7ae72c3c2f0aef957a5e9350a6397f25

Հայ պատմաբանի սկանդալային հայտարարությունը. «Ազատագրված որոշ տարածքներ պետք է վերադարձնել ազերիներին».

Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, ֆրանսաբնակ հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանը ԼՂՀ հակամարտության կարգավորման լավագույն ձեւը համարում է Ադրբեջանին որոշ տարածքներ վերադարձնելը: «Հայկական շահը կլիներ, որ լուծվեր այս ձեւով, եթե նախկին ինքնավար մարզից դուրս որոշ չբնակեցված տարածքներ հայկական կողմը Ադրբեջանին վերադարձնի, դրա փոխարեն Ադրբեջանն ընդունի ԼՂՀ անկախությունը, չբնակեցված տարածքներ ասելով՝ օրինակ Աղդամը»,- Aravot.am-ին ասաց պատմաբանը:

Մեր հարցին հայ հասարակությունը պատրա՞ստ է տարածքներ զիջել, պատմաբանն ասաց. «Չգիտեմ, բայց հակառակ դեպքում կբնակեցնեին այդ տարածքները: Երկու տարի առաջ գնացի Աղդամ, բոլորովին ամայի էր… Կարեւորը Պարսկաստանի հետ սահմանն է, բայց արեւելյան կողմերը՝ Աղդամի պես, այնքան էլ անհրաժեշտ չեն Հայաստանի, Ղարաբաղի համար: Կարելի է փոխադարձ պայմանավորվածություն լինի, կարեւորը Ղարաբաղը որպես պետություն ընդունվի, ինչպես Կոսովոն»:

Պարոն Մութաֆյանի խոսքով, Ֆրանսիայում ադրբեջանցիները կազմակերպված հակահայկական քարոզչություն են իրականացնում: Օրինակ` վերջերս հայկական խաչքարերի ցուցահանդես էր, որտեղ ներկայացված էին նաեւ ադրբեջանցիների կողմից քանդված Ջուղայի խաչքարերի լուսանկարները. «Ոչ մեկ չի կարող հերքել, որովհետեւ նկարված է: Ես DVD-ն ունեմ, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ն չհամաձայնեց այդ նկարների ցուցադրությանը, ու եկան, հանեցին ցուցահանդեսից, որովհետեւ տիկին Ալիեւան սերտ կապերի մեջ էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի հետ, դրա համար անմիջապես հանեցին նկարները»:

Ըստ նրա, վերջերս էլ Փարիզի մեկ այլ մասնավոր ցուցասրահում ադրբեջանցի լուսանկարիչ իր աշխատանքների ցուցահանդես էր ներկայացրել՝ նկարների ցուցատախտակներում գրություններով, թե ինչպես են հայերը ջարդել ադրբեջանցիներին. «Ես էլ բողոքեցի, ասացի՝ անընդունելի է, որ Փարիզի քաղաքապետարանը նման բան է թույլ տալիս, բայց իրենք չէին նկատել»: Պատմաբանի խոսքով՝ ղարաբաղյան հարցի մասին ֆրանսիացիները լավ տեղեկացված չեն, իսկ ադրբեջանական քարոզչությունը այս հարցը իր շահերից է ներկայացնում: Բայց ի տարբերություն ղարաբաղյան հարցի, հայոց ցեղասպանության հարցի մասին ֆրանսիացիները տեղեկատվության պակաս չունեն. «Մանավանդ այս տարի շատ խոսվեց, գիտաժողովեր եղան, թերթերը հատուկ բաժիններ ունեցան: Ֆրանսիայում ով որ ցեղասպանության մասին չգիտի՝ նշանակում է ոչինչ չի կարդում ու չի դիտում, աշխարհից կտրված է»:

aravot.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *