dsc02144_copy.thumb

Հայկական սննդամթերքը կդառնա պահանջված. Զարկ է տրվում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը

Աշխարհում, մասնավորապես, Եվրոպայում, ԱՄՆ—ում եւ Ճապոնիայում տարեցտարի մեծանում է էկոլոգիապես մաքուր սննդամթերքի պահանջարկը։ Խոսքը օրգանական գյուղատնտեսության մասին է, երբ արգելված է բույսերի քիմիական պաշտպանության միջոցների, կայուն պեստիցիդների եւ սինթետիկ պարարտանյութերի օգտագործումը։ Իսկ սինթետիկ պարարտանյութերը ստացվում են բացառապես քիմիական ճանապարհով։ Դրանցում բացառվում է նաեւ գենետիկորեն վերափոխված տարրերի օգտագործումը եւ արտադրանքի մեջ չի կիրառվում իոնացնող ճառագայթում։
Օրգանական սննդամթերքի ամենամեծ արժեքն այն է, որ անվտանգ է առողջության համար, ավելի շատ վիտամիններ, հանքային աղեր, այլ սննդարար տարրեր է պարունակում եւ զերծ է վնասակար քիմիկատներից, որոնք վերամշակված սննդամթերքում օգտագործվում են որպես սննդային համային հավելումներ ու կոնսերվանտներ։ Բացի այդ, օրգանական սննդամթերքը չի գիրացնում եւ ապահովում է մարմնի նորմալ քաշ։
Մեր երկրում եւս զարկ է տրվում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը։ Մասնավորապես, «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ Եվրամիության պատվիրակության եւ Ավստրիայի զարգացման գործակալության կողմից 3,3 միլիոն եվրո գումար է տրամադրվել 18 ձեռնարկությունների, որոնք ներգրավված են գինիների, մեղրի, չորամրգերի, ինչպես նաեւ օրգանական ձիթապտղի յուղի արտադրության ոլորտներում։
Գյուղատնտեսության նախարարությունը այս ծրագրի շրջանակում նպատակադրված է բարելավել նաեւ օրենսդրությունը։ Նշենք, որ օրգանական արտադրանքը վաճառվելու կամ արտահանվելու համար պետք է համապատասխան սերտիֆիկատ ունենա։ Այն թույլ է տալիս գնորդին վստահ լինել, որ մթերքը արտադրվել է օրգանական գյուղատնտեսության ստանդարտ պահանջները լիովին պահպանելով։ Օրգանական կարող է համարվել այն արտադրանքը, որն ունի սերտիֆիկացման մարմնի լոգո։
Նշենք, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող եւ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» (ՕԳԱՆ) շրջանակում փոքր ֆերմերների եւ ֆերմերային խմբերի ծրագրերի մրցույթին ներկայացվել է 130 ծրագիր, որոնցից արդյունքում հաստատվել է 28 հայտադիմում։
Ինչպես նախորդ տարեվերջին հայտարարել էր գյուխփոխնախարար Արմեն Հարությունյանը, ծրագրի երկրորդ փուլի արդյունքներով պետք է ամփոփվեին համապատասխան դիմումները, եւ տնտեսությունները պետք է ֆինանսական օժանդակություն ստանային։ Ծրագրի նպատակը երկրում օրգանական գյուղատնտեսության զարգացումն է։

Կապահովվի հայկական արտադրանքի մրցունակությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը օրերս մասնակցելով Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպմանը, նշել էր, որ եռամյա ծրագրի հիմնական նպատակը ֆինանսական եւ տեխնիկական աջակցության ցուցաբերումն է Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերներին, ագրոբիզնեսներին եւ կոոպերատիվներին, ինչպես նաեւ օրենսդրական բարեփոխումներին, տեղական շուկայի զարգացմանը օժանդակելն ու արտահանման ծավալների ավելացմանը նպաստելը։ Իգնատի Առաքելյանը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստակամ է ծրագրի մշակման նպատակով սեղմ ժամկետում ստեղծել աշխատանքային խումբ եւ կազմել համատեղ միջոցառումների ժամանակացույց։
«Մենք համոզված ենք, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ։ Եթե մենք կարողանանք գտնել օրգանական արտադրանքի իրացման համար շուկա եւ ապահովել ծավալ, ապա կարող ենք միասին ծրագիր մշակել՝ ներգրավելով տեղական մասնավոր եւ եվրոպական ավելի մեծ ներդրումներ, ինչպես նաեւ պետության աջակցություն կամ սուբսիդավորում իրականացնել»,—նշել է նախարար Իգնատի Առաքելյանը։ Նա նաեւ հավելել է, որ ամբողջ աշխարհում ներկայումս առկա է օրգանական արտադրանքի մեծ պահանջարկ, եւ այս ոլորտի ճիշտ կազմակերպման, կայուն որակի եւ քանակի ապահովման դեպքում հնարավոր կլինի ապահովել հայկական արտադրանքի մրցունակությունն արտասահմանյան շուկայում։
Ավստրիական զարգացման գործակալության օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ծրագրի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերն ընդգծել է, որ արդեն 8 տարի իրականացվող ծրագիրն ընթանում է բավական արդյունավետ. եթե 2014 թվականին առկա էին 17 հավաստագրված ընկերություններ, ապա այժմ դրանց քանակը կրկնապատկվել է։ ՕԳԱՆ ծրագրի ղեկավարը նշել էր, որ իրենց ուշադրության կենտրոնում է լինելու հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, քանի որ հանրության միայն 20 տոկոսն է տեղյակ օրգանիկ արտադրանքի եւ դրա առավելությունների վերաբերյալ։ Այս տարվա ընթացքում հանրային իրազեկման տարբեր գործիքների կիրառման շնորհիվ նախատեսվում է շուրջ 15 տոկոսով բարձրացնել հայաստանյան սպառողների տեղեկացվածության մակարդակը։
Ծրագրի շահառուները շահագրգռված են զարկ տալու թզի եւ արքայանարինջի չրերի արտադրությանը, լոբու, ելակի եւ այլ մշակաբույսերի աճեցմանը, պարարտանյութերի արտադրությանը, վայրի խոտաբույսերի հավաքին եւ այլն։
ՕԳԱՆ ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը եւ նպաստել տեղական եւ միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը՝ բարելավելով իրավական եւ օրենսդրական դաշտը եւ տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն։
«Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագիրը նպաստում է նաեւ հայ ֆերմերների, վերամշակողների, ինչպես նաեւ հայ գնորդների եւ շահագրգիռ եվրոպական ու այլ միջազգային ընկերությունների միջեւ կապերի հաստատմանը։ Բացի այդ, հայ օրգանական մթերք արտադրողները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային օրգանական գյուղմթերքի տոնավաճառներին։
Նշենք, որ կընձեռվի Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում օրգանական սննդամթերքի ցուցահանդեսին հայկական արտադրանքը ներկայացնելու հնարավորություն։
Փոքր ֆերմերների, ֆերմերային խմբերի համար նախատեսված հավելյալ աջակցության ծրագրի նպատակն է խրախուսել եւ աջակցել փոքր ֆերմերներին, փոքրածավալ վերամշակողներին՝ ավանդականից անցում կատարելու օրգանական գյուղատնտեսության կամ զարգացնելու իրենց՝ արդեն իսկ գոյություն ունեցող օրգանական արտադրության եւ վերամշակման կարողությունները։
Նախաձեռնության շրջանակում փոքր ֆերմերներին եւ փոքրածավալ գյուղատնտեսական մթերք վերամշակողներին կտրամադրվեն առաջնային անհրաժեշտության սարքավորումներ ու գործիքներ, ինչպես նաեւ կիրականացվեն կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ եւ խորհրդատվություն։

Կարտադրվի օրգանական ձիթայուղ

Նշենք, որ մեկնարկած ծրագրի շրջանակներում կհիմնվի օրգանական ձիթապտղի արտադրություն Մեղրիի տարածաշրջանի Լեհվազ համայնքում, որն իր նորարարական տեսակով առաջինն է Հայաստանում։
Ծրագրի անմիջական շահառուն ֆերմեր Կարո Կարապետյանն է, ով շուրջ 15 տարի է, ինչ սկսել է զարգացնել ձիթապտղի արտադրությունը Ալվանք համայնքում եւ ունի 6 հա ձիթապտղի այգի։ Նա համոզված է, որ ներդրումը կնպաստի արտադրության դիվերսիֆիկացմանը եւ տնտեսական գործունեության զարգացմանը։
Ըստ ֆերմերի, նման կերպ ոչ միայն հնարավոր կդառնա իրականացնել տարեկան արտադրվող մինչեւ 20 տ ձիթապտղի բերքից խոշոր մեծության ձիթապտղի մարինացում, այլ նաեւ առավել փոքր չափի ձիթապտղի բերքից ստանալ օրգանական ձիթայուղ, որը նախորդ տարիներին, որպես կանոն, մեծամասամբ թափվում էր։
Ծրագիրը թույլ կտա անհրաժեշտության դեպքում անցում կատարել անգամ խոշոր մեծության ձիթապտղի մարինացումից ձիթապտղի յուղի արտադրությանը, ինչը, ըստ ֆերմերի, կբարձրացնի իր արտադրատեսակների նկատմամբ շուկայական պահանջարկի փոփոխություններին համարժեքորեն արձագանքելու հնարավորությունները եւ կհանգեցնի ֆերմերային տնտեսության ֆինանսական կայունության ամրապնդմանը։
Առաջիկայում հնարավորություն կունենանք ճաշակելու հայրենական արտադրության օրգանական ձիթապտղի յուղ։

Լ. ՆԱԶԱՐՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *