ԿԱՐԵՎՈՐ
Search
31D246B8-4409-454B-B9BF-6CDDDB3A44ED_mw1024_s_nքո

Հայկական մշակույթի օրեր Դամասկոսի համալսարանում

Դեկտեմբերի 7-ին Սիրիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ և Դամասկոսի համալսարանին կից լեզուների բարձրագույն ինստիտուտի և նորաբաց հայոց լեզվի ուսուցման բաժնի նախաձեռնությամբ՝ «Լեզուներն ու քաղաքակրթությունները» խորագրով կազմակերպված միջոցառման շրջանակներում բացվեցին հայկական մշակույթի օրերը: 

Բացման արարողությանը մասնակցում էին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և Դամասկոսի համալսարանի ռեկտոր Մուհամմադ Հասսան ալ-Քուրդին, ուսանողներ, բազմաթիվ հյուրեր: Ցուցահանդեսային մասում ներկայացված էին հայոց լեզվի և գրականության, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի, ԵՊՀ Արևալագիտության ֆակուլտետի հրատարակությունները, հայկական տարազները, Մատենադարանի մանրանկարչության և արաբալեզու ձեռագրերի նմուշները: Բացման արարողությունից հետո Դամասկոսի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողների առջև դասախոսությամբ հանդես եկավ դեսպան Արշակ Փոլադյանը՝ «Արևելագիտությունը Հայաստանում» և «Հայաստանն արաբական միջնադարյան պատմա-աշխարհագրական հուշարձաններում» թեմաներով:

Դեսպանը հանգամանորեն անդրադարձավ Հայաստանում արևելագիտության, հատկապես արաբագիտության նվաճումներին, արաբալեզու սկզբնաղբյուրների ուսումնասիրությանը` կարևորելով հայկական մշակույթի օրերի դերը հայ-արաբական հարաբերությունների զարգացման գործում: Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին նաև Հայաստանում արևելագիտության մասին ճանաչողական և Սիրիայում ՀՀ դեսպանության ու սիրիական հեռուստատեսության ջանքերով պատրաստած «Հայաստանը երեկ և այսօր» տեսաֆիլմերը: Հայկական մշակույթի օրերի շրջանակներում ներառված են դասախոսություններ հայոց լեզվի և գրականության թեմաներով, ինչպես նաև տեսաֆիլմեր Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի մասին: Միջոցառումները շարունակվելու են մինչև դեկտեմբերի 14-ը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *