Հարավային Սուդանում կործանված ինքնաթիռը պատկանում է «Տարոն Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին

168.am-ի տեղեկություններով՝ Հարավային Սուդանում՝ Ջուբայի օդանավակայանում, այսօր կործանված «ԱՆ-12» բեռնատար ինքնաթիռը պատկանում է «Տարոն Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին: Ինքնաթիռը, սակայն, գրանցված է ոչ թե Հայաստանում, այլ Տաջիկստանում: Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։
Մեր տեղեկություններով՝ ինքնաթիռի հրամանատարը հայ Գևորգ Թ-ն է եղել: Անձնակազմի մյուս հայ ներկայացուցիչների անունները, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում առայժմ:

2015թ. հուլիսին ato.ru կայքը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշել էր, որ Taron-Avia-ն (անունը ծագում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառից) պատրաստվում է քաղաքացիական կանոնավոր չվերթեր իրականացնել Boeing 737-500 ինքնաթիռներով Ռուսաստանի քաղաքներ:

Պորտալին տված հարցազրույցում ավիաընկերության միակ սեփականատեր և գլխավոր տնօրեն Գառնիկ Պապիկյանը հայտնել էր, որ ընկերությունը նախատեսում է հիմնավորվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ «Հայաստանի մայրաքաղաքից մենք ցանկանում ենք հիմնականում թռչել Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Կրասնոդար, Սոչի, Վոլգոգրադ, Վորոնեժ»,- ասել էր նա:

Պապիկյանն իր ավիաընկերությունը գրանցել է 2007-ին։ Երևանից բացի, նրա ընկերությունը գրասենյակ ունի Արաբական Միացյալ Էմիրություններում, նաև օդային բեռնափոխադրումներ է իրականացնում Աֆրիկայում ԱՆ-12 և ԻԼ-76 ինքնաթիռներով։ «Taron-Avia»-ի պարկն այժմ կազմված է երեք Boeing 737-500 ինքնաթիռներից:

«Taron-Avia»-ի ինքնաթիռները մինչ այս շահագործվել են հայկական ավիաընկերությունների կողմից։ 1994թ. արտադրված մի Boeing ինքնաթիռն այս ընկերությունը 2013թ. ձեռք էր բերել լիզինգով և վարձով էր տվել «Air Armenia»-ին։ «Երբ «Air Armenia»-ն դադարեցրեց թռիչքները, ինքնաթիռները վերադարձրեցինք։ Շուտով լիզինգի ժամկետը կավարտվի, և այն կդառնա մեր սեփականությունը»,- մի առիթով ասել է Գառնիկ Պապիկյանը: Մյուս երկու Boeing-ների առքուվաճառքի գործարքն ավարտվել է վերջերս։ Դրանք նախկինում շահագործվել են 2013-ին սնանկացած «Armavia»-ի կողմից:

ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանը Interfax գործակալությանը հայտնել է, որ Հարավային Սուդանում կործանված AH-12 բեռնատար ինքնաթիռը գրանցված չէ Հայաստանում: «Վթարված ինքնաթիռը հայկական չէ և գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում: Կապ չունի նաև որևէ հայկական ավիաընկերության հետ»,- նշել է նա:

Իսկապես 2014թ. հունվարի 9-ից «Տարոն Ավիա» ընկերությունը դուրս է եկել Հայկական քաղավիացիայի ռեգիստրից, և ներկայումս Տաջիկստանի «Asia Airways» ընկերության հետ է իրականացնում իր թռիչքները: Հարավային Սուդանում կործանված ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռի բորտի համարն է՝ EY 406:

Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ իր գոյության ընթացքում «Տարոն-Ավիան» ունեցել է 10 օդանավ: Ընկերությունը նախկինում շահագործել է թվով 4 «Ան-12», որոնցից մեկն էլ թռչում էր Տաջիկստանում տեղի ընկերության՝ «Asia Airways» շահագործմամբ, իսկ երկուսը ոչնչացված են: Եվս մեկ Իլ-76 ինքնաթիռ էլ շահագործվում է Տաջիկստանում («Khatlon Air»):

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «ԱՆ-12»-ի օդաչուները եղել են հայեր, ովքեր նախկինում աշխատել են Հայկական քաղավիացիայում, սակայն վաղուց համարվում են Տաջիկստանի օդաչուներ (Տաջիկստանի ավիացիայի կողմից տրված վկայականներով):

«Տարոն-Ավիան» իր կայքում շատ սուղ տեղեկություններ է հաղորդում ընկերության մասին: Նշված է, որ այն ստեղծվել է 2007-ին, որի նպատակն է՝ լրացնել ՀՀ ազգային ավիափոխադրողների բացակայությամբ առաջացած բացը, ինչպիսին է ուղևորների և բեռների փոխադրումն ԱՊՀ երկրներ:

Տարբեր տեղեկատու բազաներում, այդուհանդերձ, հնարավոր է գտնել որոշակի ինֆորմացիա այս ընկերության մասին: «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն պետական գրանցում ստացել է 2007-ի օգոստոսին: 100 տոկոսի բաժնետերը Գառնիկ Պապիկյանն է, ով հաշվառված է Գյումրիում: Նա նաև ընկերության տնօրենն է: Հենց վերջինիս բնակարանն էլ գրանցված է՝ որպես ՍՊԸ-ի իրավաբանական հասցե, չնայած ավիաընկերությունը, ըստ ավիացիոն կայքերի, բազավորվում է «Էրեբունի» օդանավակայանում: ՍՊԸ-ն կրում է հիմնադրի որդու անունը:

Ըստ «Տարոն-Ավիայի» կայքի՝ ընկերությունն ունի 3 ինքնաթիռ՝ «Բոինգ 737-500» (EK-73797) և երկու բեռնափոխադրող՝ «Իլ-76ՏԴ» (EK-76021), «Ան-12ԲՊ» (EK-12129):

Սակայն սրանցից «Իլ-76ՏԴ»-ն 2011-ից ի վեր շահագործում է մեկ այլ հայկական ընկերություն՝ Վահրամ Սիմոնյանի «Սկիվա Էյրը», որը բազավորված է ԱՄԷ-ի Շարժա քաղաքում: «Տարոն-Ավիայի» կայքում նշված է, որ այս ինքնաթիռը գտնվում է Շարժայում, բայց չի ասվում, որ այն արդեն այլ համար է կրում՝ EK-76921, որը տրված է «Սկիվա Էյրի» անունով: Իսկ «Ան-12ԲՊ»-ն «Տարոն-Ավիան» շահագործել է 2007-2011 թթ., ներկայում, ըստ տեղեկատուների, կանգնած է: Ընկերության կայքի փոխանցմամբ՝ գտնվում է Շարժայում:

168.am-ին դեռևս չի հաջողվում կապ հաստատել «Տարոն Ավիա» ընկերության և նրա սեփականատեր Գառնիկ Պապիկյանի հետ: Թե ընկերության երևանյան գրասենյակի, և թե Գառնիկ Պապիկյանի հեռախոսահամարներն անհասանելի է:

Աղբյուրը © 168.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *