Հարգանքի տու՞րք, պա՞րտք, թե՞ որդեգրված քաղաքականության շարունակություն

Ֆրանսիան արեց իր քայլը
Ֆրանսիան ապրիլի 24-ը պետական օրացույցում կավելացնի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Նախագահ Էմանուել Մակրոնն էր խոստացել։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին հրավիրված Ֆրանսիայի նախագահը իր ելույթում ասել է, որ առաջիկա շաբաթներին իր խոստումը կյանքի կկոչվի։ Մակրոնը շեշտել է, որ ինքը տեղեկացրել էր որոշման մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին եւ համոզված է, որ ժխտողականության դեմ պայքարում չպետք է ընկրկել։
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը երեւույթը աննախադեպ է համարում։ «Ֆրանսիայի ղեկավարը կատարում է ժողովրդի կամքը։ Սա նշանակում է, որ Ֆրանսիայի ժողովուրդը իր հարգանքի տուրքն է մատուցում 1.5 մլն զոհերի հիշատակին, ամենակարեւոր հանգամանքը ես դա եմ համարում»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց նա։
Իսկ ցեղասպանության օրը Ֆրանսիայում ազգային օր հռչակելու որոշման մասին Թուրքիայի նախագահին տեղեկացնելը Սաֆրաստյանը փոքրիկ ժեստ է համարում՝ մեղմելու որոշման ծանր ազդեցությունը այդ երկրի վրա։ Թեեւ չի կարծում, որ այդ ժեստն իր նպատակին կհասնի. «Կարծում եմ՝ Թուրքիայի կողմից կտրուկ եւ անբարյացակամ, նույնիսկ թշնամական վերաբերմունք կլինի Ֆրանսիայի այդ քայլի նկատմամբ։ Էրդողանի արձագանքը պարզ է՝ իր ոճին համապատասխան վիրավորական արտահայտություններ կանի ե՛ւ Ֆրանսիայի, ե՛ւ Մակրոնի նկատմամբ։ Դա իր ոճն է»։
Ինչպես եւ կանխատեսում էր Ռ. Սաֆրաստյանը, Թուրքիան չի ուշացրել արձագանքը՝ դատապարտելով Ֆրանսիայի նախագահի որոշումը։ «Հայերի, այսպես կոչված, ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ են, չունեն որեւէ իրավական հիմք եւ հակասում են պատմական փաստերին»,–հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը Էրդողանին նախապես տեղեկացնելը դիվանագիտական գործընթաց է համարում։ «Ֆրանսիան ուժեղ պետություն է, գաղտագողի բաներ անելու բարդույթներ չունի։ Դա քաղաքականություն է։ Թուրքիայի իշխանություններին հստակ ցույց են տալիս՝ որոնք են իրենց առաջնահերթությունները։ Դրա համար չեմ զարմանում, որ խոսել են՝ լավ իմանալով, որ Էրդողանը դեմ է լինելու, նաեւ լավ իմանալով, որ Էրդողանի դեմ լինելով հանդերձ այդ քայլին գնալու են»։
Մելիք—Շահնազարյանի դիտարկմամբ, Ֆրանսիան հետեւողական է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում եւ կարծում է, որ այդպիսով այդ երկրի իշխանությունները միանգամից մի քանի քաղաքական խնդիրներ են հետապնդում։ Ըստ նրա, առաջինն արժեքային ուղենիշները ի հայտ դնելն է եւ այդ արժեքային համակարգի միջոցով նաեւ ինչ—որ առումով որոշակի պայքարն է բոլոր ուժերի դեմ, որոնք փորձում են Թուրքիայի ներուժը օգտագործել Ֆրանսիայի շահերի դեմ. «Ֆրանսիան պահանջում է ճանաչել ցեղասպանությունը, կիսել նույն արժեքները, որոնք ֆրանսիացի ժողովուրդն է կիսում, կամ քաղաքակիթ Եվրոպան, հետո միայն հավակնել իրենց հետ մի ընտանիքում լինել»։ Իսկ որպես հաջորդ խնդիր քաղաքագետը նշում է Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ հարաբերությունները։ Ասում է՝ դրանք բավական ազդեցիկ են, եւ Ֆրանսիայի իշխանությունները ֆրանսաբնակ հայերին մշտապես փորձել են որպես դաշնակից ունենալ իրենց ներքաղաքական գործընթացներում։ «Կարծում եմ՝ սա վաղուց որդեգրված քաղաքականության շարունակությունն է»,—նկատեց Մելիք—Շահնազարյանը։
Իսկ քաղաքագետ Լեւոն Շիրինյանը հիշատակի ազգային օրվա հռչակումը դիտարկում է որպես Ֆրանսիայի համար ֆրանսահայության ծառայության դիմաց փոխհատուցում։ Ասում է՝ պարտքն են տալիս, այն էլ ոչ ամբողջությամբ։ Պատմական ակնարկ կատարելով՝ մի քանի փաստ է մեջբերում. «Հայերը Ֆրանսիայի պատմության մեջ բացառիկ դեր են խաղացել, մասնավորապես Առաջին համաշխարհային պատերազմից հետո, ցեղասպանությունից անմիջապես հետո Ֆրանսիայի տնտեսական եւ մշակութային վերականգնման գործում, ու դրանից գլխավորը՝ 1918թ. Փարիզի պաշտպանության գործում գերմանական վերջին ներխուժման սպառնալիքի տակ հայ զինական ուժը բացառիկ դեր է խաղացել»։ Իսկ այդ ամենի համապատկերում նշում է ֆրանսիացիների կողմից Կիլիկիան թուրքերին հանձնելու փաստը։
Շիրինյանը մի բան էլ է նկատում՝ Ֆրանսիայի էլիտայում հայկական ծագումով ներկայացուցիչներ կան, որոնք բացառիկ դեր ունեն Ֆրանսիայի կյանքի կազմակերպման գործում։
Բայց, ընդհանուր առմամբ, օրվա հռչակումը նա դրական է գնահատում։ Միայն թե նշում է, որ չպետք է ոգեւորվենք, մինչեւ արդյունքը չտեսնենք։ Նմանօրինակ քայլերը, այսպես ասած, շոյանք է համարում, բարոյական մի բան. «Համբերենք, տեսնենք՝ ինչ կլինի»։

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *