ԿԱՐԵՎՈՐ
Search
8a78ead9cf621fee6375e6fec8ce8c67-472x265

Հավերժացվում է գիտնականի հիշատակը. Բուհի գրադարանն այսուհետ կրելու է ակադեմիկոսի անունը

Այսուհետ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետհավատարմագրված համալսարանի գրադարանը կկրի հայ գրականության ականավոր դեմքերից մեկի՝ ակադեմիկոս, երջանկահիշատակ Սերգեյ Սարինյանի անունը, ում կյանքն ու գործունեությունն անխզելիորեն կապված են Արցախի, նրա ծննդավայր Խաչեն պատմական գյուղի եւ Արցախում գործող բուհերի հետ։
Հատկապես արցախյան շարժման առաջին իսկ օրերից Հայաստանում բնակվող անվանի շատ մտավորականների թվում նա հաճախ էր այցելում Արցախ եւ ակտիվ մասնակցություն ունենում ազգանպաստ գործընթացներին, աջակցում բուհական ուսուցման նորագույն մեթոդների կիրառմանը եւ գիտական կադրերի պատրաստմանը։
Նրա համար հարազատ օջախ էր դարձել «Գրիգոր Նարեկացի» համալսարանը, ուր ուսանողության համար հաճախ էր հանդես գալիս դասախոսություններով, կրթօջախին մեթոդական անհրաժեշտ օգնություն ցուցաբերում, մասնագիտական արժեքավոր գրքերի նվիրատվությամբ նպաստում հաստատության գրադարանի հարուստ ֆոնդի ապահովմանը։
Ակադեմիկոսի ծննդյան օրը շարժառիթ էր, որպեսզի համալսարանի հարկի տակ հավաքվեն դասախոսներն ու ուսանողները, Արցախի գրական ընտանիքի անդամները, ճանաչված արվեստագետներն ու մայրաքաղաքի մտավորականության երեւելի մյուս ներկայացուցիչները։ Եվ վերապրելով գիտնականի հետ կապված վառ հիշողությունները, ներկաները վերարժեւորեցին նրա վաստակը եւ հարգեցին հիշատակը, ում ներկայությունը, փիլիսոփայական խոր վերլուծություններով ու երեւակայությամբ լեցուն խոսքը շունչ ու ոգի, առանձնակի հմայք էին հաղորդում գիտական, գրական եւ մշակութային միջոցառումներին։
Հիշատակի միջոցառմանը ներկաներին Սարինյանի կյանքը եւ գիտական գործունեությունը ներկայացրել է համալսարանի ավագ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը։ Անդրադառնալով նրա գրաքննադատական հարուստ ժառանգությանը, բանախոսը մասնավորապես ընդգծել է, որ Սերգեյ Սարինյանն իր գործունեության ընթացքում ոչ միայն խորը վերլուծության է ենթարկել հայ դասական գրականությունը, այլեւ մամուլում պարբերաբար հանդես է եկել գրական գործընթացների վերաբերյալ։ «Նրա ընկալմամբ՝ գրականագիտությունը փիլիսոփայական գիտություն է, որին իր աշխատություններում մեթոդաբանական մեկնաբանություն է տվել, համոզիչ փաստարկներով ապացուցել, թե ինչ է գրականության փիլիսոփայությունը»,–նշեց Ա. Գրիգորյանը։
Բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը հպարտությամբ արձանագրեց, որ համալսարանի գրադարանը այսուհետ կրելու է ակադեմիկոս Ս. Սարինյանի անունը։
«Սարինյանը բացառիկ երեւույթ է՝ իր գիտական ու մարդկային հատկանիշներով,–շեշտեց Վ. Հակոբյանը։–Նրա գիտական գործունեությունն առանձնանում է նրանով, որ մշտապես ընտրում էր այնպիսի լրջագույն թեմաներ, որոնց պատասխանները բացառապես ինքը կարող էր բացահայտել։ Նա, որպես անհատականություն, հեռու էր սեթեւեթանքներից, անկողմնակալ եւ անաչառ, սկզբունքների մեջ՝ անհողդողդ»։
Միջոցառմանը ելույթ ունեցողները մասնավորապես անդրադարձան Ս. Սարինյանի «Հայոց գրականության երկու դարը» ստվարածավալ գիտական աշխատությանը, որը նոր երեւույթ է գրականագիտության փիլիսոփայության մեջ։
Վերջում Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռուզան Գասպարյանը կարդաց Վ. Հակոբյանի՝ ակադեմիկոսին նվիրված Ղարաբաղի բարբառով բանաստեղծությունը։

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *