Հարված թիկունքից. Պուտինը մեկնաբանել է Սիրիայում ռուսական Սու-24-ի վրա հարձակումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի վրա հարձակումը «թիկունքից հարված» է անվանել: РИА Новости-ի փոխանցմամբ `Պուտինի խոսքով՝ ռուսական կործանիչի հետ կապված միջադեպը դուրս է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներից, գրում է Արցախպրեսը։ «Ռուս օդաչուները և ինքնաթիռը ոչ մի կերպ չեն սպառնում Թուրքիային, դա ակնհայտ է»,- ասել է Պուտինը: Նա նաև հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի վրա հարձակումը եղել է Թուրքիայի հետ սահմանից 1 կիլոմետր հեռավորության վրա, իսկ ինքնաթիռն ընկել է 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը Թուրքիային միշտ վերաբերել է որպես բարեկամական պետության։ «Մենք կուսումնասիրենք ամենը, ինչ տեղի է ունեցել, և ողբերգությունը կունենա լուրջ հետևանքներ, այդ թվում՝ և ռուս-թուրքական հարաբերությունների համար: Մենք միշտ վերաբերել ենք Թուրքիային որպես բարեկամական պետության: Չգիտեմ՝ ում էր պետք այն, ինչ արվել է այսօր, բայց ամեն դեպքում՝ ոչ մեզ»,- ասել է Պուտինը։ Պուտինը հավելել է, որ Թուրքիան հարված է հասցրել ՌԴ ինքնաթիռին՝ չնայած նրան, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ նման միջադեպերի կանխման մասին համաձայնագիր է կնքել:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *