Հանրապետական փառատոն՝ պարի միջազգային օրվա կապակցությամբ

Մշակութային ժառանգության եւ ինքնության պահպանմանը, մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության տարածմանն էր միտված պարի միջազգային օրվա կապակցությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված ազգային պարի հանրապետական փառատոնը, որ նախաձեռնել էր մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։ Պետական այրերի ուղեկցությամբ փառատոնին ներկա էր նաեւ նախագահ Բակո Սահակյանը, ով կարեւորել է մասնակիցների առումով նախադեպը չունեցող նման միջոցառումների նշանակությունը՝ մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման, երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակման գործում։

Պարային շքերթին միացել էր ավելի քան 400 մասնակից, որ ներկայացնում էին շուրջ երկու տասնյակ համայնքներ։ «Պարի միջազգային օրն այս ձեւաչափով որոշեցինք նշել՝ փառատոնին ներգրավելով տարբեր շրջաններից ազգագրական խմբերի, –ասում է նախարար Նարինե Աղաբալյանը՝ վստահեցնելով, որ փառատոնն ավանդական դարձնելու լուրջ նախադրյալներ կան։

–Եթե տարիներ առաջ հանրապետությունում ընդամենը երկու ազգագրական համույթ գոյություն ուներ, այսօր նրանց թիվը 26—ի է հասել։ Ընդ որում, յուրաքանչյուր կոլեկտիվ հանդես է գալիս բավականին հետաքրքիր եւ հարուստ ծրագրով՝ փորձելով պահպանել եւ հնարավորինս մատչելի ներկայացնել հայկական ազգագրական պարերի հմայքն ու բովանդակությունը։ Ես նկատեցի, թե նրանց ելույթները որքան սրտամոտ էին հրապարակում հավաքված մեծաթիվ հանդիսատեսներին, ովքեր այնքան էին ոգեւորվել փառատոնի գաղափարով, որ հորդաբուխ շուրջպար էին բռնել մասնակիցների հետ։ Միջոցառումը համախմբեց բոլորին, եւ միասնական պարին միացան մեծ ու փոքրով։ Իսկ մենք հենց այդ նպատակն էինք հետապնդում»։ Փառատոնի մասնակիցների շուրջ երեք ժամ տեւած ելույթներն ուղեկցվում էին ջերմ ծափողջույններով եւ ուրախ բացականչություններով, որ ավելի էին ոգեւորում խմբերին։ Իրենց գոհունակությունը չէին թաքցնում եւ կազմակերպիչները։ «Սա եւս յուրահատուկ հաղթանակ է, գեղեցիկի եւ ներդաշնակության, հայկական ազգագրական պարերի նկատմամբ հանրության կողմից դրսեւորվող սիրո վկայություն,–կարծում է Տողի երաժշտական դպրոցի դասատու Անահիտ Բաղդասարյանը։

–Ազգագրական պարը մեր հոգեւոր—մշակութային հարստությունն է, մեր զենքն ու ինքնությունը, միմյանց համախմբողն ու հաղորդակից դարձնողը, բոլորիս հարստությունը, որ գալիս է դարերից՝ նորովի հարստացած եւ իմաստացած, խինդով ու բերկրանքով լցնում մեր հոգիները։ Ուրախ եմ, որ առաջին փառատոնն այսքան մասնակիցներ ու համակիրներ ունեցավ, ընդունվեց հանդիսատեսի կողմից եւ խրախուսվեց։ Սա ընդամենը լավ գործի սկիզբն է, եւ համոզված եմ, որ այն անպայման իր շարունակությունը կունենա։ Ասել է թե՝ փառատոնը կդառնա ավանդական, ու, բնականաբար, ազգագրական նորանոր խմբեր ի հայտ կգան եւ կցուցադրեն իրենց շնորքն ու կարողությունները»։

«Այնքան գեղեցիկ ու գայթակղիչ էին ելույթները, որ չկարողացա մերժել պարող աղջիկներին ու ես էլ միացա նրանց նազանքին»,–խոստովանում է 80—ամյա Աիդա Շիգանյանը, ով հայկական, ազգագրական պարերի սիրահար է ու չի թաքցնում իր «թուլությունները» մշակութային արժեքների նկատմամբ։ Արցախում այս օրերին համերգային հյուրախաղերով գտնվող Վանուշ Խանամիրյանի անվան «Նազենի եւ ժպիտ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Աիդա Մկրտչյանը նույնպես հիացած է փառատոնի գաղափարով եւ հավատացած է, որ այն կվերածվի ավանդույթի. «Ինչ ես տեսա այստեղ՝ հրապարակում, աննախադեպ երեւույթ է եւ, անշուշտ, վկայում է մեր ազգագրական պարերի հանդեպ երիտասարդության դրսեւորած հետաքրքրության եւ խոր հարգանքի մասին։

Միջոցառումը նաեւ հոգեւոր, դաստիարակչական նշանակություն ունի մատաղ սերնդին համախմբելու առումով։ Մասնակիցները կարողացան հասարակությանը համոզել, որ ազգային պարերը մեր առօրայի ու կենցաղի, մեր կենսակերպի անբաժան մի մասն են, որ ժառանգել ենք մեր նախնիներից, եւ ձգողական ուժ ունեն։ Փառատոնը ջերմությամբ լցրեց մեր հոգիները, եւ համույթի անդամներով տուն ենք վերադառնում խանդավառված, վերստին Արցախ այցելելու ակնկալիքով»։ Վեց տարի առաջ ընդամենը մեկ ազգագրական համույթ գոյություն ուներ, այն էլ՝ Բրաջյուր համայնքում։ Իսկ այսօր միայն Քաշաթաղի շրջանը միջոցառմանը ներկայացել էր պարային 4 խմբերով։

«Անչափ ուրախալի է, որ մեր պատանիներն ու աղջիկները հրաշալի տիրապետում են հայկական ազգագրական պարերին։ 30 տարի առաջ ես չէի կարող պատկերացնել, թե նման մեծաթիվ խմբեր ու համույթներ ծնունդ կառնեն Արցախում,–անկեղծանում է Քաշաթաղի ազգագրականի ղեկավար Ժիրայր Հակոբյանը։–Այսօր վերստին համոզվեցի, որ ազգային ոգին երիտասարդության շրջանում բարձր է մնում։ Շատ կարեւոր է, որ փառատոնի մասնակիցները տիրապետում են ազգային պարարվեստի նրբություններին ու պարում են՝ մեկ նազանքով, մեկ կրակոտ եւ հորդաբուխ, ինչը հատուկ է մշակութային հարուստ ժառանգություն ունեցող մեր հինավուրց, ավանդապաշտ ժողովրդին։ Սա իսկական տոնախմբություն է մայիսյան եռատոնից առաջ»։ Գաղտնիք չէ, որ օրվա խորհուրդը փորձում էին յուրովի ընկալել նաեւ երիտասարդները։ «Ես միշտ երազում էի, որ սովորական համերգային ձեւաչափերից մի օր «կտրվենք» եւ իջնենք բեմից, այսպես մեծաքանակ համույթներով եւ խմբերով «գրավենք» հրապարակը, միասնական պար բռնենք։ Երջանիկ եմ, որ այսօր դա մեզ հաջողվեց»,–հուզմունքը չի թաքցնում «Արցախ» ազգագրական համույթի մենակատար Արեւիկ Սարգսյանը։

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *