Հայ բանաստեղծը՝ ուկրաիներեն.Կիեւում լույս է տեսել Էդվարդ Միլիտոնյանի «Օդեղեն տուն» ժողովածուն

Բելառուսի մայրաքաղաքում վերջերս անցկացված գրքի միջազգային ցուցահանդեսում հաճելի անակնկալ էր սպասում բանաստեղծ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։ Ցուցադրության ուկրաինական տաղավար է հրավիրվել հայ գրողը, որտեղ թարգմանված գրքերի շարքում գրող—թարգմանիչ Ալեքսեյ Կոնոնենկոն եւ գրքի գրաֆիկայի հայտնի վարպետ Տատյանա Բուբնովան նրան ցույց են տվել ու նվիրել ուկրաիներեն 5 հազար օրինակով հրատարակած նրա «Օդեղեն տուն» բանաստեղծությունների ժողովածուն։
Նրանում զետեղված է հեղինակի մանկական բանաստեղծությունների մի ընտրանի, գրքի վերջում կա նաեւ համառոտ ծանոթագրություն գրողի մասին։

«Օդեղեն տունը» անցյալ դարի 80—ական թվականների վերջերին՝ Ալեքսանդր Կոնյաշովի ռուսերեն թարգմանությամբ, արժանացել էր սոցիալիստական երկրների մանկագիրների մրցանակին, եւ, դրանից ելնելով, «Դետսկայա լիտերատուրա» հրատարակչությունը հեղինակի հետ պայմանագիր էր կնքել հրատարակելու այն։ Խորհրդային Միության փլուզումը խանգարել է առանձին գրքով ռուսերեն հրատարակությանը, եւ այն փաստորեն առանձին բանաստեղծություններով է ներկայացվել տարբեր հանդեսներում՝ «Մուրզիլկա», «Վեսյոլկա» եւ այլն։
Այդ գիրքը այնուամենայնիվ ռուսերեն հրատարակվեց Ղազախստանում՝ շատ լավ ձեւավորված։ Եվ դրանից էլ օգտվել են այլ երկրների թարգմանիչները։ Ի դեպ, այդ հրատարակությունը 2012 թվականին արժանացել է ԱՊՀ երկրների գրքարվեստի մրցանակին։
Ուկրաինական հրատարակիչները ավելացրել են բանաստեղծությունների թիվը, 12—ից հասցնելով 37—ի, լրացումներ կատարելով ուկրաինական եւ ռուսական տարբեր հանդեսներից։
Ուկրաիներենից առաջ անցյալ տարի «Օդեղեն տունը» հրատարակվել է բելառուսերեն՝ բելառուսական գրականության կենդանի դասական Նիկոլա Չերնյավսկու թարգմանությամբ։ Մինսկում հեղինակի մասնակցությամբ գրքի շնորհանդեսը կազմակերպել էին Բելառուսի գրողների միությունը եւ «Զվյոզդա» հրատարակչությունը։ Այն կայացել է այս տարվա փետրվարի 12—ին, գրքի միջազգային ցուցահանդեսի Բելառուսի տաղավարում։ Արարողությանը խոսք է ասել թարգմանիչը, երեխաներն արտասանել են գրքի բանաստեղծություններից։ Տեղի գրական պարբերականի էջերում արդեն զետեղվել է գրախոսական գրքի վերաբերյալ։ 1000 օրինակով հրատարակված հատորից մի զգալի քանակություն ձեռք են բերել ցուցահանդեսի այցելուները։

Վանիկ Սանթրյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *