6083b793-6c48-404d-a6aa-7ae7cb46ef3e

Հայկական համայնքը Թուրքիայում հայտնվել է բարդ կացության մեջ

Ներքաղաքական իրավիճակի լարումը Թուրքիայում, որն ուղեկցվում է քրդական բնակավայրերի և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության գրասենյակների վրա թուրք ազգայնականների հարձակմամբ և ոստիկանական ճնշումներով ունի ինչպես ներքաղաքական, այնպես էլ տարածաշրջանային պատճառներ: Ներքաղաքական գործոննրի շարքում փորձագետներն առանձնացնում են Թուքիայում մայիսին կայացած ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանում մեծամասնության կորուստը և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության մուտքը խորհրդարան:

Տարածաշրջանային գործոնների շարքում են դասում արյունալի քաոսը Մերձավոր Արևելքում՝ հատկապես Սիրիայում և Իրաքում, որտեղ Անկարան վերջերես սկսել է ռազմական գործողություններ ծավալել Քուդրիստանի բանվորական կուսակցության ջոկատների դեմ: Վերջիններս Սիրիայի նախագահ Բաշար Ասադին լոյալ ուժերի հետ պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ և որոշակի հաջողության էին հասել: Ազգային խնդրի սրումը, ոսիկանական բռնաճնշումներով և ռազմական գործողություններով ուղեկցվող ներքաղաքական ցնցումները հատկապես Թուրքիայի քրդաբնակ արևելյան նահանգներում, ըստ մասնագետների, վտանգավոր է ինչպես Թուքիայում ապրող հայերի, այնպես էլ սահմանակից Հայաստանի համար:

Ուստի ստեղծված իրավիճակում Երևանը պետք է զգոն լինի, ամենյան լրջությամբ հետևի իրադարձությունների զարգացմանը և համապատասխան հետևություններ անի, նշում են փորձագետները:

«Մեդիա կենտրոնում» ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի և տեսազանգի միջոցով «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուքյանի և վերլուծաբան Վիգեն Չեթերյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Թուրքիայում ծավալվող վերջին իրադարձությունները և դրանց ազդեցությունը հայ համայնքի վրա» թեմայով քննարկում:

Թուրքիայում ծավալվող իրադարձությունները Բագրադ Էստուքյանը որակավորում է, որպես լայնածավալ բռնաճնշումներ քրդական բնակչության և խորհրդարան անցած քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության դեմ: Նպատակը, ըստ նրա, իշխանության ձգտումն է փոխել ուժերի բալանսը ներքաղաքական կյանքում, քանի որ այժմ իշխող կուսակցությունը զրկվել է խորհրդարանական մեծամասնությունից: «ԱԶԿ-ն ներքաղաքական հարցեր լուծելու և նոր նշանակված ընտրությունների միջոցով սեփական դիրքերը վերականգնելու համար երկիրը վերածել է ռազմի դաշտի: Հատկապես քրդաբնակ շրջաններում, իսկ քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության 20-25%, ամենուր կրակոցներ են, ոստիկանական բռնություններ, հարձակումներ և սահմանված է արտակարգ դրություն», – թվարկեց «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիրը:

Նրա կարծիքով, խորհրդարան անցած Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության գրասենյակների վրա հարձակումները և նրա գաղափարակիցների նկատմամբ բռնաճնշումներն ուղղված են մեկ նպատակի՝ քրդամետ կուսակցության վարկաբեկման և վերստին նշանակված (այս տարվա նոյեմբերին) ընտրությունների միջոցով ԱԶԿ-ի դոմինանտության վերականգման:

Ազգային խնդրի սրումը, ըստ Էստուքյանի, բարդ իրավիճակ է ստեղծել նաև Թուրքիայում հայկական համայնքի վրա: Հարձակումներ հայկական համայնքի վրա չեն իրականացնում, սակայն մամուլի միջոցով ազգայնական շրջանակները համապատասխան քարոզչություն են իրականացնում ինչպես քրդերի, այնպես էլ հայերի վերաբերյալ, որոնք վերջին ընտրություններին մեծամասնաբար աջակցեցին քրդամետ կուսակցությանը: «Նրանք շատ լավ գիտեն, որտեղ են գտնվում հայկական մշակութային և կրթական կենտրոնները, երբ են այնտեղ սկսվում դասերը և երբ ավարտվում: Իսկ դա այն տեղեկատվությունն է, որին տիրապետում են ոստիկանները», – ասաց նա:

Էստուքյանի հետ համկարծիք էր Կիրո Մանոյանը, ով համոզված է, որ մինչև նոյեմբերի 2-ը, երբ Թուքրիայում տեղի կունենան նոր ընտրություններ, իրավիճակն այդ երկրում ավելի կլարվի: «Քրդական բնակչության և նրանց աջակցությունը վայելող Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության դեմ ուղղված ճնշումների նպատակն է իշխող կուսակցության դիրքերի վերականգնումը: Իմիջիայլոց, վարչապետ Ահմետ Դավութողլուն վերջերս ուղերձի տեքստով հայտարարեց, որ եթե ազգաբնակչությունը չի ցանկանում Թուրքիայում իրավիճակի սրում, ապա պետք է ընտրի մեկ կուսակցություն: Այն է՝ պետք է իշխի մեկ կուսակցություն: Դժվար չէ կռահել, թե այդ արտահայտության տակ ինչ ի նկատի ունի Դավութօղլուն», – պարզաբանեց Մանոյանը:

Նրա խոսքով, Թուրքիայում բախումների ազդեցության շրջանակները կարող են տարածվել նաև տարածաշրջանային այլ երկրների վրա: «Այդ երկրների թվում զգոնություն պետք է ցուցաբերի Հայաստանը: Մենք պետք է զգոն լինենք և հետևենք, քանի որ ՀՀ սահմանից շատ հեռու չեն տեղի ունենում այդ իրադարձությունները: Այն ինչ-որ տեղ կարող են ազդել նաև Ադրբեջանի հնարավորությունների վրա, քանի որ Թուրքիայում արդեն երկրորդ անգամ պայթեցվում է «Բաքու-Թբիլիսի-Էրզում» գազատարը: Իսկ նման միջադեպերը, որոնք սեղծում են էներգառեսուրսների մատակարաման խափանումներ, ֆինանսական խնդիրներ են առաջացնում Բաքվի համար», – հավելեց բանախոսը:

Քննարկմանը մասնակից վերլուծաբան Վիգեն Չեթերյանը Թուրքիայում իրավիճակը, բացի ներքաղաքական հաշվարկներից, դիտարկեց նաև ավելի լայն տարածաշրջանային գործընթացների ենթատեքստում:

«Իրավիճակը լարվեց Թուրքիայում, երբ տեղի ունեցավ ահաբեկչություն քրդաբնակ Սուրուչ քաղաքում: Դրանից հետո թուրքական իշխանությունները բռնաճնշումներ սկսեցին երկրի արևելյան նահանգներում քրդերի նկատմամբ և ռազմական գործողություններ ծավալեցին Սիրիայի տարածքում Քուրդիստանի բանվորական կուսակցության ջոկատների դեմ, որոնք հասել էին զգալի հաջողությունների «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում: Նրանք Թուքիայի սահմանի հետ մոտավորապես 400 կիլոմերտանոց հատված արդեն վերցնում էին իրենց վերասկողության տակ: Այսինքն՝ Թուրքիան իր հարավում սկսելու էր սահմանակցել, ոչ թե Սիրիայի, այլ քրդական ինքնավար միավորման հետ, ինչից պաշտոնական Անկարան վտանգ զգաց: Այսինքն՝ այստեղ բացի ներքաղաքան հաշվարկներից, կան նաև տարածաշրջանային գործոններ», – երզափակեց նա:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *