Հայ-իրանական առաջին համատեղ ֆիլմը. Նկարահանումները մեկնարկել են Շուշիում

Ավելի քան երկու ամիս ընթացող նախապատրաստական աշխատանքներից հետո իրանցի կինեմատոգրաֆիստները Արցախում ձեռնամուխ են եղել «Եվա» գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը։ Կահավորվել, կարգի են բերվել նկարահանման հրապարակներն ու սենյակները, ավարտին հասցվել ստեղծագործական կոլեկտիվի, այդ թվում՝ դերասանական խմբի ընտրության աշխատանքները։ Հատկանշական է, որ ֆիլմի առաջին նկարահանումները մեկնարկել են Շուշիում։ Իսկ դա ամենեւին էլ պատահական չէ։ Հայ ժողովրդի պայքարի թատերաբեմը, վերջին հաշվով, հինավուրց բերդաքաղաքն է հանդիսացել, ուր եւ ծավալվել են ազատագրման համար սկզբնավորված հայկական պաշտպանական ուժերի առաջին ռազմագործողությունները։
Պրոդյուսեր Բեհրուզ Փաքնահադի հավաստմամբ, ֆիլմի նյութը գլխավորապես վերաբերում է համամարդկային արժեքներին. «Հասցեատերը ողջ մարդկությունն է, եւ այն միտված է հանցագործությունների, մարդկային տառապանքների եւ ողբերգությունների կանխարգելմանը»։ Բ. Փաքնահադը կարծում է, որ ֆիլմը հաջողություններ ունենալու դեպքում կճանաչվի ոչ միայն Իրանում եւ Հայաստանում, այլեւ դուրս կգա շուկա ու կմասնակցի միջազգային փառատոների. «Անահիտ Բահադը վաղուց էր երազում հիշյալ թեմայով ֆիլմ ստեղծել։ Եվ ուրախ եմ, որ հայ գործընկերների աջակցությամբ արդեն սկսվել են նկարահանումները։ Ասել է թե՝ համատեղ ուժերով կստացվի իրագործել մեր մտահղացումները։ Դրանով բարեկամ մեր երկու երկրների մշակութային բնական գեղեցկություններն ավելի տեսանելի կդառնան հանրությանը»։
Իրանցի կինեմատոգրաֆիստը գոհունակություն հայտնելով ԼՂՀ իշխանություններին եւ ժողովրդին, ընդգծեց, որ «ֆիլմի նախապատրաստական աշխատանքների ժամանակ մշտապես զգացվել է ղարաբաղցիների աջակցությունը»։ Նրա հետ միակարծիք է եւ ռեժիսոր Անահիտ Բահադը. «Բոլորն էլ մեզ օգնել են, սկսած Արցախի նախագահից մինչեւ սովորական գյուղացին։ Եվ համոզված եմ, որ այս ֆիլմը հենց նրանց կողմից դրսեւորած վերաբերմունքի պատասխանն է լինելու, արցախցիների հյուրասիրության եւ անսահման բարության պատասխանը»…
Եթե ստեղծագործության, այսպես ասած, տեխնիկական կողմն ապահովում են իրանցիները, ապա դերասանական կազմը հիմնականում ներկայացվում է հայ դերասանների կողմից։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր դերասանուհի Էլինե Աղամյանը ոգեւորությամբ է արտահայտվում Շուշիում անցկացրած օրերի մասին։ Չնայած բազմաթիվ ֆիլմերում է նկարահանվել, այնուամենայնիվ, շատ է հուզվում։ «Կերպարն է նման ապրումների եւ խորհրդածությունների առիթ տալիս,–ասում է նա։–Չնայած լիքը ասելիք կա, սակայն բառերով այնքան չեմ արտահայտվելու, որքան որ դիմախաղի միջոցով, զուսպ եւ ժլատ պիտի փորձել ներկայացնել կերպարը, գրեթե չխոսելով»…
Չնայած ռեժիսոր Անահիտ Բահադն ամբողջովին չի բացում գաղտնիքները, շատ ուրախ է այն բանի համար, որ ֆիլմում նկարահանվում են արցախցի մի խումբ դերասաններ, որոնց թվում են ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, վաստակավոր արտիստ Մարատ Դավթյանը։ Ֆիլմում ընդգրկված են դերասաններ Շուշիի Խանդամիրյանի անվան թատրոնից, ինչպես նաեւ տաղանդավոր երեխաներ՝ Շուշիի եւ Քարին տակի դպրոցներից։ Ընդ որում, տիկին Բահադը խոստովանում է, որ ավելի քան 3 հազար աշակերտներից ֆիլմի երկու գլխավոր հերոսների ընտրությունը կատարվել է բծախնդրութամբ…
«Ֆիլմը նկարահանվել ու է Արցախի տարբեր բնակավայրերում՝ Շուշիում, Քարին տակում, Ստեփանակերտում, Դադիվանքում, Լուսաձորում, Ծաղկաշենում–տեղեկացնում է Անահիտ Բահադը։–Եթե այսպես ամեն օր հագեցած ծրագրով ընթանան աշխատանքները, հավանաբար, 2—3 ամսում կավարտենք նկարահանումները ու «Եվայի» առաջին հեռուստադիտողները կլինեն արցախցիները»…

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
hhpress.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *