ԿԱՐԵՎՈՐ
Search
հըվհ

Հայ զինվորը շարունակում է ամուր պահել սահմանը. Հայկական բանակն ինքնուրույն ի վիճակի է իր առջեւ դրված խնդիրները լուծել. Ս.Օհանյան

ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանի՝ հակառակորդի կողմն անցնելու հանգամանքներն ու պատճառները լիովին կբացահայտվեն քննության ընթացքում։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց՝ զինծառայողի նկատմամբ հրամանատարների կողմից ճնշումներ չեն եղել։
«Եթե ճնշումներ եղել են, ապա՝ իր ընտանիքում։ Նախնական կարող եմ ասել, որ զինվորի եւ իր ընտանիքի միջեւ լարված հարաբերություններ են եղել։ Ամեն ինչ կպարզվի։ Բացառում եմ հրամանատարների կողմից վատ վերաբերմունքը. նա պայմանագրային զինծառայող է եղել փոքր ստորաբաժանման մեջ՝ ականանետային, այդ ստորաբաժանման մեջ միջանձնային հարաբերություններ համարյա չեն լինում»,–ասաց նախարարը։

Ս. Օհանյանը նկատեց՝ մի խումբ զինծառայողներ նկատել են տեղի ունեցածը, սակայն չեն կարողացել կանխել հակառակորդի կողմն անցած զինվորի փախուստը։ Այն պահին, երբ զինծառայողը լքել էր դիրքը, մյուս զինծառայողներից մի քանիսը տեսել էին, թե ինչպես է նա արագ վազում. «Չի ստացվել կանխել։ Իսկ այն տեսանյութը, որ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին, ակնհայտորեն հակառակորդի կողմից պատրաստված տեսանյութ էր։ Այդուհանդերձ, պատճառները պետք է փնտրել նրա ընտանիքի մեջ։ Ծառայողական քննություն է նշանակված, քրեական գործ է հարուցվել։ Ընթացքում ամեն ինչ կպարզվի։ Քանի որ ինքը այստեղ չէ, ուստի ստիպված ենք նրա ընտանիքի անդամների, մտերիմների միջոցով պարզել ամեն ինչ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք հանրությանը»։

Նախարարը բացառեց զինծառայողին առեւանգելու տարբերակը։ Միաժամանակ վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը եւ ԼՂՀ պաշտպանության բանակը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին եւ շփման գծում։ Չկա հակառակորդի կողմից իրականացվող որեւէ գործողություն, որին մեր կողմը համարժեք ու մի բան էլ ավելի պատասխան չտա. «Վերջին դիվերսիոն հարձակումները նույնպես հաջողությամբ հետ են մղվել ու բացահայտվել հայ զինվորների բարձր պատրաստվածության, նրանց հերոսության ու անձնուրացության շնորհիվ։ Այսօր անընդհատ առաջնագծին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, որովհետեւ հայկական բանակն ինքնուրույն ի վիճակի է իր առջեւ դրված խնդիրները լուծել։ Երբ անհրաժեշտություն լինի, որ մեր կողքին գտնվեն մեր վետերանները եւ երկրապահները, կամ արձագանքներ ակնկալենք ՀԱՊԿ—ից, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան ընթացակարգով դրանք կիրականացնի»։

Այն, ինչ կատարվում է մեր հարեւանների մոտ, անկասկած գտնվում է մեր վերահսկողության ներքո՝ ոչ միայն մեր, այլեւ միջազգային կառույցների կողմից տրված տեղեկությունների հիման վրա. «Չգիտեմ՝ որքանով է ավելացրել մեր հարեւանն իր կարողությունները սպառազինության եւ ռազմական տեխնիկայի քանակական առավելությունների առումով, սակայն այն պետք է պատրաստ լինի ու պետք է կիրառվի, իսկ դրա համար պատրաստ անձնավորություններ են պետք, ովքեր գաղափարապես ու պրոֆեսիոնալ առումով պետք է պատրաստ լինեն իրենց երկրի պաշտպանությանն ու այն կիրառելուն»։
Նախարարի խոսքով՝ լարվածությունը, որ այսօր գոյություն ունի ՀՀ սահմաններին ու շփման գծում, նախկինի շարունակությունն է, Ադրբեջանի հետեւողական, իրավիճակն ավելի լարված դարձնելու քաղաքականությունը՝ կոչված լուծելու մի քանի խնդիրներ. «Դրանք ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական նշանակություն ունեն, նաեւ կապված են Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի հետ»։ HHpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *