1471848000-751

Հայ ընտանիքները շարունակում են ապրել Սիրիայի Հասիչե շրջանում, որտեղ բախումների արդյունքում ծանր դրություն է

Սիրիայի Հասիչե շրջանում ապրող հայ ընտանիքները փորձում են մնալ ապահով վայրերում և հաղթահարել ռազմական բախումների հետևանքով առաջացած դժվարությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

Նա տեղեկացրել է, որ քաղաքը կենցաղային ծանր պայմաններում է:

«Հատկապես գիշերային ժամերին բուռն բախումներ են տեղի ունենում սիրիական բանակի և Քրդական աշխատավորական կուսակցության զինվորականների միջև, սակայն ցերեկը համեմատաբար ավելի հանդարտ դրություն է տիրում: Բնակչությունը դիմագրավում է նաև այդ կենցաղային դժվարություններին: Ավելի քան 4 օր էլեկտրականությունը չէր միանում: Քաղաքի պետական փուռը փակ է, ինչի հետևանքով հաց ձեռք բերելու խնդիր կա: Քաղաք հասնող սննդամթերքի քանակը քիչ է»,-հայտնել է Զարմիկ Պողիկյանը:

Նա նաև նշել է, որ ըստ շաբաթաթերթի աղբյուրի` Հասիչեում այժմ բնակվում է 64 հայ ընտանիք, որոնց մեծամասնությունը տարեց մարդիկ են, քանի որ երիտասարդության զգալի հատվածը լքել է քաղաքը այլ վայրում աշխատելու կամ ուսանելու համար:

«Հայերն առ այժմ նյութական կամ մարդկային կորուստներ չեն ունեցել: Հայ համայնքը փորձում է հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր կողմերի նկատմամբ և չներքաշվել հարցերի մեջ: Եկեղեցին փակ է: Գամիշլիի քահանան հատուկ առիթներով այցելում է Հասիչէ և եկեղեցական արարողություններ կատարում։ Հայ ընտանիքները դեռևս քաղաքից հեռանալու մտադրություն չունեն: Նրանք փորձում են հաղթահարել դժվարությունները` հուսալով, որ քաղաքի վիճակը կբարելավվի: Նախատեսվում է նաև բացել շրջանի հայկական վարժարանը»,-ասել է շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

Օգոստոսի 21-ին Սիրիայի Հասիչե շրջանում ռուսական կողմի միջնորդությամբ զինադադարի հաստատման համաձայնություն է ձեռք բերվել: Համաձայնությունը եղել է պետականպաշտոնական կողմերի և Քրդական աշխատավորական կուսակցության զինվորական թևի՝ «Ասայշ»-ի միջև: Ըստ համաձայնության՝ շրջանում զինադադար կհաստատվի, իսկ վիրավորներըկտեղափոխվեն Գամիշլիի հիվանդանոց: Հաղորդվում է, որ համաձայնությունը ներառում է նաև քաղաքի ապահով վիճակի բարելավում և բանակցությունների վերսկսում՝ կողմերի միջևհարցերի լուծման համար:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *