122230-113988

Հայոց ցեղասպանությունից մինչև Սիրիայի դեպքեր.Վիեննայում քննարկվել են անպատժելիության հետևանքները

Վիեննայում օրերս կայացած ուղղափառ երկրների միջպառլամենտական վեհաժողովին 28 երկրների ներկայացուցիչների հետ մասնակցել է նաև Հայաստանը՝ ի դեմս ԱԺ պատգամավոր, ուղղափառ երկրների միջպառլամենտական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանի և ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի:

Ինչպես հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Մկրտիչ Մինասյանը՝ վեհաժողովին քննարկվել են Եվրոպայում և աշխարհում պատմականորեն ձևավորված համայնքների խնդիրներն ու նրանց լուծումները:

«Ներկա էին նաև տարբեր երկրների հայկական համայնքի ներկայացուցիչներ՝ Իտալիայից, Իրանից, Լիբանանից և այլ երկրներից: Ընդհանուր առմամբ մենք բարձրացրինք Թուրքիայում բնակվող և այլադավան դարձած, իրենց ազգությունը թաքցնող հայերի խնդիրների մասին: Ընդունված բանաձևի համաձայն քաղաքակիրթ աշխարհին կոչ արվեց տոլերանտության, միջազգային արժեքները պահպանելու և ազգամիջյան հարաբերություններում առավել համագործակցելուն»,- ասաց նա:

Պատգամավոր Արագած Ախոյանն էլ նշեց, որ վեհաժողովը կարևոր է այնքանով, որ բոլորն ականատես են լինում, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում և քրիստոնյա աշխարհը կարիք կա, որ առավել համախմբված լինի:

«Վեհաժողովին ելույթ ունեցողները հիմնականում խոսքը սկսում էին Հայոց ցեղասպանությունից և տալիս այն իմաստը, որ անպատժելիությունն է հանգեցել նրան, ինչ այսօր կատարվում է Սիրիայում և մի շարք այլ երկրներում: Մենք ինքներս շեշտեցինք այս հանգամանքը՝ ցույց տալով, թե ինչ է կատարվում, երբ չի դատապարտվում հանցագործությունը»,- ասաց նա:

Նշենք, որ հաջորդ վեհաժողովը նախնական պայմանավորվածությամբ պետք է տեղի ունենա Սալոնիկում, իսկ երկու տարի առաջ Հայաստանում էր: Tert.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *