Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը Եթովպիայում

Օրերս Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում, Շերաթոն հյուրանոցի բարձրակարգ հանդիսասրահում տեղի ունեցավ Հայ երաժշտության երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Այս առիթով Հայաստանից հրավիրված էր «Արամ Խաչատրյան» լարային քառյակը։

Միջոցառումը կազմակերպված էր Եթովպիայի Հայկական համայնքի կողմից՝ նախաձեռնությամբ Եգիպտոսի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպս. Մնացականյանի և ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանի:

Նախաձեռնող կողմերի համատեղ հրավերին ընդառաջ՝ միջոցառմանը ներկա գտնվեցին շուրջ 300 հոգի: Ներկա էին դեսպաններ, դիվանագիտական և պետական բարձրաստիճան անձեր, տեղական և միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև եթովպահայ համայնքի անդամներ:

Համերգից առաջ բացման խոսքով հանդես եկավ Եթովպիայի Հայկական համայնքի Գործադիր Խորհրդի ատենապետ Տիար Վարդգես Նալբանդյանը: Վերջինս հատկապես շեշտեց եթովպացի ժողովրդի և բոլոր ժամանակների ղեկավարության այն բացառիկ վերաբերմունքը, որ ցուցաբերել են հայ ժողովուրդի այն զավակների հանդեպ, որոնք ապաստան են գտել Եթովպիայում։ Վարդգես Նալբանդյանը շեշտեց նաև, որ ոչ միայն արտոնյալ պայմաններ են ընձեռել ազգային, հոգևոր, գաղութային կյանքը կազմակերպելու, այլև իրենց բացառիկ մասնակցությունը բերելու Եթովպիայի բարգավաճմանն ու զարգացմանը:

Այնուհետև ներկաներին իր խոսքն ուղղեց դեսպան Արմեն Մելքոնյանը։ Նա խստորեն դատապարտեց Թուրքիայի իշխանությունների ժխտողականության քաղաքականությունը և սեփական պատմության հետ առերեսումից խուսափելը: Դեսպանը կարևորեց նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ ապագայում մարդկության հանդեպ նմանատիպ հանցագործությունները կանխարգելու տեսանկյունից:

Արմեն Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց Եթովպիայի իշխանություններին և ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունից վերապրածներին ապաստան և վերընձյուղվելու բոլոր հնարավորությունները տրամադրելու համար: Անդրադարձավ նաև Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակին նվիրված Սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Սրբազան Քահանայապետի կողմից Հայոց ցեղասպանությանը տրված ստույգ որակումների մեծ նշանակությանը:

Հնչած խոսքերից հետո, ըստ նախապես պատրաստված հայտագրի, ելույթ ունեցավ «Արամ Խաչատրյան» լարային քառյակը՝ ղեկավարությամբ Վաչե Հովեյանի: Խումբը նախ կատարեց Սայաթ-Նովայի ստեղծագործություններից (մշակումները՝ Վարդ Մանուկյանի), այնուհետեւ հանդիսատեսի ունկնդրությանը արժանացրեցին Կոմիտաս Վարդապետի ստեղծագործություններից (մշակումները՝ Սերգեյ Ասլամազյանի): Երեկոն եզրափակվեց Արամ Խաչատրյանի «Երևան» ստեղծագործությամբ:

Կատարումները ընդունվեցին խանդավառությամբ և ծափահարություններով՝ խորը տպավորություններ թողնելով թե՛ կատարողական և թե՛ ներկայացված ստեղծագործությունների բացառիկության առումով:

Համերգից հետո տեղի ունեցավ ընդունելություն, որից հետո ներկաները բաժանվեցին հայ երաժշտական արվեստի բարձրաճաշակ և հոգեցունց տպավորություններով:

ԴԻՒԱՆ

ԳԱՀԻՐԷԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

Հայերն Այսօր

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *