IMG_6638-1024x683

Հայկական կոսմետիկա. Առաջին խմբաքանակն «ուղեւորվել է» Հարավային Կորեա եւ Հոնկոնգ

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոսմետիկա արտադրող հայկական ընկերությունն այս տարի առաջին անգամ մասնակցել եւ արտահանման պատվեր է ստացել միջազգային ցուցահանդեսում, հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից։ Հուլիսի 9–11—ը ԱՄՆ Lաս Վեգաս քաղաքում կայացած «Cosmoprof North America 2017» միջազգային ցուցահանդեսում «Նաիրիան» ընկերությունը հաջողությամբ ներկայացրել է հայկական արտադրանքը, եւ արտահանման պայմանագրեր են կնքվել։ Շուրջ 10 000 դոլարի առաջին՝ փորձնական խմբաքանակը երեկ փաթեթավորվեց եւ կուղեւորվի Հարավային Կորեա եւ Հոնգ Կոնգ։ Նմուշների ընտրությունից եւ ընթացակարգերի հստակեցումից հետո արտահանումները կիրականացվեն կանոնավորապես եւ էապես մեծ ծավալներով։

«Ընկերությունը Միացյալ Նահանգներում հուլիսյան ցուցահանդեսում շատ լավ հանդես եկավ, ճիշտ գործընկերներ գտավ, արդյունքում՝ մեծանում է արտահանման աշխարհագրությունը դեպի Ասիա»,–նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հետսպասարկման թիմի համակարգող Անահիտ Մկրտչյանը։ «Նոր շուկա մուտք գործելը երկար ու մանրակրկիտ աշխատանքի արդյունք է, իսկ այս դեպքում նաեւ՝ հպարտություն, քանի որ Հարավային Կորեան կոսմետիկայի բազմաթիվ ապրանքանիշերի հայրենիքն է, իսկ կորեուհիները խստապահանջ են։ Ուրախ ենք, որ մեր կորեական գործընկերը մեծ վստահությամբ է սկսում համագործակցությունը»,–նշել է «Նաիրիան» ընկերության համահիմնադիր եւ գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը։ 2012 թ. հիմնադրված ընկերությունն աշխատում է Հայաստանի բնաշխարհի ռեսուրսներով, օգտագործվող բույսերը մշակում է օրգանական եղանակով, իր սեփական դաշտային տնտեսությունում։ «Նաիրիանն» արդեն արտահանվում է ԱՄՆ, Ճապոնիա եւ Ռուսաստան։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *