Հանգստի ու ժամանցի արդիական համալիր

Ստեփանակերտում կառուցվող Ազատամարտիկների այգին, ուր արդեն ուրվագծվում են նրա գլխավոր բաղադրիչները, եւ ծրագիրն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի ու Արցախի ազատամարտիկների միության համաֆինանսավորմամբ, մայրաքաղաքի ամենագողտրիկ ու տեսարժան, մարդաշատ վայրերից մեկն է դառնալու։ Այս կարծիքին են նախագծի հեղինակներն ու պուրակի շինարարությունը ստանձնած կառույցի պատասխանատուները, ովքեր իրենց ուժերն են համատեղում ստանձնած խնդիրը հաջողությամբ լուծելու համար։
Հանգստի ու ժամանցի անցկացման ամբողջական մի համալիր է իրենից ներկայացնելու զբոսայգին՝ ճարտարապետական ուշագրավ լուծումներով. հագեցած շատրվաններով ու ցայտաղբյուրներով, սրճարաներով, կանաչ գոտիներով, օժանդակ շինություններով, յուրահատուկ «զրուցարաններով»։
Կապալառու կազմակերպության՝ «ՊԱՆՏ» ընկերության ղեկավար Սերգեյ Հարությունյանի հավաստմամբ, քանի դեռ եղանակները բարենպաստ են, աշխատանքները շարունակվում են դրսում։ Համալիրի շինարարությունը չի դադարում նաեւ ձմռան ամիսներին։ «Անգամ ցրտաշունչ այս օրերին մենք պարապուրդներ չենք ունենում։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են բացառապես պահանջվող չափորոշիչներին համահունչ։ Շինանյութերի օգտագործման առումով չափազանց զգուշավոր ենք։ Արվում է ամեն ինչ, որպեսզի շինարարության որակը լինի պատշաճ մակարդակի վրա։ Ցուրտ եղանակն անգամ այդ որակի վրա բացասաբար չի անդրադառնում։ Ասենք շաղախի պատրաստման ժամանակ հետեւում ենք ժամանակակից բարձր տեխնոլոգիաների կիրառմանը։ Ավազի հետ, կիր ու ցեմենտից բացի, օգտագործվում են Հայաստանում եւ Ռուսաստանում թողարկվող հատուկ շինանյութեր, որոնք միմիայն նպաստում են ամուր շինությանը»,–պարզաբանում է ընկերության տնօրենը, հավելելով, թե ձմռան ընթացքում աշխատանքները գլխավորապես կընթանան շինությունների ներսում։
Նախագծի հեղինակները եւս վստահ են, որ պուրակի շինարարությունը կիրականացվի բարձր մակարդակով, եւ շահագործումը կապահովվի սահմանված ժամկետում։
Ըստ երիտասարդ ճարտարապետ Միքայել Սարգսյանի, Ազատամարտիկների այգին, որ կզբաղեցնի շուրջ 2 հեկտար տարածք, երեք մուտք է ունենալու։ Մեկը «սկիզբ է առնելու» Վերածննդի հրապարակից, մյուսը Թումանյան փողոցից։ Հաջորդ՝ պուրակ տանող ճամփան ձգվելու է կենտրոնական մարզադաշտի աստիճաններից։
«Որպեսզի այն համահունչ լինի ժամանակակից պահանջներին, հայկական ավանդականը փորձել ենք համադրել նոր սերնդի ճարտարապետության հետ,–ասում է ճարտարապետը։–Այգու կենտրոնական հատվածում կկառուցվեն նորաձեւ «երգող ու պարող» գունեղ շատրվանների համալիր՝ ճարտարապետական դասական օրինակներով, ամառային ու ձմեռային խաղահրապարակներ, սրճարաններ՝ մեծերի եւ երեխաների համար, 3000 նստատեղով ամֆիթատրոն, «ժամանցի տնակներ», ուշագրավ այլ շինություններ»։
Շինարարության պատասխանատուները զբոսայգու շինարարության ավարտը կանխատեսում են 2017—ի սեպտեմբերին։

Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *