ԿԱՐԵՎՈՐ
Search
1017425_539215852780418_1393877502_n

Հայկական կոնյակի լեգենդը. Մարգար Սեդրակյան

Հուշաքար տեղադրվեց Երեւանի Նալբանդյան–Սայաթ Նովա հատման անկյունում, «Անի» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող այն բնակելի շենքի պատին, որտեղ 1934—1958թթ. ապրել է հայտնի հայ կոնյակագործ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Մարգար Սեդրակյանը (1907թ., Վանի նահանգի Արճակի գավառի Խառակոնիս գյուղ–1973թ., Երեւան)։
Երեկ հանդիսավոր պայմաններում, բազմաթիվ հրավիրյալների, ինչպես նաեւ ընտանիքի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ հուշաքարի (մտահղացումը՝ Սեդրակ Սեդրակյանի, հեղինակությամբ՝ ճարտարապետներ Իզա Չոլախյանի եւ Հրաչյա Պողոսյանի) բացումը։
Բացման արարողությունը կատարեց ԻՏԱՌ–ՏԱՍՍ լրատվական գործակալության հայաստանյան բաժանմունքի ղեկավար, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Լիլոյանը։ «Հսկայական է հայ ժողովրդի արժանավոր զավակ, վարպետաց վարպետ Մարգար Սեդրակյանի դերը մեր ժողովրդի, Հայաստանի երեւի թե ամենահայտնի խորհրդանիշներից մեկի՝ հայկական կոնյակի, կերտման, տարածման, արտադրության առաջխաղացման գործում։ Չափազանցություն չի լինի ասել, որ նրա կերտած «կերպարները»՝ կոնյակի տեսակները, որոնք այսօր էլ շարունակում են արտադրվել, Հայաստանի համար նույնքան խորհրդանիշներ են, որքան Մարտիրոս Սարյանի կերպարվեստը, Արամ Խաչատրյանի երաժշտությունը, Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետությունը եւ ուրիշ խորհրդանիշներ։ Մարգար Սեդրակյանը մեր ժողովրդի պատմության մեջ մնաց նախ եւ առաջ իր ստեղծած կոնյակի տեսակներով, որոնք եղել են, կան եւ ընդմիշտ կլինեն յուրաքանչյուր հայի ընտանիքում, քանի կա մեր ժողովուրդը։ Նա նաեւ իր ժամանակակիցների հիշատակում մնաց որպես բարի, կատակասեր մարդ, ընտանիքի օրինակելի ղեկավար, հայրենիքի նվիրյալ քաղաքացի։
Երբ 1930—ականների վերջերին նրան մի հայտարարության համար աքսորում են Հայաստանից, միեւնույն է, նա չի հրաժարվում իր մտքից՝ դարձյալ պնդելով, որ «Հայաստանի կոնյակը ամենալավն է աշխարհում»,–նշեց նա։
Հաջորդ հռետորը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանն էր, ով ներկաներին պատմեց նաեւ իր պապի՝ Ավետիք Իսահակյանի, եւ Մարգար Սեդրակյանի բարեկամության մասին։ Հատկապես հիշարժան է, որ հռչակավոր կոնյակագործը իր ստեղծած խմիչքներից մեկը՝ «Հոբելյանականը», անվանակոչել է բանաստեղծի խորհրդով։
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ներկաներին տեղյակ պահեց, որ Մարգար Սեդրակյանի, նրա կատարած գործի մասին գրավոր վկայություններ կան արխիվում, որոնց հիման վրա կարելի է մի վավերագիր հիշատակարան կազմել։ Դրանց մի մասը նա հանձնեց Մ. Սեդրակյանի ժառանգներին։

Կատարելով հուշաքարի բացման արարողությունը, Մ. Սեդրակյանի որդին՝ Սեդրակ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ բացման հրավիրեց համտեսելու մեկական գավաթ սեդրակյանական կոնյակ։ Իսկ այդ ընթացքում, «Հայաստանի Հանրապետություն օրաթերթւ»–ի թղթակցի հետ զրուցելիս, ասաց. «Ի՞նչ կարող եմ ասել հորս մասին։ Նա Սոցիալիստական աշխատանքի հերոս էր։ Մերոնցից ովքե՞ր էին կրում այդ կոչումը. Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Վիկտոր Համբարձումյանը, Գոհար Գասպարյանը»։
Կոնյակագործի դուստր Վանուհի Սեդրակյանը խոսեց հոր՝ աշխատանքին, գործին նվիրվածության մասին։ «Այս շենքի շինարարության վրա, որից բնակարան է ստացել հայրս, մինչեւ ստանալը բանվորություն է արել»,– ասաց նա։
Իսկ թոռը՝ երաժիշտ Մարգար Սեդրակյանը, ափսոսանքով խոսեց պապի մասին, ասելով. «Ես նրա մահվանից հետո եմ ծնվել։ Բայց մեծերն ասում են, որ անսահման բարի մարդ է եղել իմ պապը»։

…ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ Մարգար Սեդրակյանը ստացել է «Կոնյակի արտադրության բարձր վարպետի» կոչում։ 1940—1973թթ. եղել է Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգը, ԽՍՀՄ տեսակավոր կոնյակների, Հայաստանում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիաների հիմնադիրներից։ Ստեղծել է հայկական «Հոբելյանական», «Ընտիր», «Արտաշատ», «Դվին», «Երեւան», «Տոնական», «Ախթամար», «40 տարի»» «Հայաստան», «50 տարի», «Նաիրի», «Վասպուրական», ուկրաինական «Օդեսա», «Ուկրաինա» կոնյակները։
Եղել է ԽՍՀՄ համտեսի կենտրոնական հանձնաժողովի անդամ, պարգեւատրվել է ֆրանսիական «Կամյու» ֆիրմայի «Համտեսի ասպետ» մեդալով։
Երեւանի կոնյակի գործարանի տարածքում կառուցվել է Սեդրակյանի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։
Ներկա հուշաքարը տեղադրվել է Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ։

Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *