դարձավ։ Միայն Յալթայի կոնֆերանսից հետո է պարզվել դա, ինչպես նաեւ այն, որ հայկական կոնյակը մասնակիցները շատ են հավանել։

Այդ օրվանից էլ, կարելի է ասել, նոր՝ ոսկե դարաշրջան է սկսվում հայկական կոնյակի համար։ Խոսքը 50 աստիճան թնդության հատուկ «Դվին» կոնյակի մասին է։ Համաձայն մեկ այլ վարկածի, «Դվինը» Անաստաս Միկոյանն էր պատվիրել խորհրդային բեւեռախույզների համար. այն պետք է լիներ աշխարհի ամենաթունդ կոնյակը։ Պատերազմի սկզբին կոնյակն արդեն պատրաստ էր, բայց այդպես էլ չի հանվել վաճառքի, քանի որ նախատեսված չէր սերիական արտադրության համար։ Սա, թերեւս, առավել հավանական է, քանզի լավ կոնյակ ստանալն այնքան էլ դյուրին չէ եւ բավականին ժամանակ, մեծ հմտություն ու վարպետություն է պահանջում։ Համենայնդեպս, «Դվինի» ծննդյան թվականը համարվում է 1945—ը… Ի դեպ, կոնյակն առանձնապես շա՜տ էր դուր եկել Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին։ Ազնիվ խմիչքների գիտակը միանգամից գնահատել է «Դվինի» համն ու խնդրել Ստալինին իրեն վաճառել այդ կոնյակից։

Ասում են, որ Ստալինը մտորել է, ծխացրել ծխամորճը եւ ասել. «Խորհրդային Միությունը հայկական կոնյակի պակաս չունի. կարծում եմ, կարելի է վաճառել…»։ Այդ օրվանից Չերչիլն սկսել է ստանալ իր բաժինը (տարեկան մոտ 400 շիշ)՝ վայելելով, ժամանակակիցների վկայությամբ, օրական մեկ շիշ հայկական կոնյակ։ Չերչիլի՝ հայկական կոնյակի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի դրսեւորման հետ կապված, պահպանվել է նաեւ հետեւյալ ուշագրավ պատմությունը։ Հանրահայտ անգլիացին՝ համի նուրբ զգացողություն ունենալով, շուտով նկատել է, որ հայկական կոնյակի որակը զգալիորեն ընկել է։ Այդ մասին տեղեկանում է Ստալինը, ով իր «ներքին հետաքննությունն» է անցկացնում եւ պարզում, որ «Դվինի» ստեղծողը՝ գործարանի գլխավոր տեխնոլոգ Մարգար Սեդրակյանը, որպես «ժողովրդի թշնամի», աքսորվել է Ալթայի երկրամաս։

Խորհրդային առաջնորդի կարգադրությամբ անզուգական վարպետ կոնյակագործն ազատ է արձակվում եւ վերականգնվում իր աշխատանքին։ Բնականաբար, հայկական կոնյակը, հուրախություն նաեւ Չերչիլի, վերստին գտնում է իր անկրկնելի համն ու բույրը։ Չերչիլը, դարձյալ ժամանակակիցների վկայությամբ, մինչեւ կյանքի վերջը միայն հայկական կոնյակ էր ըմբոշխնում։ Երբ զառամյալ Չերչիլին հարցրել են, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, նա առանց երկմտելու պատասխանել է. «Երբեք մի ուշացեք ընթրիքից, ծխեք հավայան սիգարներ եւ խմեք հայկական կոնյակ»։ Նշենք, որ հայկական կոնյակը եղել է նաեւ Ագաթա Քրիսթիի եւ Ֆրենկ Սինաթրայի սիրելի ըմպելիքը։ Ոչ միայն նրանց… Բրիտանական «The Telegraph» թերթի հաղորդմամբ, 2013 թ. մայիսի 10-ին Սոչիում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ կայացած հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան է հանձնել, որպես հուշանվեր, 42—ամյա վաղեմության հայկական կոնյակ։

Թերթի փոխանցմամբ, Վ. Պուտինն ընդգծել է, որ Իոսիֆ Ստալինը 1945 թ. տեղի ունեցած Յալթայի կոնֆերանսի ժամանակ Ուինսթոն Չերչիլին նվիրել է հայկական նմանատիպ կոնյակ։ Ընդ որում, բրիտանական մամուլը չի մոռացել հիշատակել նաեւ, որ հայկական կոնյակը, «ինչպես ասում են, կարեւոր դեր է խաղացել ետպատերազմյան Եվրոպայի ձեւավորման գործում»… Հիշյալ պատմության հետ կապված՝ ադրբեջանցի բլոգերները հիշել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւին ու հայկական կոնյակին առնչվող մի պատմություն, որի մասին վկայում է պահպանված տեսանյութը։ Դրանում նշվում է, որ Հ. Ալիեւը գերադասում էր խմել հայկական կոնյակ։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Վենեդիկտովը ժամանակին հյուրընկալել է նրան, եւ այդ հանդիպումը բավականին զավեշտալի է ստացվել։

Ուղիղ եթերում աշխարհաքաղաքական թեմաները քննարկելուց հետո Վենեդիկտովը զբաղվել է հյուրին պատվելու նախապատրաստությամբ եւ միայն վերջին պահին է տեղեկացել, որ սեղանին 5 աստղանի հայկական կոնյակ է։ Նա խորապես զայրացել է, դուրս եկել ափերից եւ այն անմիջապես փոխարինել տվել ադրբեջանական կոնյակով։ Ապա Ալիեւը նստել է սեղանի շուրջ, ձեռքն է վերցրել ադրբեջանական կոնյակը, բոլոր յուրայիններին կարգադրել է հեռանալ, ինչից հետո Վենեդիկտովին հարցրել է՝ իսկ հայկական կոնյակ չունե՞ն… Պատրաստեց՝

Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆԸ  

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *